Երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի հանձնման ամենամյա հանդիսավոր արարողությունը։ Արդեն չորրորդ տարին իրականացվող մրցանակաբաշխության հիմնադիրը «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամն է։ Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս մրցանակակիրները ստացան դիպլոմ, դրամական պարգեւ (5000 ԱՄՆ դոլար) եւ Պողոսյանների կողմից ոսկե մեդալՙ նախորդ տարվա ընթացքում իրենց ոլորտում կատարած աշխատանքների համար։
Դափնեկիրներին շնորհավորելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Կցանկանայի շնորհավորել նաեւ մեզՙ բոլորիս, քանի որ այս մրցանակները չեն պատկանում միայն կոնկրետ անձանց, այս մրցանակները նշանակում են աշխատանք, որ պատկանում է մեր ժողովրդին, մեր երկրին»։
Անցյալ տարի բնական գիտությունների բնագավառում ներառված էր ֆիզիկան նույնպես, սակայն հաշվի առնելով նախորդ անգամ հանձնախմբի առաջարկությունըՙ այս տարի ոլորտները բաժանվել էին։ Ֆիզիկայի բնագավառի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց անվանակարգում առաջադրված 4 աշխատանքները, ասաց, որ դրանցից 3-ը հատկապես բարձր գիտական եւ պրակտիկ նշանակություն են ունեցել, սակայն մյուս աշխատանքների համեմատ գերակայություն է ունեցել եւ մրցանակի է արժանացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Դավիթ Սարգսյանի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Պապոյանի եւ ասպիրանտ Տիգրան Վարժապետյանի աշխատանքը։
Առողջապահության բնագավառում նախագահի մրցանակին արժանացավ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի եւ Գայանե Ավագյանի «Վերարտադրողական առողջություն» դասագիրքը։ «Սա իմ առաջին մրցանակն է, ասաց Գայանե Ավագյանը։ Այն պարտավորեցնող է, Հայաստանում պետական ամենաբարձր մակարդակով կարեւորվում է վերարտադրողական առողջության խնդիրը։ Իսկ այն ոչ միայն սոցիալական, առողջապահական, այլեւ պետական նշանակություն ունի, քանի որ սրանով հնարավորություն է ընձեռվում բարելավելու կնոջ վերարտադրողական առողջությունը, նպաստելու երկրում ծնելիության եւ բնական աճի ավելացմանը, նպաստելու մոր եւ մանկան հիվանդացության եւ մահացության թվի նվազեցմանը»։
«Մարդկային զարգացում եւ հումանիստական արժեքներ, այդ թվումՙ հումանիտար գիտությունների զարգացում» անվանակարգում մրցանակի արժանացավ պրոֆեսոր Աշոտ Սուքիասյանի «Հոմանիշների բացատրական բառարանը»։ Տարիների վաստակ ունեցած գիտնականին հանրապետության նախագահն անձամբ մոտեցավ եւ շնորհեց մրցանակը։ «Նախՙ շատ ուրախ եմ, որ գնահատվեց հայագիտությունը, երկրորդըՙ վերջապես ՀՀ նախագահի մրցանակ եմ ստացել, ցածր գնահատական չէ», հուզված ասած պրոֆեսորը։
Արվեստ եւ գրականություն անվանակարգում ներկայացված յոթ հեղինակներից մրցանակակիրներ դարձան Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը եւ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Հանրապետության նախագահը կատակով ասաց, որ եթե իմանար, որ Ռազմիկ Դավոյանի պաշտոնափոխությունն այսքան դրական կանդրադառնա նրա ստեղծագործական ակտիվության վրա, այդ քայլը վաղուց կաներ։ «Ուրախ եմ, որ հենց երեխաներին ուղղված աշխատանքն է մրցանակի արժանացել։ Կարծում եմՙ սա նաեւ խորհրդանշական է», ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Վեց անվանակարգերից երկուսումՙ բնական գիտություններ եւ տեխնիկական գիտություններ ու տեղեկատվական տեխնոլոգիաներ, այս տարի մրցանակ չշնորհվեց։ Բնական գիտությունների հանձնախմբի ղեկավար ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանն ասաց, որ այս անվանակարգում միայն մեկ աշխատանք է ներկայացվել, որը թեեւ շատ բարձր մակարդակով էր կատարված, սակայն չէր համապատասխանում մրցութային պայմաններից մեկինՙ կատարված էր ոչ թե մեկ, այլ մի քանի տարում, այդ պատճառով հանձնաժողովը մրցանակի չի արժանացրել։ Սակայն հանձնախմբի ղեկավարն առաջարկեց վերանայել այդ կետը, քանի որ փորձառական գիտությունների բնագավառում մեկ տարվա ընթացքում բարձր մակարդակի աշխատանք կատարելը գրեթե անհնար է։ Հանրապետության նախագահը խոստացավ ուշադրություն դարձնել այս հանգամանքին։
Ինչ վերաբերում է տեխնիկական գիտություններ ու տեղեկատվական տեխնոլոգիաներ բնագավառինՙ հանձնախմբի ղեկավար Վահրամ Ներսիսյանցն ասաց, որ ներկայացված երկու աշխատանքներից ոչ մեկը չէր բավարարում մրցութային չափանիշներին։
«Որոշ ուղղություններում մրցանակներ չշնորհելը խոսում է այն մասին, որ մեր հանձնաժողովներն իրոք խստապահանջ են, ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Այդպես էլ պետք է լիներ, քանի որ պետական մրցանակ հանձնելը ինքնանպատակ չէ»։
Սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, ասաց, որ հիմնադրամն այս տարի մտադիր է մրցանակ ավելացնել երիտասարդների համար, որը կշնորհվի 18-30 տարեկաններին։ «Նպատակն է լինելու սատարել եւ շնորհավորել այն նվաճումները, որ երիտասարդներն ունեն հետազոտությունների եւ սոցիալական ոլորտներում, ինչպես նաեւ տեղեկատվական եւ բիզնեսի կառավարման ոլորտներում հաջողությունների համար», ասաց նա։
Մրցանակաբաշխությունից հետո բարերարի հրավերով հանրապետության նախագահն այցելեց Ժան եւ Ալբերտ Պողոսյան նորարար փորձառական արվեստի կենտրոն։ Երեկ այնտեղ բացվեց «Երազը դիալոգի մեջ» վեցերորդ ամենամյա ալտերնատիվ արվեստի միջազգային փառատոնը։ Երիտասարդները Ռոբերտ Քոչարյանին ներկայացրին իրենց ստեղծագործությունները։ «Մեզ համար շատ կարեւոր է նախագահի ուշադրությունը արվեստի հանդեպ», ասաց Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) համահիմնադիր Էդուարդ Բալասանյանը։ Դեռեւս 2002-ին նախագահի միջամտությամբ տարածքը անհատույց եւ անժամկետ տրամադրվել է ՆՓԱԿ-ին։ Ռոբերտ Քոչարյանը, տեսնելով մեծ տարածքը, կենտրոնին առաջարկեց մի քանի շարժական պատեր ավելացնելՙ ավելի շատ նյութեր ցուցադրելու համար։ Սակայն կենտրոնի համահիմնադիրն ասաց, որ աշխատանքների համար տարածքի խնդիր չունեն, ավելին, այս տարի ամսական երկու ցուցահանդես են ունենալու։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