Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն, ըստ Բաքվի «525 գազեթ» պարբերականի, պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 12-ին Ստրասբուրգում իր հայ գործընկերոջ հետ քննարկելու է «Ադրբեջանի զավթված 7 շրջանների դիմաց Հայաստանի տրանսպորտային ուղիները բացելու» խնդիրը։ Ըստ Մամեդյարովի, հենց այս տարբերակն է լինելու բանակցությունների հիմնական թեման։ Նախօրեին, Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան կարգավորման հարցով Ադրբեջանի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովն ասել էր, որ «ղարաբաղյան կարգավորման հետագա բանակցությունների թեման կարող էր դառնալ ադրբեջանական գրավյալ 7 շրջանների վերադարձի եւ Հայաստանի հետ տրանսպորտային կապերի վերականգնման հարցը»։ Երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ ներկա պահին այն տարբերակի քննարկումը, որի մասին հիշատակել է Ազիմովը, հնարավոր չէ։
Եթե Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում անկեղծ են, ինչը խիստ կասկածելի է, ապա դա նշանակում է, որ Հայաստանը համաձայնում է վերադարձնել ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները։ Սա ինքնին անհավանական է եւ անհեթեթություն, քանի որ Հայաստանի որեւէ նախագահ, առավել եւսՙ Ռոբերտ Քոչարյանը, չի համաձայնի Ղարաբաղը, անկախ նրա կարգավիճակից, թողնել անկլավ Ադրբեջանի կազմում։ Չպետք է բացառել, որ ադրբեջանական կողմը նման հայտարարություններով փորձում է աշխուժացնել Հայաստանի ընդդիմությանը։