Հավատացած է Նատալյա Վուտովան
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Հայաստանում հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան էր, քննարկվող թեմանՙ ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների կատարման մասին ընդունած բանաձեւը։ Ըստ Վուտովայի, բացարձակապես զարմանալի չէ, որ ԵԽԽՎ-ն ընդունել է նման բանաձեւ, քանի որ Հայաստանն առայժմ մոնիտորինգի ենթարկվող երկրներից է։ Բանաձեւի ընդունումն ընդամենը աշխատանքի շարունակություն է, եւ Հայաստանը միակ երկիրը չէ, որն արժանացել է նման բանաձեւի։ Վուտովայի պնդմամբ, բանաձեւի ընդունումն առաջին հերթին ուղղված էր ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության ուշադրությունը պարտավորությունների կատարման վրա կենտրոնացնելուն եւ այդ շրջանակներում օրենսդրական յուրաքանչյուր փոփոխություն ԵԽԽՎ պահանջների շրջանակում կատարելուն։ Իսկ թե «պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ի՞նչ կարող է լինել» հարցին ի պատասխան Վուտովան մեջբերեց բանաձեւում ասվածը, որ 2004 թ. հունիսին կլսվի ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության մանդատների հաստատման հարցը, եւ նշեց, որ այժմ գնահատելու ժամանակը չէ, գնահատականներ կտրվեն միայն հունիսին, իսկ ներկայումս իրենք կհետեւեն իրադարձություններին։ Բանախոսը հայտնեց, որ իր լիազորությունների համաձայն տեղի ունեցող իրադարձությունների մասին հաղորդում է Եվրոպայի խորհուրդ։ Սակայն ինքը միակ աղբյուրը չէ եւ «հայտնի է, որ աշխարհը ներկայումս փոքրիկ գյուղ է, ուր տեղեկությունները շատ արագ տարածվում են»։
Վարչական կալանքների առնչությամբ Վուտովան փաստեց, որ այդ հարցը բարձրացվել է դեռեւս նախորդ տարի կայացած նախագահական ընտրություններից առաջ, եւ ԵԽԽՎ-ն արդեն 3-րդ անգամ է շեշ-տում համապատասխան օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը։ Վուտովան նշեց նաեւ այդ խնդրում իշխանությունների հետ իրենց շարունակական համագործակցությունը։ Իսկ որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական եւ ընդդիմադիր թեւերը համակարծիք չեն եղել վեհաժողովում, Վուտովան գնահատեց որպես ԵԽԽՎ բնականոն կյանք եւ ընդգծեց, որ ԵԽԽՎ հիմնական պայմաններից է պատվիրակությունում երկու թեւերի առկայությունը։ Զերծ մնալով որեւէ գնահատական տալուց, Վուտովան ընդգծեց, որ Եվրոպայի խորհրդի բոլոր մարմիններն ամեն դեպքում լիահույս են, որ Հայաստանում քաղաքական երկխոսություն կկայանա իշխանության եւ ընդդիմության միջեւ։ Իսկ ինչ վերաբերում է ԵԽ-ի եւ քաղբյուրոյի մասին նախօրեին հայտնած մտքին, Վուտովան հայտնեց, որ թերեւս հանդիպմանը մասնակից բոլոր անձինք հույս ունեն, որ քաղբյուրոյի ժամանակները չեն վերադառնա, եւ որ առավել եւսՙ չեն գտնում, թե ԵԽԽՎ եւ քաղբյուրոյի գործունեությունը հավասարազոր է։
Ն. Պ.