Մայիսի 13-ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսը Ուրուգվայից մեկնեց Արգենտինա։ Բուենոս Այրեսի օդանավակայանում Նորին սրբությունն արժանացավ ջերմ ընդունելության։ Օդանավակայանի պատվավոր հյուրերի համար նախատեսված սրահում տեղի ունեցավ բարիգալստյան արարողություն, որին ներկա էին Ուրուգվայի արտաքին գործոց նախարարության կրոնի հարցերով քարտուղար Կիժերմո Օլիվերին, փոխքարտուղար Հեկտոր Մասկելերոն, կրոնի քարտուղարության տնօրեն Խորխե Ալգայտերին, ինչպես նաեւ Ընդունելության համագաղութային հանձնախմբի անդամներՙ Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Գիսակ սրբազանը, Հայ կենտրոնի վարչության նախագահ, ազգային բարերար Արմեն Մեծատուրյանը, փոխնախագահ Ալբերտո Ճերեճյանը, ՀԲԸՄ-ի նախագահ Վահրամ Հայրապետյանը եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Օդանավակայանից Վեհափառ հայրապետը մեկնեց Կորդոբա։ Բուենոս Այրեսից 800 կմ արեւմուտք գտնվող Արգենտինայի երկրորդ մեծ քաղաքում ապրում են շուրջ 5000 հայեր, որոնք ունեն իրենց եկեղեցին, դպրոցը, ազգային զանազան այլ կառույցներ։ Նույն օրը Նորին սրբությունը «Հրաշափառ»-ով մուտք գործեց տեղի Սբ. Գեւորգ եկեղեցի, ուր բազմաթիվ հավատացյալներ արժանացան Հայրապետի աջհամբույրին։
Վեհափառի հովվապետական այցը Կորդոբա կշարունակվի մինչեւ մայիսի 16-ը։ Այստեղից Նորին սրբությունը կմեկնի Բուենոս Այրես։