«Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» Վալանսում անցկացված խորհրդաժողովի վերաբերյալ «Ազգում» ապրիլի 29-ին հրապարակված Համո Մոսկոֆյանի նյութի կապակցությամբ խմբագրությունն էլեկտրոնային փոստով ստացել է Վալանսի (Ֆրանսիա) «Արմենիա» մշակութային միության նախագահ, լրագրող Գրիգոր Ամիրզայանի հետեւյալ նամակը.
«Վալանսում անցկացված եվրոպահայերի համաժողովը, որի մասին «Ազգում» այսօր պատմում է Համո Մոսկոֆյանը, տեղի է ունեցել ոչ այնպես, ինչպես նա է ներկայացնում։ Դա կեղծ համաժողով էր, Թորոս Սակերյանի եւ Համո Մոսկոֆյանի ձեռնարկման իսկական ձախողում. դրա մասնակիցների թիվը չէր անցնում 60-ից։
Համո Մոսկոֆյանը եւ Թորոս Սակերյանը, որոնք Վալանսի այդ համաժողովի հրավերներն ուղարկել էին «Արմենիա» միության հետ (որի նախագահն եմ ես) եւ որին խնդրել էին հարել «Եվրոպայի հայկական միությունների ֆորումին», ի վերջո փոխեցին իրենց տեսակետըՙ հընթացս միանալով ուրիշ միությունների։
Ֆրանսահայ բազմաթիվ հայտնի գործիչներ հրավեր չէին ստացել։ Հ. Մոսկոֆյանը միայն զանգահարել էր նրանց։ Այդ համաժողովը միանգամայն ծիծաղելի էր, քանզի կազմակերպիչները շատ վատ էին պատրաստվել։ Ֆրանսիայի Ապրիլի 24-ի հանձնախմբի նախագահ Արա Թորանյանը, որը ներկա էր Վալանսում, նույնիսկ ձայնի իրավունք չստացավ... Դա իրոք կեղծ համաժողով էր, որը հարկավոր է մոռանալ...»։