«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2004-05-11 | #86, 2004-05-12 | #87, 2004-05-13


ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱՍ

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ

Երեկ Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) շնորհանդես էր կազմակերպել «Ընդարձակ Եվրոպա. ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը» թեմայով։ Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւանության քաղաքականություն» ծրագրի էությունն ու բովանդակությունը։ Դեռեւս 2003-ի մարտին Եվրոպական հանձնաժողովը «Ընդարձակ Եվրոպա. հարեւանություն։ ԵՄ-ի արեւմտյան եւ հարավային հարեւանների հետ հարաբերությունների նոր շրջանակներ» հաղորդագրության մեջ առաջադրեց, որ Եվրոպան պետք է նպատակ հետապնդի զարգացնելու բարեկեցություն եւ բարեկամական հարեւանություն տարածաշրջանային այն երկրների հետ, որոնք ԵՄ-ի հետ ունեն սերտ, խաղաղ եւ գործընկերային հարաբերություններ։ Հարավային Կովկասի վերաբերյալ «Հարավային Կովկասի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը» հաշվետվությունն առաջարկում է Հարավային Կովկասին ընձեռել ավելի հստակ կարգավիճակ «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւանության քաղաքականության» շրջանակներում։

Եվրամիության հարավկովկասյան հարցերով հատուկ զեկուցող Պեր Գարտոնը նշեց, որ Հայաստանը եւ հարավկովկասյան մյուս պետությունները պետք է անմիջապես ընդգրկվեն «Ընդլայնված Եվրոպա» ռազմավարության մեջ։ «Ծրագրի նպատակն է, որ պետությունները հնարավորինս մոտ հարաբերություն ունենան ԵՄ-ի հետ, սա ոչ թե վերջնական, այլ լրացուցիչ մեկ քայլ է, որով կարելի է ավելի մերձենալ ԵՄ-ին, իսկ վերջնական փուլումՙ գուցե նույնիսկ անդամակցել», ասաց նա։

ԱԺ փոխնախագահ, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը ներկայացրեց այն ակնկալիքները, որ Հայաստանը կարող է ունենալ ծրագրից։ Ըստ նրաՙ Հայաստանն այս ծրագրի շրջանակներում բազմաթիվ անելիքներ ունի։ ԵՄ-ն արձանագրել է «Ընդարձակ Եվրոպայի» շրջանակներում գործելու հիմնական խնդիրներըՙ քաղաքական երկխոսություն եւ համագործակցության արդյունավետության էական բարձրացում, հասարակական անվտանգության սպառնալիքների կանխմանը եւ դրանց դեմ պայքարին ուղղված սերտ համագործակցություն, լայնածավալ համագործակցություն հակամարտությունների կանխման եւ ճգնաժամերի հաղթահարման ոլորտում, շրջակա միջավայրի պաշտպանություն, արդյունավետ մասնակցության հեռանկարներ օրենսդրության մերձեցման հիման վրա, օրինական միգրացիային վերաբերող հարցերով սերտ համագործակցություն, կրթության վերապատրաստման եւ գիտության ոլորտում սերտ համագործակցություն եւ այլն։ Նա նշեց, որ կետերից յուրաքանչյուրին կարելի է առանձին-առանձին անդրադառնալ, երկարատեւ քննարկումներ ունենալ, եւ ակնհայտ կդառնա, որ սրանք այն հիմնական նյութերն են, որոնց ուղղությամբ այսօր Հայաստանը ջանքեր է թափում։ «Ակնհայտ է նաեւ, որ այս ջանքերը կլինեն առավել արդյունավետ, եթե մենք ունենանք ԵՄ-ի աջակցությունը», ասաց նա։

Նա նշեց այն առավելությունները, որ ծրագրի շրջանակներում գործելու առումով բազմաթիվ երկրների համեմատ ունի Հայաստանը։ «Կարծում եմՙ Հայաստանը ոչնչով չի զիջում այն երկրներին, որոնք այսօր այս ծրագրի շրջանակներում ներկայացված են։ Հայաստանը ունի անշուշտ իր բարդություններն ու դժվարությունները, բայց եթե խոսում ենք խաղաղության, կյանքի որակի, ժողովրդավարության մասին, ապա եթե ոչ բոլոր, ապա ընդգրկված երկրների կեսից ավելին հաստատ ակնհայտորեն զիջում են Հայաստանին։

