ԿԲ խորհուրդը, մայիսի 4-ի նիստում կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքըՙ տարեկան 6 տոկոս, տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքըՙ 20 տոկոս, իսկ ներգրավվող ավանդների տոկոսադրույքըՙ 1 տոկոս։
Խորհուրդը հաստատեց «Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի լուծարման դեպքում ուժը կորցրած ճանաչված բանկային գործունեության լիցենզիան ՀՀ կենտրոնական բանկ վերադարձնելու» կարգը եւ «ՀՀ ԿԲ կողմից իրականացվող արտարժույթի եւ թանկարժեք մետաղների առք ու վաճառքի գործառնությունների հաշվապահական հաշվառման» կարգը (նոր խմբագրությամբ)։
Խորհրդի որոշմամբ փոփոխություններ կատարվեցին «ՀՀ ԿԲ հաշվապահական հաշվառման հաշիվների պլանում», «Բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում եւ «ՀՀ ԿԲ կողմից ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման» կարգում։
ԿԲ խորհուրդը համաձայնություն տվեց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Սիսիան-Ագրո» եւ «Աշտարակ-Ագրո» մասնաճյուղերի գործունեությունների դադարեցմանը, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Մեղրի» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությանըՙ ք. Մեղրի, Գործարանային փողոց, թիվ 1 հասցեով, եւ «Անելիք բանկ» ՍՊԸ-ի Աբովյանի մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությանըՙ ք. Աբովյան, Օգոստոսի 23 փողոց, թիվ 4 հասցեով։
ԿԲ խորհրդի որոշմամբ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ տրամադրվեցին «Բուժարտ» ՍՊԸ-ին, անհատ ձեռնարկատերեր Վալերիկ Աբրահամյանին, Արսեն Յազիչյանին, Թորգոմ Ղարիբյանին, իսկ «Ստոքսբրոք» ՍՊԸ-ին այլ վայրում եւս արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ տրամադրվեցին։ ԿԲ խորհուրդն ուժը կորցրած ճանաչեց արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 307, 398, 409, 499 լիցենզիաները։
Խորհուրդը որոշեց հրատարակել «ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2004 թ. մարտ ամսվա համարը եւ ՀՀ ԿԲ 2003 թ. տարեկան վիճակագրական տեղեկագիրը։
ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է ապրիլի 2-15-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակի եւ ֆինանսական շուկայի միտումների նկարագիրը։
Մակրոտնտեսական իրավիճակ. Ըստ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, մարտի 30-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 1.3% սղաճ։
Ապրիլի 2-15-ն ընկած ժամանակահատվածում բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են մոտ 576 մլն դրամ։
Դրամավարկային քաղաքականություն. Ապրիլի 2-15-ն ընկած ժամանակահատվածում փողի բազան, ընդհանուր առմամբ մնալով ծրագրային շրջանակներում, աճել է 188 մլն դրամովՙ կազմելով 102 մլրդ 627 մլն դրամ։ Փողի բազայի աճն ուղեկցվել է ԶԱԱ-ի 2 մլրդ 677 մլն դրամ նվազումով եւ ԶՆԱ-ի 2 մլրդ 865 մլն դրամ աճով։
Կառավարության պարտավորությունների ցուցանիշը շեղվել է ծրագրային ցուցանիշից 553 մլն դրամովՙ պայմանավորված պետբյուջեի կողմից 553 մլն դրամ ավել ծախսմամբ։
Բանկային համակարգի ավելցուկային իրացվելիության մի մասը ԿԲ-ում ներդրվել է որպես ավանդ, իսկ 2 մլրդ 459 մլն դրամ ԿԲ-ն ներքաշել է արժութային սվոփի տեսքով, որը եւ հանգեցրել է ԶԱԱ-ի նվազմանը։ Բանկերի պարտավորություններն աճել են 301 մլն դրամովՙ երկշաբաթվա վերջում կազմելով 3 մլրդ 558 մլն դրամ։
Ապրիլի 9-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածը (առանց կուտակված տոկոսների) նվազել է 1 մլրդ 291 մլն դրամով եւ կազմել 225 մլրդ 218 մլն դրամ։ Շրջանառության մեջ եղած կանխիկն աճել է 998 մլն դրամով, իսկ ավանդները նվազել են 2 մլրդ 289 մլն դրամով։ Ցպահանջ արտարժութային ավանդները նվազել են 2 մլրդ 488 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ 392 մլն դրամով։ Ժամկետային արտարժութային ավանդներն աճել են 918 մլն դրամով եւ կազմել 52 մլրդ 749 մլն դրամ։ Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածն աճել է 279 մլն դրամով եւ ապրիլի 9-ին կազմել 121 մլրդ 167 մլն դրամ։
