«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2004-05-06 | #83, 2004-05-07 | #84, 2004-05-08


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ

ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշմամբ Հայաստանը տասնվեց երկրներից մեկն է, որ 2004-ի ընթացքում Հազարամյակի մարտահրավերների ծրագրի շրջանակներում կարող է ֆինանսական աջակցություն ստանալ։ Հայաստանի կողքին են Վրաստանը, Գանան, Հոնդուրասը, Մադագասկարը, Մոզամբիկը, Շրի Լանկան, Սենեգալը։ Ըստ կորպորացիայի տարածած հաղորդագրությանՙ որոշումը կայացնելիս խորհուրդը հաշվի է առել ծրագրին հավակնող երկրների ընթացիկ եւ նախկին քաղաքականությունըՙ ուղղված արդարացի եւ ժողովրդավար կառավարմանը, տնտեսական ազատություններին։ Խորհուրդը նաեւ քննության է առել այն միտումները, որոնք փաստում են քաղաքականության դրական տեղաշարժերը կամ վրիպումները։

Կորպորացիան վերջերս ձեւավորված պետական կառույց է, որն աշխատում է աշխարհի մի շարք ամենաաղքատ երկրների հետՙ առաջնորդվելով այն սկզբունքով, որ աջակցությունն առավել արդյունավետ է, երբ ուղղվում է տնտեսական աճը խթանող կայուն քաղաքական, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության կենսագործմանը։

ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ֆինանսական այս տարվա համար ծրագրին հատկացվել է 1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2005-ի համար նախագահ Բուշը ներկայացրել է 2.5 մլրդ ԱՄՆ դոլարի հայտ։

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4