«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2004-05-06 | #83, 2004-05-07 | #84, 2004-05-08


12 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ՇՈՒՇԻՆ

Հայկական ոգու հաղթանակը այլոց մեկնաբանություններով

1992 թ. մայիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները ձեռնամուխ եղան Շուշիի ազատագրմանը, որը ղեկավարում էր Արկադի Տեր-Թադեւոսյանը։ Նախօրեին հայ ազատամարտիկները վերահսկողության տակ էին վերցրել Շուշի-Լաչին մայրուղին։ Մայիսի 8-ի կեսօրին ամրոց-բերդաքաղաքի պաշտպանությունը ճեղքվեց հյուսիսից եւ արեւելքից։ Երեկոյան դեմ, փողոցային մարտերից հետո մերոնք վերահսկողության տակ առան քաղաքի կենտրոնական թաղամասը։ Մայիսի 9-ին հայ ազատամարտի դրոշը ծածանվեց երբեմնի հայ մշակույթի դարբնոց Շուշիում։

Որեւէ կերպ կասկածի տակ չդնելով հայկական ոգու եւ զենքի հաղթանակը, «Ազգն» այս փառավոր հաղթանակի 12-րդ տարեդարձի առիթով Շուշիի հաղթանակի մեկնաբանությունները տալիս է այլ տեսանկյունից։ Մեզ համար Շուշին հաղթանակ է, հակառակորդի եւ նրանց կողմից կռվող այլազգի վարձկանների համարՙ խայտառակ պարտություն։ Եվ ուրեմն, ինչո՞ւ ընկավ Շուշին, այս անգամ թող բացատրեն ուրիշները։

2000 թ. գարնանը Չեչնիայի լեռներում դաշտային հրամանատար Շամիլ Բասաեւը Բաքվի ANS հեռուստաընկերության լրագրողներին պատմում է, թե ինչու ընկավ Շուշին։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին Բասաեւն ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի դեմ մարտնչող մի քանի հազար վարձկաններից մեկն էր եւ վերջիններից էր Շուշիից փախուստի դիմող մարտիկների մեջ։

«Շուշին պարզապես լքվեց։ Մոտ 700 հայեր սկսեցին հարձակումը եւ դա ուղղակի ցուցադրական բան էր։ Հարյուր մարդը բավարար էր, որպեսզի քաղաքը պահեինք առնվազն մեկ տարի, հատկապես հաշվի առնելով Շուշիի ռազմավարական դիրքը, ուժեղ զորամիավորումներն ու զենքի հսկայական պաշարները։ Չկար կազմակերպվածություն. այսօր կարող ենք ասելՙ դո՛ւ վաճառեցիր, դո՛ւ հանձնեցիր, դո՛ւ դավաճանեցիր։ Այս ամենը խոսակցություն է։ Չկար միասնական ղեկավարում, որեւէ մեկը որեւէ բանի համար պատասխանատու չէր», ասել է Բասաեւը։

Շուշիի ազատագրումից հետո անցնող 12 տարիներին ադրբեջանական մամուլում տպագրվել են հարյուրավոր հոդվածներ, թե ինչու իրենք կորցրին քաղաքը։ Ռազմական, պետական, քաղաքական գործիչներից յուրաքանչյուրը Շուշիի պարտությունը փորձում է համապատասխանեցնել իր քաղաքական օրակարգին, մեղադրել դիմացինին, դավաճանություն որակելով երրորդի, ասենք, պաշտպանության այն ժամանակվա նախարար, այժմ բանտարկված Ռահիմ Ղազիեւի անփութությունը։

Այազ Մութալիբովը, որը մեկ ամսումՙ 1992 թ., երկու անգամ կորցրեց նախագահի աթոռը, մայիսի 14-ին խորհրդարանի արտակարգ նիստում նշեց, որ Շուշին կորսվել է քաղաքական վրիպումների հետեւանքով, եւ եթե Բաքուն ռազմական հարցերով առճակատման մեջ չլիներ Մոսկվայի հետ, հայերը չէին կարող գրավել Շուշին։

Ադրբեջանի դաշնակից Թուրքիան բավականաչափ կրավորական դիրք բռնեց Շուշիի ազատագրման ժամանակ։ Վարչապետ Սուլեյման Դեմիրելը, որ այդ օրերին շրջում էր Միջին Ասիայի հանրապետություններում, դատապարտեց հայկական կազմավորումների գործողությունները, նշելով, որ ոչ մի հարց չի կարելի լուծել ուժային մեթոդներով։ Մյուս կողմից, Դեմիրելը հավաստիացրեց, որ Թուրքիան չի միջամտի ղարաբաղյան հակամարտությանը։

Մայիսի 7-ինՙ Շուշիի ազատագրումից առաջ Իրանի միջնորդությամբ Թեհրանում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարություններն ընդունեցին համատեղ հայտարարություն։ Թեհրանի ռադիոն մայիսի 8-ին առաջիններից հաղորդեց Շուշիի անկման լուրը։ Փաստորեն, Շուշին ազատագրվեց այն ժամանակ, երբ Հայաստանի առաջին նախագահը նոր էր Թեհրանում ավարտել բանակցությունները։ Ըստ իրանական ռադիոյի. «Նախագահ Ռաֆսանջանին հեռախոսով կապվել է Տեր-Պետրոսյանի հետՙ հետաքրքրվել Ղարաբաղի իրադարձությունների վերջին նորություններով։ ՀՀ նախագահն ասել է, որ երկու գիշեր առաջ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գտնվում էին Թեհրանում, բախումներ սկսվեցին այն խմբավորումների միջեւ, որոնք չէին ենթարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետություններին եւ չէին ցանկանում, որ խաղաղություն հաստատվի շրջանում»։

Պատրաստեց ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4