Սակայն կայունացման մասին խոսելը վաղաժամ է
Նախորդ մի քանի տարիների շարունակական նվազումից հետո 2003 թվականին առաջին անգամ Շիրակի մարզում ծնունդների թվի որոշակի աճ է արձանագրվել։ Ըստ մարզպետարանի պաշտոնական տվյալներիՙ մարզում գրանցվել է 3360 ծնունդ, ինչը 19,8 տոկոսով ավելի է 2002 թվականի համապատասխան ցուցանիշից։ Բնակչության բնական աճը (ծնունդների եւ մահերի թվի տարբերությունը) եւս, կազմելով 1044 մարդ, անհամեմատ գերազանցել է նախորդ երկու տարիների մակարդակը։ Իշխանությունները շտապում են արձանագրված դրական ցուցանիշները բացատրել հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմամբ, երիտասարդ անձանց արտագաղթի նվազումով եւ այլն։ Սակայն ակնհայտ է, որ միայն մեկ տարվա ցուցանիշներն ընդհանուր առմամբ բավարար չեն վկայելու այդպիսի գործոնների առկայությունը, քանի դեռ կայուն միտում չեն դարձել։ Մանավանդ եթե նկատի ունենանք մարզի ժողովրդագրական ցուցանիշների նախընթաց անկման առկա մակարդակը։ Բավական է նշել, որ այստեղ յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով բնակչության բնական աճը 1999-2002 թվականների երեք տարվա ընթացքում ավելի քան քառակի պակասել էՙ 2,9-ից իջնելով մինչեւ 0,7... Անցյալ տարի այդ ցուցանիշը հասել է 3,6-ի, ինչն անշուշտ ուրախալի է։ Սակայն նույնիսկ այս դեպքում ծնունդների բացարձակ թիվը դեռ 36,7 տոկոսով ցածր է մնում, օրինակ, 1997 թվականի մակարդակից։
Հատկապես Գյումրի քաղաքում սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է մնալ ծանր, գործնական իմաստով այդպես էլ չկա եւ չի իրականացվում տնտեսության վերականգնման պետական քաղաքականություն։ Որոշ ժողովրդագրական ցուցանիշների վրա հավանաբար անմիջական դրական ազդեցություն է ունեցել անցյալ տարի իրականացված լայնամասշտաբ շինարարությունը, որը ոչ միայն մեծ թվով աշխատատեղեր էր, թեկուզ ժամանակավոր, այլեւ մարդկանց մեջ հույսի արթնացում... Սակայն սա եւս այս տարի չկա։
Առկա վիճակը, բնականաբար, արտացոլվում է նաեւ տարեցտարի արձանագրվող առողջապահական ցուցանիշներում։ Իշխանությունների իսկ վկայությամբՙ լրջագույն խնդիր է դարձել այնպիսի սոցիալական հիվանդությունների աճը, ինչպիսիք են տուբերկուլյոզը, սեռական ճանապարհով փոխանցված հիվանդությունները, ալկոհոլիզմը եւ թմրամոլությունը։ Նույնիսկ ծնելիության նշված աճի պայմաններում անցյալ տարի բարձրացել է նաեւ մահացության ցուցանիշըՙ 1000 մարդու հաշվով 2001 թվականի 6,2-ի դիմաց հասնելով 8,1-ի։ Ըստ ախտաբանա-անատոմիական տվյալներիՙ բնակչության մահացության գերակայող պատճառների թվում առաջին-երկրորդ տեղում են սիրտ-անոթային համակարգի եւ ուռուցքային հիվանդությունները։ Դրանց բաժինը տարեցտարի ավելանում է ու անցյալ տարի կազմել է համապատասխանաբար 19 եւ 12 տոկոս։ Հաջորդը շնչառական համակարգի եւ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններն են։
Առողջապահական հիմնական ցուցանիշներից որպես դրական պետք է նշել, որ վերջին երեք տարիներին մարզում ծննդաբերող մայրերի մահացության դեպքեր չեն արձանագրվել։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