«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2004-05-06 | #83, 2004-05-07 | #84, 2004-05-08


ԲԺԻՇԿ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՎԵՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Անուշավան Վեմյանը այս տարվա մայիսի 8-ին պիտի դառնար 70 տարեկան։ Պատկերացնում եմ ինչպես պիտի նշվեր նրա հոբելյանը եւ ինչպես ինքը պիտի վայելեր վաստակած ամենամեծ բարիքը կյանքումՙ շրջապատի անկեղծ սերը, ջերմությունը եւ խորագույն հարգանքը։

Ծնվել էր 1934-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, 1947-ին հայրենադարձել ընտանիքի հետ։ Դպրոց, ապա բժշկական ինստիտուտ, իսկ 1959-ից, ըստ նշանակման, երեք տարի աշխատել է Մոսկվայի մարզում որպես վիրաբույժ։ Հետոՙ ասպիրանտուրա Մոսկվայում, ուր թեկնածուական թեզը պաշտպանելովՙ վերադարձել է հայրենիք, աշխատել հանրապետական հիվանդանոցում պրոֆ. Ս. Շարիմանյանի ղեկավարած կլինիկայում։ Հետագա իր ամբողջ բուժական, գիտական եւ մանկավարժական գործունեությունը 1967-ից կապել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության եւ անեսթեզիոլոգիայի ամբիոնի հետ, որը ղեկավարում էր ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանը։ Ավագ գիտաշխատող, ապա դոցենտ, նա միաժամանակ ամբիոնի բազայիՙ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչն էր, նախ շտապ օգնության հ. 1, ապա հ. 2 հիվանդանոցներում։

Շատ մեծ է Վեմյանի ավանդը Հայաստանում կրծքային վիրաբուժությունը զարգացնելու խնդրի իրագործման մեջ։ Բացի բուն վիրաբուժական գործից, նա մեծ մասամբ ստանձնել է հանրապետությունում ամենուր կրծքային վիրաբուժության ծառայության ապահովումը։ Չկա մի հիվանդանոց, որի շեմից մտած չլինի Վեմյանը որպես խորհրդատու։ Գործնականորեն տեղյակ էր բոլոր շրջաններում կրծքային վիրաբուժությանն առնչվող հարցերին ու հիվանդներին։

Ով անմիջականորեն ճանաչել է նրան, մեկ բնորոշում միայն կտաՙ հրաշալի մարդ։ Ով աշխատել է իր հետ, գիտի, թե ինչպիսի բժիշկ էր նա։ Իսկ ով նրա հետ կանգնել է վիրաբուժական սեղանի առաջ, կասիՙ գերազանց վիրաբույժ էր։

Համեստ էր, ու դրանով էլ հատկանշվում էր նա իր կյանքում եւ գործում։ Գովասանքներն ու փառաբանումները գոհունակ մի ժպիտ էին միայն առաջացնում դեմքին։ Իհարկե, գիտեր իր արժեքը, բայց շատ հազվադեպ, մտերմիկ շրջանակում միայն կարող էր թույլ տալ ինքն իրեն գնահատող մի արտահայտություն, այն էլ կարծես կողքից քաջալերվելու համար։ Բոլորովին փառասեր չէր ու հեռու էր մնում շինծու մթնոլորտից, ապրում իրեն վայել ազնիվ կյանքով։ Էապես շատ բարի էր եւ աշխատանքում անհրաժեշտ խստություն պահանջելը կարծես հոգնեցնում էր նրան։ Շատ էր ընկճվում ոչ բարի մարդկանց հետ հարկադրյալ հարաբերություններ պահպանելուց, բայց լուռ դիմանում էր։ Որեւէ վիրավորանք երկար ու ծանր ապրումներ էր պատճառում, սակայն հիշաչար չէր, ու դրանով էլ երեւում էր հոգու մեծ ազնվությունը։

