Հայկական կերպարվեստի երկրպագուներին գրեթե ծանոթ չէ Ասիլվա անունը, սակայն պարզվում է, որ Փարիզում ապրում եւ ստեղծագործում է այդ անունով մեր հայրենակցուհին, որն այս օրերին գտնվում է մայր հայրենիքում իսկ սեպտեմբերի 1-10-ն իր անհատական ցուցահանդեսն է բացելու Հայաստանի նկարչի տանը։
Նկարչուհին ծնվել է Կ. Պոլսում, որտեղ, իսկ հետագայում Իտալիայում մասնագիտական կրթություն է ստացել, ըստ որում իր աշխատանքի համար թուրքական մրցանակ է ստացել (մի բան, որ հազվադեպ է պատահում հայի նկատմամբ այդ երկրում), իսկ Ֆլորենցիայում նրա արձանիկներից մեկը ներկայացվել է ոչ ավելի, ոչ պակաս... Միքելանջելոյի աշխատանքի հարեւանությամբ։
Ասիլվան արդիական նկարչության հետեւորդ է, բայց եթե հարկ է լինում, անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը կամ ստեղծում Սերգեյ Փարաջանովի հավաքական կերպարը։ Նրա վերացական գործերում անգամ զգացվում է հայկական շունչը։
«Մոտ շրջանում գնալու եմ Ճապոնիա, որտեղ ցուցահանդես պիտի անեմ, ասում է նկարչուհին։ Ու ներկայացնեմ հայ լինելու էությունս»։
Այդպես նա աշխարհե աշխարհ է շրջելՙ Եվրոպա, Ասիա, Ամերիկա, այլուր, որտեղ մամուլը, մասնագետները ըստ արժանվույն են գնահատել նրա աշխատանքները, հավաքորդները ձեռք բերել դրանք։
Նկարչուհին երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ Առաջին այցելության ժամանակ ծանոթություններ է ստեղծել, ներկայացել հեռուստատեսությամբ։ «Հիմա արդեն վստահ եմ, որ կարող եմ գործերս ցուցադրել։ Նաեւ պայմանավորվածություն ունեմ, որ ցուցահանդեսս այնուհետեւ տանեմ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք», ասում է Ասիլվան։
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, Արմենպրեսի թղթակից «Ազգի» համար