Լույս է տեսել «Քեսապ» մատենաշարի վերջին հատորը
Այս տարվա գարնան առաջին օրերին Հալեպում, Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Արեւելք» տպարանից լույս է տեսել «Քեսապ» մատենաշարի երրորդ եւ վերջին հատորը։ Ա-4 չափի 672 ծավալով գիրքը հրատարակել է «Ամերիկաբնակ քեսապցիներու ուսումնասիրաց միութիւնը»։
Մատենաշարի հեղինակն է հալեպաբնակ վաստակաշատ մանկավարժ, գրականագետ, ազգագրագետ ու բանահավաք, բանասիրական գիտությունների մագիստրոս եւ պատմական գիտությունների թեկնածու, Քեսապի Կարադուրան գյուղի ծնունդ Հակոբ Չոլաքյանը։ Նրա հեղինակած ու հրատարակված ավելի քան 20 անուն աշխատությունների շարքում, բացի «Քեսապ» կոթողային մատենաշարի երեք հատորներից, տեղ են գտել նաեւ «Քեսապի ժողովրդական երգարուեստը» (Հալեպ, 1980, 121 էջ) եւ «Քեսապի բարբառը» (Հալեպ, 1986, 370 էջ) աշխատությունները։
Նկատելի է մի շատ հետաքրքրական երեւույթ։ Վերջին տասնամյակում չի եղել մի տարի, որի ընթացքում լույս տեսած չլինի Քեսապի պատմությանը, ազգագրությանն ու բանահյուսությանը առնչվող պատմաբանասիրական կամ գեղարվեստական առնվազն մեկ հրատարակություն։ Այս հետաքրքրությունն ընդգրկել է ոչ միայն քեսապցի հայերին մասնավորապես ու հայերին ընդհանրապես, այլեւ օտարներին. վկաՙ սիրիացի արաբ գրող Հաննա Մինայի «Կեռաս բերան» վեպը։ Այսուհանդերձ, Քեսապի վերաբերյալ Հակոբ Չոլաքյանի իրարահաջորդ հատորները թագն ու պսակը կկազմեն Քեսապին նվիրված այդ հրատարակությունների, մանավանդ որ Չոլաքյանի աշխատությունները բացառապես գիտական ուսումնասիրություններ են։
«Քեսապ» մատենաշարի երրորդ հատորը տարբեր հեղինակների ու փաստաթղթերի ժողովածու է։ Այդ նյութերը տքնաջան փնտրտուքից հետո գտել, կազմել, խմբագրել, ծանոթագրել ու գիտական բարեխիղճ աշխատասիրությամբ լույս աշխարհ է բերել Հակոբ Չոլաքյանը։
Հատորն սկսվում է հեղինակի «Ներածությունով» (էջ 3-10), ուր Չոլաքյանը տալիս է 1950-ականներից սկսած Քեսապին նվիրված հրատարակությունների տեսությունը, արժեւորում դրանք, թվարկում «Քեսապ» մատենաշարի աշխատանքներում իրեն օժանդակողներին, համառոտ ներկայացնում երրորդ հատորի նյութերը։
Հատորի հիմնական ծավալը բաղկացած է չորս մասերիցՙ տարբեր հեղինակների ուսումնասիրություններ կամ հուշագրություններ, փաստաթղթեր, վկայություններ, հավելված։ Կազմողը ներկայացնում է տվյալ հեղինակի կենսագրությունը, նյութի հեղինակման ու հայտնաբերման պատմությունը, տեղեկություններ տալիս այդ ձեռագրերի մասին, որոնք Քեսապի պատմությունը, ազգագրությունն ու բանահյուսությունն ուսումնասիրողների համար սկզբնաղբյուրի արժեք ունեն։
Առաջին նյութը Քեսապի շրջանի ՀՅԴ ղեկավար, բժիշկ Ավետիս Ինջեջիկյանի (1884-1976) «Քեսապ եւ իր բարբառը» պայմանական վերնագրով ուսումնասիրությունն է (էջ 11-180)։ Այստեղ ներկայացվել են Քեսապի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ 1940-ական թթ., շրջանի դպրոցների, հարանվանությունների ու եկեղեցիների պատմությունները, տոհմերը, բարբառը։ Վերջին բաժնում հատկապես կարեւոր է բարբառային բառերի բառարանը (էջ 137-178)։ Երկրորդ նյութը Քեսապի շրջանի Բաղջաղազ գյուղացի Մարիամ Սարամազյան-Չյութիքյանի «Ինքնակենսագրությունն» է (էջ 181-230)ՙ գրված Դետրոյթում (ԱՄՆ), 1948 թ., հայատառ թուրքերենով, որը հայերենի է վերածել Չոլաքյանը։ Այս նյութի մեջ հույժ կարեւոր են հեղինակ-ականատեսի վկայությունները 1909-ի աղետից եւ Մեծ եղեռնից սիրիական անապատներում։ Երրորդըՙ Սիմոն (հետագայումՙ Տեր Հուսիկ քահանա) Արանյանի