Առաջինը Եվրախորհրդի անդամ լինելու հանգամանքն է։ Բնականաբար մենք ունենք դեռեւս զգալի անելիքներ ժողովրդավարական գործընթացների բարելավման, տեղական ինքնակառավարման համակարգի, դատաիրավական համակարգի բարեփոխման առումով, սակայն, լինելով ԵԽ անդամ, անցած տարիների ընթացքում զգալի քայլեր ենք արել այդ ուղղությամբ, որոնք արձանագրված են հունվարյան ու ապրիլյան բանաձեւերում», ասաց Տիգրան Թորոսյանը։ Նա կարեւորեց նաեւ Հայաստանիՙ ի տարբերություն մի շարք այլ երկրների Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելը։

Տիգրան Թորոսյանն ասաց, որ կան նաեւ դժվարություններ այս ծրագրում գործելու համար։ «Անշուշտ մենք կուզեինք, որ այսօր վերջնականորեն լուծված լիներ ԼՂ հակամարտությունը, կուզենայինք, որ ավարտին հասցված լինեին այն բարեփոխումները վերոհիշյալ ոլորտներում, որոնք մեր երկրի համար բացառիկ նշանակություն ունեն։ Սակայն անգամ այս իրավիճակում Հայաստանը լիովին պատրաստ է այդ շրջանակներում գործելու», ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանիՙ ԵՄ անդամ դառնալուն, Պեր Գարտոնը ասաց, որ քանի դեռ Թուրքիան ԵՄ անդամ չէ, Հայաստանի անդամակցության հարցն ընդհանրապես քննարկման չի դրվում, որովհետեւ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր կցանկանային փակել Եվրոպան, գծել վերջնական սահմանները եւ դրանից դուրս թողնել Թուրքիան, Հարավային Կովկասը եւ, բնականաբար, Ռուսաստանը։ Բայց կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում ԵՄ-ի վերջնական սահմաններ գծել։ «Եթե ժողովրդավարական Թուրքիան իրեն լավ պահի, ընդգրկվի ԵՄ, տեղ կլինի նաեւ Հարավային Կովկասի ու մասնավորապես Հայաստանի համար», ասաց Պեր Գարտոնը։

Տիգրան Թորոսյանն ասաց, որ իր կարծիքով Հայաստանը եւ՛ հնարավորություն ունի, եւ՛ պարտավոր է այս ուղղությամբ գնալու։ «Մենք հուսով ենք, որ ԵՄ-ն մոտ ապագայում եւս պատրաստ է լինելու վերջնականորեն քննարկել այս հարցը։ Խնդրի լուծումը ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ-ի համար ունի բացառիկ նշանակություն, որովհետեւ դա կստիպի ԵՄ-ին շատ ավելի ուշադիր եւ լուրջ վերաբերվել իր հարեւանների իրավիճակին, իրողություններին, դժվարություններին ու բարդություններին, սա փոխադարձ օգտակար եւ շահավետ ծրագիր է», ասաց նա։

ԱԺ փոխնախագահն ասաց, որ «Ընդլայնված Եվրոպա» ծրագրին անդամակցության համար, ճիշտ է, կլինեն որոշ հատկացումներ, բայց շատ բան մեզանից է կախվածՙ կկարողանա՞նք օգտագործել այդ հնարավորությունները։ «Առաջին հերթին մենք պետք է կարողանանք ծրագրեր առաջարկել, համագործակցության կոնկրետ հարթություններ ստեղծել», ասաց նա։ Այժմ իշխանությունները, կառավարությունը ծրագրեր են մշակում, որոնք, ըստ Տ. Թորոսյանի, շուտով կներկայացվեն հանրությանը։ «Ներքին խնդիրների լուծման առումով չափազանց կարեւոր է, որ Հայաստանը նաեւ իր հարեւանների հետ լինի այս կամ այն ծրագրում, կառույցում, առավել եւսՙ եվրոպական։ Շատ ավելի հեշտ է լինելու տարբեր խնդիրներՙ մասնավորապես ԼՂ-ի հակամարտության խնդիրը լուծել, երբ նույն միջավայրում ենք», ասաց նա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4