Աջարիան առանց ինքնավարության առաջնորդի
Աջարիայում վերացվեց ինքնավարության առաջնորդի ինստիտուտը։ Այս որոշմանը կողմ քվեարկեց ինքնավարության խորհրդարանը, որից անմիջապես հետո վայր դրեց լիազորությունները, քանի որ ինքնավարության տարածքում մտցվել է Վրաստանի նախագահի ուղղակի կառավարում։ Մի քանի օր Աջարիայի կառավարումը կիրականացնի անձամբ Վրաստանի նախագահը, որից հետո այդ պարտականությունը կհանձնվի 31-ամյա Լեւան Վարշալոմիձեին։ Նման որոշում է ընդունել Միխայիլ Սաակաշվիլին։
Երբ Աջարիայում կատարվեց «վարդյա» հեղափոխություն եւ Ասլան Աբաշիձեն ինքնավարությունում 13 տարի միահեծան իշխելուց հետո ստիպված եղավ հեռանալ երկրից, Վրաստանի խորհրդարանում Աջարիայի ինքնավար կարգավիճակը վերացնելու քննարկումներ սկսվեցին։ Մասնավորապես Սաակաշվիլու նախկին զինակիցներից Կոբա Դավիթաշվիլին առաջարկեց հանրաքվե անցկացնել Աջարիայում ինքնավարությունը վերացնելու հարցով։ Խորհրդարանում ընդդիմադիր համարվող Դավիթ Գամղրելիձեն միացավ Դավիթաշվիլու առաջարկությանը։ Վարչապետ Զուրաբ Ժվանիան, ապա եւ Սաակաշվիլին անընդունելի եւ անպատասխանատու որակեցին պատգամավորների առաջարկությունները։
Աջարիան Վրաստանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակ է ստացել 1921 թ. Կարսի պայմանագրով։ Մի քանի շաբաթ առաջ, երբ Աջարիայում իրավիճակը սրվել էր եւ Աբաշիձեին տապալելու հարցը մտել օրակարգ, Բաքվում Թուրքիայի դեսպան Ունալ Չերիքոզը հայտարարեց, որ Թուրքիան, ըստ Կարսի պայմանագրի, իրավունք ունի անհրաժեշտության դեպքում զորքեր մտցնելու Աջարիա։ Հետեւեց Մոսկվայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Կեմուլարիայի արձագանքը. «Կարսի պայմանագիրը կորցրել է ուժը։ Ռուսաստանի եւ Թուրքիայի, Վրաստանի եւ Թուրքիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորվել են բացարձակապես նոր հարաբերություններ»։ Հետեւեց ՌԴ ԱԳՆ հայտարարությունը. «Կարսի պայմանագիրը, որը ստորագրել են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, ուժը չի կորցրել»։
Երկու օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ակնարկեց, որ Կարսի պայմանագիրն ուժը չի կորցրել եւ Թբիլիսիի իշխանությունները չեն վերացնի Աջարիայի ինքնավար կարգավիճակը։
Թ. Հ.