Վաշինգտոնն այսօր կարող է օգտագործել մեր երկրի ռազմական ենթակառուցվածքները
Ապրիլի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Չարլզ Ուոլդը ստորագրեցին «Ձեռքբերումների եւ փոխադարձ ծառայությունների մատուցման» համաձայնագիր։ Նմանօրինակ համաձայնագրեր Վաշինգտոնը ստորագրել է Ադրբեջանի հետ անցյալ տարի եւ Վրաստանի հետ 2002 թ., հաղորդում է «Սթարս եւ սթրայփս» եվրոպական հանդեսը մայիսի 2-ի համարում։
«Հայաստանի հետ ապրիլի 26-ի համաձայնագիրը նշանակում է, որ Մ. Նահանգների ուժերը կարող են ունենալ տեղական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն ոչ միայն Հայաստանում, այլեւ ռազմավարական առումով կարեւոր ամբողջ կովկասյան տարածաշրջանում», գրում է «Սթարս եւ սթրայփսը»ՙ վկայակոչելով ԱՄՆ եվրոպական հրամանատարության Շտուտգարտի (Գերմանիա) կենտրոնակայանի մամլո խոսնակ Բիլ Բայգլոուին եւ հրամանատարության անվտանգության աջակցության եւ թիկունքի վարչության պաշտոնյաներից Չարլզ Շերվինին։
«ՀՀ զինված ուժերի եւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության ստորագրած «Ձեռքբերումների եւ փոխադարձ ծառայությունների մատուցման» համաձայնագիրն այն իրավական հիմքն է, որը թույլ է տալիս կողմերին համատեղ գործողությունների եւ վարժանքների ժամանակ թիկունքային աջակցություն ցույց տալ միմյանց», ապրիլի 26-ին Երեւանում Ուոլդի հետ մամլո ասուլիսում ասել էր Հարությունյանը։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել է, որ համաձայնագրում ամրագրված բոլոր պարտավորություններն ու իրավունքները բացարձակապես փոխադարձ բնույթ են կրումՙ թույլ տալով երկու երկրների զինված ուժերին համատեղ միջոցառումների եւ գործողությունների ժամանակ հաստատել դաշնակցային հարաբերություններ։
Ուոլդն իր հերթին ասել էր, որ Մ. Նահանգները կարող է օգտագործել մեր երկրի ռազմական ենթակառուցվածքները, միաժամանակ հավաստիացնելով, թե իրենք պատճառ չունեն հայկական տարածքն օգտագործելու հարձակողական նպատակներով, եւ նման հարցը կքննարկվի քաղաքական ղեկավարության մակարդակով։ Ուոլդն ասել է, որ ստորագրված հայ-ամերիկյան համաձայնագիրը շատ կարեւոր է ԱՄՆ-ի համար։
Հայ-ամերիկյան ռազմական համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց ամերիկյան «Ստրատֆոր» կենտրոնն «Ամերիկան սիրաշահում է Հայաստանին» վերլուծական հրապարակում պատրաստեց, որին ապրիլի 29-ին անդրադարձան «Հայկական ժամանակ» օրաթերթը, ռուսական «Ռեգնում» գործակալությունը եւ թուրքական «Զամանը»։ Մասնավորապես, «Ստրատֆորը» գրել էր. «Ամերիկյան եւ հայկական ռազմական ուժերը համաձայնության են եկել ԱՄՆ եվրոպական զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ Ուոլդի Հայաստան այցելության ժամանակ։ Նա ժամանել է Երեւանՙ հայկական օդանավակայաններում ամերիկյան ռազմական ինքնաթիռների ժամանակավոր տեղակայման թույլտվություն ստանալու նպատակով... Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի զինվորականները համաձայնության են եկել, եւ հայկական կողմը թույլ է տվել Իրաք թռչող ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղակայումը հայկական ռազմական օդանավակայաններում»։
ՀՀ պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց տեղեկատվությունըՙ «Հայկական ժամանակի» թարգմանությունը որակելով սխալ եւ համաձայնագրի ոչ ճիշտ մեկնաբանության հետեւանք։ «... Վերոհիշյալ համաձայնագիրը ոչ մի կերպ չի առնչվում ՀՀ տարածքում գտնվող ռազմական օդանավակայաններում ԱՄՆ-ի ռազմական օդանավեր տեղակայելուն», նշվում էր ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ի դեպ, Ուոլդը Երեւանում մամլո ասուլիսում ասել էր. «Մենք նպատակ չունենք ռազմակայաններ տեղակայել տարածաշրջանում, ուզում ենք գործընկերներ լինել հարավկովկասյան երկրների հետ ահաբեկչության դեմ պայքարում, ինչը զարգացող եւ իսկապես լուրջ վտանգ է, եւ մեր շահերից բխող հարցերում համագործակցել Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ»։
Մեկնաբանելով հայ-ամերիկյան համաձայնագիրը, ԱՄՆ եվրոպական հրամանատարության պաշտոնյաներից գեներալ-լեյտենանտ Չարլզ Շերվինն ասել է, որ նման համաձայնագրերի ստորագրումն ԱՄՆ-ի համար ակնհայտ օգուտ է Աֆղանստանի եւ Իրաքի գործողություններում։ Մինչդեռ խոսնակ Բայգլոուն նշել է, որ համաձայնագրի ստորագրումը չի նշանակում ռազմակայանների կառուցման վերջնական որոշում։
Ուշագրավ է թուրքական «Զաման» օրաթերթի մեկնաբանությունը. «Հայաստանում ԱՄՆ-ի ձեռնարկած վերջին գրոհն այդ երկիրն իր կողմը գրավելու եւ նրա հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ թուլացնելու նպատակ է հետապնդում»։ Թուրքական թերթը մատնացույց անելով Վրաստանում ամերիկյան ռազմական ներկայությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը, գրում է, որ Հայաստանի հետ ստորագրված համաձայնագիրն Անդրկովկասում ձեռնարկված ամերիկյան գրոհների ամբողջացումն է։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