Քեսապի եւ շրջակա 1920 թ. մարդահամարն է (էջ 231-292)։ Սա հույժ կարեւոր աղյուսակ է եւ առատ նյութ է մատակարարում շրջանի հայոց անձնանունները, տոհմագրությունը, ընտանիքի կազմը, արհեստները, քաղաքացիական վիճակն ու պանդխտության երեւույթն ուսումնասիրողների համար։ Այս սկզբնաղբյուրը կարեւոր է եւս մեկ տեսակետից. նրա տվյալները համեմատելով 1911 թ. Մովսես վրդ. Ոսկերիչյանի կատարած մարդահամարի տվյալների հետ (վերջիններս լույս են տեսել մատենաշարի առաջին գրքում), կարելի է մոտավոր պատկերացում կազմել Մեծ եղեռնի տարիներին քեսապցիների կրած մարդկային կորուստների մասին։ Չորրորդ նյութը քեսապցի հայրենադարձ Մաղաքիա Պապուճյանի «Քեսապը Հայաստանում» հուշագրությունն է (էջ 293-362)ՙ գրված 1991 թ. Էջմիածնում։ Այստեղ եւս կան նյութեր 1909 եւ 1915 թթ. աղետների մասին, առածներ ու ասացվածքներ բարբառով, հատկապես կարեւոր են ներգաղթի նկարագրությունը եւ հայրենադարձ քեսապցիների տեղաբաշխումը Խորհրդային Հայաստանում։
Հատորի «փաստաթղթեր» մասը եւս բովանդակում է չորս նյութՙ «1909-ի աղէտը» (էջ 365-392), «1919-1922 թուականներու դէպքերուն մասին» (էջ 393-410, ֆրանսիական եւ հայկական արխիվային տպված ու անտիպ փաստաթղթեր), «Ազգայնական շարժումը հայ աւետարանական համայնքին մէջ» (էջ 411-461), «Մայր համայնքի թեմական նիւթեր» (էջ 462-486)։
Երրորդ մասըՙ «Վկայութիւններ» խորագրին տակ (էջ 487-527) ներկայացնում է տարբեր մարդկանց հուշերը տարագրության, Քեսապի ներքին կյանքի եւ շրջանի 1939 թ. Սիրիային կցվելու մասին։
Չորրորդ մասը «Հավելվածն» է (էջ 529-558), ուր տեղ են գտել հեղինակի նախորդ հրատարակություններում լույս չտեսած բանահյուսական զանազան նյութեր, մասնավորաբարՙ երգեր (ձայնագրել է Ժիրայր Րեիսյանը)։
Ավարտին բերվել են «Քեսապ» մատենաշարի երեք հատորներում հիշատակված անձնանունների եւ տեղանունների ցանկերը, օգտագործված աղբյուրների եւ գրականության ցանկը։
Հատորի ամենավերջում տեղ է գտել «համայնապատկերներու, հին տուներու, աշխատանքի տեսակներու, տարազներու, դպրոցներու, միութիւններու եւ հայրենադարձ քեսապցիներու» լուսանկարների ալբոմը (էջ 609-670), որը եւս հսկայական տեղեկություն է փոխանցում շրջանի պատմության ու ազգագրության մասին։ Դրանցից չափազանց հետաքրքրական է Ազգ. Սահակյան վարժարանի մանկապարտեզի 1934-35 տարեդարձի խմբանկարը (էջ 634), ուր երեւում է նաեւ երեք տարեկան Նշան Սարգիսյանըՙ կաթողիկոսական երկու աթոռների ապագա գահակալը։
Գրքում տեղ են գտել նաեւ բազմաթիվ լուսանկարներ, փաստաթղթերի պատճեններ եւ այլն։
«Քեսապ» մատենաշարի վկայություններից է այն, որ 1995 թ. տպագրված առաջին հատորը վաղուց է սպառվել, եւ խիստ անհրաժեշտություն է դարձել նրա վերահրատարակությունը։
Հոգնել չիմացող Հակոբ Չոլաքյանը մտադիր է շուտով տպագրել իր թեկնածուական ատենախոսությունըՙ «Անտիոքի մերձակա Ռուճի հովտի հայերը»ՙ նրան կցելով Ալեւիների լեռներում ծվարած Արամո եւ Ղնեմիե հայկական գյուղերի մասին իր ուսումնասիրությունը, որով հայագիտության համար հիմնականում կսպառվի հյուսիսարեւմտյան Սիրիայի հայկական չորս կղզեխմբերի համապարփակ ուսումնասիրությունը։
Մեր կարծիքով, հայրենադարձ քեսապցիներն ու նրանց սերունդները պետք է արթնանան իրենց թմբիրից եւ կազմավորվելով փորձեն փրկել բնօրրանից իրենց բերած հոգեւոր հարստությունները ու դրանք պահ տալ եկող սերունդներին, այնպես, ինչպես 1968 թ.-ից առ այսօր արել ու անում է Հակոբ Չոլաքյանը։
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