Սիրում էր կյանքը, գիտեր ուրախանալ եւ շուրջը տրամադրություն ստեղծել։ Նրա հետ անցկացվելիք հավաքույթի սպասումն անգամ ուրախություն էր մեզ համար։ Գիտեր կարեւորել երկրորդական թվացող, բայց ըստ էության կյանքի ուղն ու ծուծը կազմող բաներ, որով իր անձը համակրելի, հմայիչ էր դառնում։ Իսկ երբ մի վիճահարույց խոսակցություն հասնում էր անորոշության, մի երկու բառով ճշգրտություն էր մտցնում խնդրի մեջ, առանց, սակայն, որեւէ մեկին ճնշելու իր գիտելիքներով։

Հայրենիքի գաղափարը խոսակցության ամենալուրջ առարկան էր նրա համար, մշտական մտահոգությունը։ Մեծ երազն էր ավտոմեքենայով շրջել Արեւմտյան Հայաստանում, եւ դրա մասին զրույցները վերջանում էին տխուր հայացքով եւ հառաչանքով։ Դարակում ուներ Վանա լճից մի քանի քար, որոնք ձեռքը վերցնելիս աչքերում ոգեւորություն էր հայտնվում իսկույն, կարծես հենց վաղը պիտի Վան գնայինք։

Տունը, ընտանիքը իր ամենաթանկ սրբություններն էին։ Ու ընտանիքում պաշտում էին նրան։

Իսկական բժիշկ էր իր էությամբ։ Անհնար էր, որ չհասներ իր օգնության կարիքն ունեցող հիվանդին։ Որպես բժիշկ այնքան մեծ էր նրա համբավը, որ դիմում էին հենց որպես բժշկի, մոռանալով նրա բուն մասնագիտությունը։ Աշխատում էր օր ու գիշեր, երբեմն անասելի հոգնելով, ու միշտ անտրտունջ։ Իմ աչքին հոգնած մարդու, բժշկի խորհրդանիշն է դարձել դռդռացող սառնարանին գլուխը հենած ու խոր քնած Վեմյանը բժիշկների սենյակումՙ Սպիտակի երկրաշարժի օրերին։

Կրծքային վիրաբուժությունը ծանր մասնագիտություն է։ Աշխատանքը հիմնականում թոքի եւ շնչուղիների տարբեր վիրաբուժական խնդիրներ ունեցող հիվանդների հետ է, որոնց տանջում է մի շատ մեծ դժվարությունՙ շնչելու դժվարությունը։ Կրծքային վիրաբուժության բաժանմունք ղեկավարել ու կրել բոլոր ծանր հիվանդներին վիրահատելու բեռը Վեմյանի ամենօրյա աշխատանքն էր, անընդհատ պատասխանատվությամբ ամեն ինչի համար։ Երբ դեռ երիտասարդ էի, հիացմունքս հայտնեցի իրեն բաժին հասած վիրաբուժական երջանկության մասին (անկեղծորեն մտածում էի այն ժամանակ, որ վիրաբույժի համար ծանր վիրահատություն անելուց մեծ հաճույք չկա), նա մի տարօրինակ ժպիտով նայեց ինձ ու ոչինչ չասաց։ Հետագայում հասկացա այդ ժպիտի իմաստը։ Շատ ճկուն վիրաբուժական մտածելակերպ ուներ, հաճախ վիրահատության ժամանակ փոքր, բայց կարեւոր գյուտեր էր անում (ասում էրՙ «էվրիկաներ»)։ Միշտ ձգտում էր գործում մի նորություն ներդնել, եւ բրոնխների ու շնչափողի վրա ներդրեց այնպիսի վիրահատություններ, որ կատարվում էին միայն աշխարհի եզակի խոշոր վիրաբուժական կենտրոններում։

Վեմյան վիրաբույժի ստեղծածի, ներդրածի, սովորեցրածի հավաստիքն են ներկայումս վիրահատված ու առողջացած մարդիկ, որոնց հետ երբեմն փոխանակում ենք մեր շատ ջերմ ու երախտապարտ հիշողությունները Վեմյանի մասին։

Կյանքից հեռացավ հանկարծակի, վաղաժամ, 1992-ին, 58 տարեկանում։ Մեծ կորուստ ընտանիքի, ընկերների, հայրենիքի համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4