Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովիՙ Հայաստանին վերաբերող զեկույցի մասին իր կարծիքը հայտնելով, երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ բովանդակային առումով մեծ խնդիրներ չի տեսնում։ Նկարագրային մասում, նրա կարծիքով, կան լուրջ անճշտություններ կապված իրադարձությունների փաստագրության հետ։ Այս առնչությամբ Հայաստանի իշխանությունները մի քանի օրում կներկայացնեն իրենց պատասխանը, իսկ ընդհանրապես զեկույցի մասին գրավոր կարծիքը կներկայացվի հունիսին։ «Մենք եւս ունենք կարծիք այդ կազմակերպության մեջ եւ այն պաշտպանելու մտադրություն։ Պետք չէ Եվրախորհուրդը դիտել որպես մի պոլիտբյուրո, որտեղ որոշում էին կայացնում եւ պարտադրում։ Դա մի կազմակերպություն է, որի անդամը նաեւ մենք ենք», նշեց նախագահը։ Իսկ իրավիճակը սրելու ընդդիմության փորձերը նա համարեց անպատասխանատվություն, քանի որ դա հարվածում է մեր բոլորի գրպանին։ Ռոբերտ Քոչարյանը խորհուրդ տվեց «չարությամբ համակված այդ մարդկանց» ավելի ակտիվ ներգրավվել Երեւանի մշակութային կյանքում, որպեսզի ազատվեն այդ չարությունից։ Դա, ըստ նախագահի, ավելի շատ օգտակար կլինի նախեւառաջ նրանց համար։
Ա. Մ.