Նորություն հայտնած չենք լինի, եթե ասենք, որ յուրաքանչյուր ազգի եւ երկրի հաջողությունների ամենամեծ գրավականը նրա մտավոր ներուժն է։ Այդ ներուժի առկայությունն առավել կարեւոր է բնական աղքատիկ պաշարներ եւ աշխարհաքաղաքական անբարենպաստ պայմաններ ունեցող այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։ Մենք ունեցել ենք գիտնականների, արվեստագետների, տնտեսագետների, ռազմագետների աշխարհահռչակ համաստեղություն, որոնք հայ ազգի դեսպանորդներն են եղել համաշխարհային հանրության մեջ եւ որոշել հայկական գիտության ու մշակույթի բարձր չափանիշը միջազգային մակարդակներում։ Ցավոք, շուրջ 14-ամյա անցումային շրջանում արտագաղթի, բնական արտանկման եւ անբավարար վերարտադրման հետեւանքով մեր էլիտար մտավորականության շարքերը խիստ նոսրացել են։ Եթե հետեւենք գիտական մտքի մեկնաբանումներին, ապա, ըստ աշխարհահռչակ ակադեմիկոս Վերնադսկու, գոյություն ունի տաղանդների դրսեւորման «պուլսացիայի ֆենոմեն», այսինքնՙ տաղանդները ծնվում են որոշակի պարբերականությամբ եւ խմբերով։
Սակայն տաղանդը, որպես օժտվածության բացառիկ հնարավորությունների արտացոլում, ունի ժառանգական բնույթ եւ որպես հատկանիշ կապված է գենետիկական գործոնի արտահայտման համար անհրաժեշտ միջավայրի բարենպաստ պայմանների եւ հասարակական պահանջի հետ։ Համաձայն հայտնի գենետիկ Վ. Էֆրոիմսոնի, պոտենցիալ տաղանդավոր մարդկանց ծնվելու հավանականությունը կազմում է 1/2000-ից մինչեւ 1/10000, այսինքնՙ 2000-ից մինչեւ 10000 նորածիններից մեկն ունի տաղանդի ժառանգական օժտվածություն։ Այս ցուցանիշի լայն միջակայքը կապված է ազգային առանձնահատկությունների հետ։ Անընդհատ բնական գոյապայքարի մեջ գտնվող ազգերի մեջ, օրինակ, հայերի, հրեաների, այդ ցուցանիշը հավանաբար 1/2000 է, իսկ բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող մեծաթիվ ազգերի մեջՙ 1/8000-1/10000։ Սա ունի իր էվոլյուցիոն բացատրությունը։ Խոսուն փաստ է բնակչության թվին ընկնող գիտնականների, մարշալների թվակազմի համեմատությունն Արցախում եւ, օրինակ, Ադրբեջանում։
Եթե այսօր Հայաստանում ծնվում է շուրջ 35000 երեխա, նշանակում է մեր ազգի դեռեւս բեղուն արգանդը տարեկան մեզ պարգեւում է 16-17 պոտենցիալ տաղանդավոր զավակներ։ Դա բավական մեծ ազգային մտավոր պաշար է։ Սակայն անհրաժեշտ է, որ ապահովվեն տաղանդի զարգացումը եւ իրացումը։ Հայտնի է, որ հատկանիշների մեծ մասի, այդ թվում եւ տաղանդի դրսեւորման համար անհրաժեշտ է գենետիկական եւ միջավայրի բարենպաստ գործոնների համատեղ առկայություն։ Պատահական չէ, որ պոտենցիալ տաղանդների 95 տոկոսը կյանքում մնում է չիրացվածՙ չգտնելով դրսեւորման անհրաժեշտ պայմաններ։ Հաշվի առնելով ազգի շահերը, օրինակՙ Կառլ Մեծը Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Գերմանիայից հավաքագրում էր օժտված տաղանդների եւ կազմակերպում նրանց ուսուցումը հատուկ դպրոցներում։ Դրա հետեւանքը եղավ կարոլինգյան հայտնի վերածնունդը։ Այսօր, ԱՄՆ-ը, լինելով աշխարհի ամենազարգացած եւ հզոր երկիրը, միշտ առաջ է նայում. հատուկ թեսթերով որոշելով դպրոցականների օժտվածությունը, տարեկան հավաքագրում է 35000 արտակարգ ունակության դպրոցականների եւ պետական միջոցներով կազմակերպում նրանց ուսուցումը քոլեջներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ընդ որում, պետությունը ֆինանսապես ապահովում է նաեւ այն կրթական հաստատություններին, որտեղ սովորում են հավաքագրված տաղանդները։ Չբավարարվելով դրանով, այդ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ը կազմակերպում է նաեւ «ուղեղների ներհոսք» այլ երկրներից։ Պատահական չէ, որ մեր շատ ու շատ գիտնականներ, արվեստագետներ եւ օժտված ուսանողներ Սորոսի հիմնադրամի եւ այլ կազմակերպությունների ու ծրագրերի շրջանակներում այսօր համալրել են ԱՄՆ-ի եւ այլ երկրների մտավոր ներուժը։ Արդյունքն ակնառու է. նոբելյան մրցանակակիրներից համարյա յուրաքանչյուր երկրորդն ամերիկացի է, գիտատեխնիկական առաջընթացի մասշտաբներըՙ անգերազանցելի։ Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Օժտված անհատների արտահոսք, ծնելիության անկում (չհաշված 2003 թ.), գոյապահպանման անողոք պայքար, որը ստեղծում է մեն մի մտահոգությունՙ հայթայթել հանապազօրյա հացը։ Էլ ո՞ւր մնաց տաղանդի զարգացումը։ Բուհական կրթության մեջ վճարովի համակարգի ներդրումն էլ ավելի է դժվարացնում մտավոր ներուժի վերարտադրությունը։ Մի կողմից գյուղական շրջաններում որակյալ ուսուցիչների անբավարարությունը, մյուս կողմից էլ ծնողների անվճարունակությունը փակում են բուհերի դռներն օժտված երիտասարդների առջեւ։ Ավելինՙ վճարովի համակարգ ընդունված ուսանողը, վճարունակ չլինելով, լավագույն դեպքում թողնվում է «կուրսը կրկնելու»։ Դա ծանր հոգեբանական սթրես է երիտասարդ մարդու համար, որը սկսում է հասկանալ, որ բուհում իր մնալ կամ չմնալը որոշվում է ոչ թե իր գիտելիքներով եւ աշխատասիրությամբ, այլ ծնողների քսակով։ Ճիշտ է, կրթության ու գիտության նախարարության ցուցումով բուհերը կիրառում են ուսման վարձերի որոշակի զեղչեր։ Սակայն զեղչերի տոկոսը եւ չափը սահմանափակ են եւ, հատկապես գյուղական շրջանների ուսանողների համատարած անվճարունակության պայմաններում շոշափելի արդյունք չեն տալիս։ Ստացվել է այնպես, որ այսօր ուսանողական իրավունքների պահպանման համար առավելությունը տրվում է ոչ թե գիտելիքներին, այլ ծնողների ֆինանսական հնարավորություններին։
Բնական է, որ այս պայմաններում շատ օժտված երիտասարդների ինքնադրսեւորման եւ ունակությունների իրացման հավանականությունը խիստ սահմանափակվում է։
Անարդարացի կլինի ասել, որ կրթության ու գիտության նախարարությանը կամ բուհերի ռեկտորներին օժտված երիտասարդների նկատմամբ հոգատարությունը չի մտահոգում։ Այն, որ աշակերտական միջազգային օլիմպիադաներում հաղթանակած որոշ դիմորդներ նախարարի հրամանով ընդունվել են բուհեր, դրա խոսուն ապացույցն է։ Սակայն դրանք արդեն իսկ դրսեւորված եւ ոչ թե «փնտրված» եզակի երիտասարդներ են։ Իսկ հատկապես գյուղական շրջանների քանի՞ երիտասարդներ հնարավորություն չեն ստացել մասնակցելու օլիմպիադաներին եւ դրսեւորելու իրենց օժտվածությունը։ Որոշ բուհերում էլ, օրինակ, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում ռեկտորիՙ ակադեմիկոս Վ. Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանվել է «արտակարգ ուսանողի» անվանական կրթաթոշակ։ Ինչ խոսք, այս փաստը խրախուսելի է եւ արժանի ընդօրինակման։
Սակայն այս դրական փաստերը չեն ընդգրկում մեր ազգաբնակչության ողջ գենոֆոնդը։ Ինչ խոսք, մենք որպես կայացող, սահմանափակ հնարավորություններով երկիր, չենք կարող «տաղանդների հայտնաբերման ու հավաքագրման» ընդգրկուն ծրագրեր իրականացնել։ Բայց պետք է նկատի ունենանք, որ այսօրվա իրավիճակի հետեւանքով 15-20 տարի հետո հայոց երկրում ստեղծվելու է մտավոր ներուժի խիստ անբավարարություն իր սոցիալ-տնտեսական ծանր հետեւանքներով։ Փաստ է, որ կրթական համակարգում առավել օժտված երիտասարդների հայտնաբերման ու հատուկ ծրագրերով կազմակերպված ուսուցման համար ներդրված պետական միջոցները երկու տասնամյակ հետո հատուցվում են տասնապատիկ։ Նշանակում էՙ ինչքան էլ սուղ լինեն պետական միջոցները, անհրաժեշտ է ստեղծել մտավոր ներուժի վերարտադրման կրթական ծրագրեր եւ հատուկ տողով պետական բյուջեում նախատեսել միջոցներՙ ապահովելու օժտված, տաղանդավոր երիտասարդների կրթությունը եւ մասնագիտական կողմնորոշումը։ Սա պետական եւ ազգային կարեւոր ռազմավարություն է ուղղված վաղվա օրվան։
Որպես օժանդակ միջոց կարելի է ներառել նաեւ մեր նորօրյա ունեւորների բարեգործությունը։ Սակայն գտնվելով կապիտալի նախնական կուտակման փուլում, հազիվ թե գտնվեն Մանթաշովներ, որոնք արժանվույն գնահատեն մտավորականության տեղն ու դերը մեր ազգային արժեքների համակարգում։
Ա. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի կենսաբանության եւ գենետիկայի ամբիոնի պրոֆեսոր