Ֆինանսական շուկայի միտումներ. Նշված ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 16,965 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 13,900 մլն դրամ։
Հաշվետու ժամանակահատվածում ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները։
Ներքին արժութային շուկա. ԿԲ կողմից վաճառվել է 196 հազ. ԱՄՆ դոլարՙ 561.40 դրամ փոխարժեքով։ Միաժամանակ իրականացվել է 4 մլն 400 հազ. ԱՄՆ դոլարի արժութային սվոփ։
Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 64 մլն ԱՄՆ դոլար, որից 35 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 29 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 559.20 եւ 560.66 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեքավորվել է 0.43%-ովՙ 560.93 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 558.54 դրամի։
ՊՊ առաջնային շուկա. Տեղի է ունեցել ՊՊ-երի 2 թողարկում, տեղաբաշխվել են 52-շաբաթյա եւ 60-ամսյա պարտատոմսերՙ 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ 52-շաբաթյա ՊԿՊ-երի նկատմամբ պահանջարկը կազմել է 1 մլրդ 95 մլն դրամ (219%) եւ ձեւավորվել է 5.84% եկամտաբերություն։ 60-ամսյա ՊՊ-երի նկատմամբ պահանջարկը կազմել է 5 մլրդ 33 մլն դրամ եւ ձեւավորվել է 9.66% եկամտաբերություն։
ՊՊ երկրորդային շուկա. Իրականացվել է 1 մլրդ 786 մլն դրամի գործարքՙ 8.29% միջին կշռված եկամտաբերությամբ։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 343 մլն դրամի գործարքՙ 5.19%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 443 մլն դրամի գործարքՙ 9.03%-ով։
Միջբանկային ռեպո գործառնություններ. Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 5 մլրդ 897 մլն դրամՙ 4.04% միջին կշռված տոկոսադրույքով։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 2 մլրդ 345 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 4.31%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 3 մլրդ 552 մլն դրամ ծավալով գործարքՙ 3.86%-ով։
Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում. Ապրիլի 16-30-ն ընկած ժամանակահատվածում փողի բազայի վերին սահմանը կկազմի 103 մլրդ 300 մլն դրամ։
Ըստ ծրագրավորման, կիրականացվի 151 մլն դրամի արտաքին պարտքի տոկոսագումարի, մոտ 200 մլն դրամի անդամակցության գումարների վճարում։ Նշված ժամանակահատվածում ակնկալվում է նաեւ 6 մլրդ 469 մլն դրամի արտաքին պարտքի վճարում (ակնկալվում է իրականացնել վաղաժամկետ մարում Եվրամիության տրամադրած վարկի գծովՙ 7 մլն եվրո գումարի չափով, ինչպես նաեւ 2 մլն 925 հազ. ԱՄՆ դոլար գումարի չափով վարկի մարում), սպասվում է 1 մլն 500 հազ. եվրո դրամաշնորհի ստացում (FSP- պարենային ապահովման ծրագրի շրջանակներում)։ Վերոհիշյալ հոսքերը կհանգեցնեն ԶԱԱ-ի ցուցանիշի 4 մլրդ 750 մլն դրամի նվազմանը։
Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը, ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բյուջետային հարցերի հանձնաժողովի տվյալների, վերոհիշյալ արտաքին պարտքի վճարումների դեպքում կաճեն 3 մլրդ 320 մլն դրամովՙ պայմանավորված կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի համանման գումարի նվազմամբ։ Բանկերի պարտավորությունները կաճի 1 մլրդ 646 մլն դրամովՙ ի հաշիվ 1 մլրդ դրամի ավանդի զուտ մարման եւ 646 մլն դրամի արժութային սվոփի մարման։ Միաժամանակ երկշաբաթում նախատեսվում է զուտ այլ ակտիվների 1 մլրդ 40 մլն դրամի նվազում։ Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 3 մլրդ 926 մլն դրամի աճի։
Հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում առկա միտումներըՙ ԿԲ խորհուրդը որոշեց տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ բանկերից ներգրավված ավանդների համար 1%, ռեպո համաձայնագրերի համար 6%, լոմբարդային վարկերի համարՙ 20%։
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն