«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2004-05-11 | #86, 2004-05-12 | #87, 2004-05-13


14-ՐԴԸՙ ՆՎԻՐՎԱԾ ԻՐԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Շարունակելով հայկական պատմական քաղաքներին եւ գավառներին նվիրված արդեն ավանդական դարձած միջազգային գիտաժողովների շարքըՙ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանը (ԼԱԿՀ) հայտնում է, որ հերթականՙ 14-րդը նվիրված կլինի Իրանի անցյալ եւ ներկա հայ համայնքներին։ Համալսարանի արդի հայոց պատմության կրթական հիմնադրամի հովանավորությամբ եւ Լոս Անջելեսի հայկական ընկերության, ինչպես նաեւ ԼԱԿՀ-ի միջազգային ինստիտուտի, Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների Ֆոն Գրունբաում կենտրոնի եւ Եվրոպական ու եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի աջակցությամբ անցկացվող գիտաժողովը տեղի է ունենալու մայիսի 14¬16-ը նախ Գլենդեյլի Պրեսբիթերյան եկեղեցու դահլիճում եւ ապաՙ ԼԱԿՀ-ի գիտությունների կաճառում։

Զեկուցումներով գիտաժողովին մասնակցելու են հայտնի գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Իտալիայից, Կիպրոսից եւ Միացյալ Նահանգներից։ Գիտաժողովի առաջինՙ ուրբաթ օրվա երեկոյան նիստը կբացի գիտաժողովների շարքի կազմակերպիչ Ռիչարդ Հովհաննիսյանը եւ կխոսի հայ-պարսկական հարաբերությունների մասին ընդհանրապես։ Այնուհետեւ «Սալմաստ. պատմությունը, ազգաբնակչությունը եւ դերը» թեմայով զեկուցում կկարդա Օնիկ Հայրապետյանը (Մաշտոց եւ Գլենդեյլ քոլեջներից)։ Նրան կհաջորդեն Հայաստանի ազգային արխիվի աշխատակից Գոհար Ավագյանըՙ «Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Ներսես արք. Մելիք-Թանգյան» թեմայով եւ հայ ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության աշխատակից Արմեն Հախնազարյանըՙ «Սուրբ Թադեոս առաքյալի եւ Ձորձորի վանքերը» թեմայով զեկուցումներով։

Շաբաթ օրվա առավոտյան նիստին ելույթ կունենան պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը, Էն Էլիզաբեթ Ռեդգեյթը (Նյու Քեսլ համալսարանից, Անգլիա), Պիտեր Քաուին (ԼԱԿՀ), Թոմաս Սինկլերը (Կիպրոսի համալսարան, Նիկոսիա), Գաբրիելա Ուլուհոջյանը (Բոլոնիայի համալսարան, Իտալիա) եւ Վազգեն Ղուկասյանը (Հայոց եկեղեցու թեմ, Նյու Յորք) համապատասխանաբարՙ «Իրանի հայ համայնքները-ներածություն», «Հայկական Իրանը Վասպուրականի պատմության մեջ. 9¬10-րդ դդ.», «Հայկական գործունեություն Թավրիզում 13¬14-րդ դարերում», «Հայկական արձագանքներ Մակուում իշխանությունների անկման վերաբերյալ-1426 թիվ», «Օսմանյան ռազմական գործողություններ Ադրբեջանում, մետաքսի առեւտուրը եւ հայերը. 16¬18-րդ դդ.», «Հայերի սոցիալ-քաղաքական կյանքը Հյուսիսային Իրանում ըստ արձանագրությունների. 17¬19-րդ դդ.» եւ «Հայկական գյուղական բնակավայրեր Կենտրոնական Իրանում. 17¬19-րդ դդ.» թեմաներով։

Նույն օրը, կեսօրից հետո կլսվեն հետեւյալ զեկուցումները. «Ատրպատական շրջանի դերը հայկական ազատագրական շարժման մեջ» (Ռուբինա Փիրումյան, Կալիֆոռնիա համալսարանից, Լոս Անջելես), «Մեր երկիրը-իրանահայ ինքնությունն իրանական սահմանադրական հեղափոխության ժամանակ» (Հուրի Պերպերյան, Կալիֆոռնիա համալսարանից, Լոնգ Բիչ), «Կոտորածները Խոյում ու հայերի եւ իրանցիների փորձառությունները-1914¬18 թթ.» (Ռոզ Մարի Քոհեն, Լոս Անջելեսից), «Րաֆֆու պատմվածքները իրանահայերի կյանքի մասին» (Գայանե Հակոբյան, ԼԱԿՀ), «Հակոբ Կարապենցի Իրանը» (Անահիտ Քեշիշյան, ԼԱԿՀ), «Պարսկահայերենն արդի հայերենի երրորդ գրական տարբերակը» (Բերտ Վո, Վիսկոնսինի համալսարանից)։

Կիրակի օրվա առաջին նիստը կընթանա հայերենով, ելույթ կունենան Տեր-Ստեփանյանը (Երեւանի Մատենադարանից) «Պարսկահայերը ԺԶ-ԺԸ դարերում ըստ մատենագրական աղբյուրների» թեմայով։ Ապա Արմեն Հախնազարյանը (հայ ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունից) «Հայկական Ղարաբաղը» թեմայով եւ վերջապես Արծվի Բախչինյանը (Երեւանից) «Հայերը իրանական թատրոնում եւ կինոյում» թեմայով։

Երկրորդ նիստը կընթանա անգլերենով։ Զեկուցումով հանդես կգան Սամվել Ստեփանյանը (Գլենդեյլից)ՙ «Հայ բուրժուազիան Իրանի տնտեսական կյանքում 19¬20-րդ դդ.), Աիդա Ավանեսյանը (Թեհրանից)ՙ «Հայկական համայնքը Թեհրանումՙ անցյալ, ներկա եւ ապագա հեռանկարները», Կլաուդիա Տեր-Մարտիրոսյանը (ԼԱԿՀ-ից) եւ Անի Բաքալյանը (Նյու Յորքի համալսարանից)ՙ «Իրանահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հարավային Կալիֆոռնիայում» թեմաներով։

Կոնֆերանսի օրերին կգործի Ռիչարդ եւ Աննա Էլիզաբեթ Էլբրեխտի լուսանկարչական ցուցահանդեսը։

Հիշեցնենք, որ նախորդ կոնֆերանսները նվիրված էին Վանին, Բիթլիսին, Տարոնին, Էրզրումին, Սեբաստիային, Տիգրանակերտին, Ուրֆային, Կիլիկիային, Կարսին, Իզմիրին, Կեսարիային եւ այլ քաղաքներին։

Կոնֆերանսների կազմակերպիչն է պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4