ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 27 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան ընկերությունը պնդում է, որ երկրի արհեստական արբանյակի կողմից արված լուսանկարներն ապացուցում են բիբլիական Նոյյան տապանի առկայությունը Արարատ լեռան վրա։ Այս սենսացիոն հայտարարությունը, տարածված մամլո տեղեկագրի համաձայն, պատկանում է Դենիել Մակրիվեռնինՙ «Տրինիտի քորպորեյշն» ընկերության նախագահին, ընկերություն, որը երկար տարիներ զբաղվում էր Նոյյան տապանի որոնմամբ։ Իսկ լուսանկարները, որոնց հիման վրա արվել է այդ հայտարարությունը, արվել են «Դիջիթալ գլոբ» ընկերության «Քվիք բերդ-2» առեւտրային արբանյակի կողմից։
Ինչպես պնդվում է, արբանյակից ստացված լուսանկարները արձանագրել են ակնհայտորեն ձեռագործ շինվածք, որն ունի մոտավորապես 13,5 մետր բարձրություն, 22,5 մետր լայնություն եւ 135 մետր երկարություն։ Մասնագետների կարծիքով, այդ շինվածքը հայտնաբերելուն օգնել է անցյալ ամռանը Եվրոպայում հաստատված աննախադեպ շոգ եղանակը, երբ տաք օդի հոսանքները հանգեցրին Արարատ լեռան սառույցների ու ձյան հալչելուն։ Դրա հետեւանքով առեղծվածային շինվածքը շատ ավելի պարզ տեսանելի է դարձել։
Այժմ կազմակերպվում է տասը հետազոտողներից բաղկացած ամերիկա-թուրքական համատեղ արշավախումբ, որը հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում պետք է բարձրանա լեռը եւ տեղում ուսումնասիրի հանելուկային օբյեկտը։ Ըստ որոշ հաղորդումների, հետազոտողները կկատարեն լուսանկարում եւ չափումներ, այլ հաղորդումների համաձայն, նրանք նմուշներ կհավաքեն հետագա լաբորատոր հետազոտությունների համար։
Այսպես կոչված «արարատյան անոմալիաների» մասին առաջին հաղորդումները վերաբերում են 1949 թվականին, երբ օդալուսանկարահանման ընթացքում հայտնաբերվեց առեղծվածային օբյեկտը։