«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2004-04-24 | #75, 2004-04-27 | #76, 2004-04-28


ՀԱՂԹՈՂԻՆ ԿԱՆՎԱՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ

Դուբայում ավարտին է մոտենում շախմատի «Շեյխի գավաթի» 6-րդ մրցաշարը։ Վերջնագծից մեկ տուր առաջ բավական լարված իրավիճակ է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում։ Այնպես որ, հաղթողին կանվանի ավարտական տուրը։

8-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող Արտաշես Մինասյանը ոչ-ոքի խաղաց ռումինացի Նիսիպիանու հետ։ Մինասյանը վաստակեց 6 միավոր եւ 2-10-րդ տեղերն է բաժանում Շահրիատ Մամեդյարովի, Կրիշնա Սասիկիրանի, Մագնուս Կառլսենի, Եվգենի Վլադիմիրովի, Հարիկրիշնայի, Վիորել Յորդակեսկուի, Ալեքսանդր Գոլոշչապովի եւ Եվգենի Միրոշնիչենկոյի հետ։ Իսկ առաջատարը 6,5 միավորով Պավել Էլյանովն է։ 8-րդ տուրում նա միավորը կիսեց Սասիկիրանի հետ։ Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Գոլոշչապով-Մամեդյարով, Յորդակեսկու-Հարիկրիշնա, Ֆյոդորով-Կառլսեն պարտիաները։

Մեր մյուս գրոսմայստերները եւս խաղաղ դաշն կնքեցին մրցակիցների հետ։ Անաստասյանը միավորը կիսեց Կոնստանտին Խանավայի հետ մրցավեճում, իսկ Ասրյանը հաշտություն կնքեց Սրջիան Սալեի հետ պարտիայում։ Նրանք երկուսն էլ վաստակել են 4,5-ական միավոր։

Ավարտական տուրում Պավել Էլյանովը սեւերով խաղալու է Շահրիատ Մամեդյարովի հետ։ Արտաշես Մինասյանը եւս սեւ խաղաքարերով կմրցի Եվգենի Վլադիմիրովի հետ։ Թեեւ Անաստասյանն ու Ասրյանը մրցանակային տեղերի չեն հավակնում, սակայն նրանց համար էլ վերջին մրցախաղերը վճռորոշ նշանակություն ունեն, քանի որ առաջին 20 տեղերը զբաղեցրած շախմատիստներին սպասում են դրամական մրցանակներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4