ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ իբրեւ նկարիչ ինձ բախտավոր եմ համարում, որ 1962-ի ուշ աշնանից շուտ չեմ ներգաղթել Սովետական Հայաստան։ Մեր ընտանիքին բնակարան տվին Լենինականում։ Չէի իմանում, որ այդ ժամանակը Սովետական Միության պատմության մեջ կոչվելու էր «Խրուշչովյան ժամանակ»։ Ասում էին նաեւ «ձնհալի» ժամանակ. սովետական սարսափելի բռնությունը մարդոց վրա թուլացել էր եւ արդյունքը այն էր եղել, որ տասնամյակներ պապանձումի եւ խուլ համրութենեն դուրս էին գալիս մարդիկ, եւ այդ վիճակը մանավանդ արտահայտվում էր կերպարվեստի եւ գրականության անհավատալի ծաղկումով։ Հանկարծ երեւան եկան մարդիկ, արվեստագետներՙ մանավանդ, որոնք կարծեք ապրած չըլլային սովետական աղետալի ռեժիմին սարսափները եւ ճնշումները։ Մարդուն դեպի արվեստ ձգտումը, որ հոմանիշ է ազատության հանդեպ սիրույն, չէր ոչնչացել, եւՙ մի քիչ արեւ, մի քիչ ջերմություն, եւ ասֆալտի տակից իրենց գլուխը բարձրացնում էին ձնծաղիկները։
Հայաստանում (Լենինական) տեղավորվելուց մի քանի օր անց Երեւանում բացվեց նկարիչներու միությունում հանրապետական ցուցահանդեսը, ուր ես ալ բախտը ունեցա ցուցադրվելու։
Սովետական կերպարվեստի մասին քիչ բան գիտեի, պատահաբար ձեռքս անցած հրատարակություններից, արտատպումներից։ Գիտեի անշուշտ Մարտիրոս Սարյանի մասին, գիտեի իր արվեստին նշանակությունը մեր ժողովուրդին համար, գիտեի իր արվեստին համաշխարհային չափի մասին, բայց տակավին չէի այցելել իր արվեստանոցը։ Ահավասիկ ինծի ներկայանում էր առիթը միանգամից դիտելու հայրենիքում ստեղծագործող հայ նկարիչներու, քանդակագործներու աշխատանքները։ Ցուցահանդեսը ընդհանրապես կազմված էր «սոցռեալիստական» պատվերներով, բայց նկատեցի մի քանի աշխատանքներ, որոնք տարբերվում էին մյուս նկարներից։ Մանավանդ, ուշադրությունս գրավեց Մինասի նկարչությունը։ Այս արդեն ուրիշ բան էր, եւ երբ Մինասին շնորհավորեցի իր գործին համար, ըսավ, որ համբերեմ, իր նկարչության մասին կարծիք հայտնեմ իր արվեստանոցը այցելելուց հետո, եւ հրավիրեց իր արվեստանոցը, ուր կարծեմ նույն օրն ալ գտնվեցի։ Սարյանի մասին գիտեի իբրեւ մեծ արվեստագետ, համաշխարհային չափանիշով մեծագույն արվեստագետ, բայց Մինասի արվեստանոցում ես ապշել էիՙ հակառակ բավական նկարչություն տեսած ըլլալուս. Մինասի արվեստը ինծի համար իսկական նորություն էր, ցնցիչ անակնկալ։ Միանգամից ինծի համար պարզ դարձավ, որ ես հանդիպել եմ նկարիչ հանճարի։ Երբ դուրս եկա Մինասի արվեստանոցից, փառք էի տալիս Աստուծո, որ մեր ժողովուրդը մնում է հանճարածին, եւ ահավասիկ, երբ Սարյանը տակավին կենդանի է, հայ ժողովուրդը ծնել է մի նոր հանճար, եւ հայ ժողովուրդը չի մնալու առանց հանճարի։ Կյանքիս ուրախ օրերեն մեկն էրՙ անմոռանալի ընդմիշտ, եւ լիցքավորված էի վստահությամբ մեր երկրի հանդեպ։ Անշուշտ չէի գիտեր տակավին, որ ինչ ըսել է սովետական ռեժիմ եւ ինչ վերաբերմունք կա Սովետական Միության մեջ կոմունիստական ղեկավարներու կողմե իսկական արվեստի հանդեպ։ Կամաց-կամաց սկսեցի հասկանալ, թե ինչ էր կատարվում մեր հայրենիքի մեջ։ Ծանոթացա մեծ նկարիչ Հարություն Կալենցին, որ, ինչպես երեւում էր, ուրախ չէր, հակառակ Աստուծո կողմե իրեն շնորհված իսկական մեծ արվեստագետի տաղանդին։ Իմացա տարաբախտ տաղանդավոր նկարիչ, Փարիզեն հայրենիք ներգաղթած հավատավոր արվեստագետինՙ Պետրոս Կոնտուրաճյանի եղեռնական կասկածելի մահվան մասինՙ անձնասպանություն, որ կարելի էր միայն բացատրել Սովետական Միության կյանքի պայմաններով։ Մեծ կորուստ մեր ժողովուրդին եւ մշակույթին համար։ Շատ ժամանակ չէր անցել, երբ սփյուռքից 1947-ին հայրենիք ներգաղթած մի խումբ հայ նկարիչներ, որոնք կազմավորվել եւ ստեղծագործել էին սփյուռքում ազատ երկիրներու մեջ եւ գնահատվել, ինձ մոտեցան եւ առաջարկեցին, որ ստորագրեմ մի բողոքագիրի տակՙ ուղղված Մոսկվա, բողոքելու համար Հայաստանում իրենց հանդեպ եղած անվայել վերաբերմունքի մասին։ Առաջարկը շատ արտառոց թվաց ինծիՙ հակառակ որ տեսնում էի, որ իմ դեմս լուրջ մարդիկ են եւ վստահաբար իրենց դժգոհությունը հիմքեր ուներ։ Պատասխանեցի, որ չեմ կարող ընդառաջել իրենց առաջարկին, եւ ըսի, որ չեմ եկած ապրելու հայրենիքիս մեջ (Սովետական Հայաստան), որպեսզի իմ հայրենիքիս մասին գանգատվեմ ռուսներին։ Ինչ որ է, նոր էի եկել, սովորելու շատ բան կար, որոնք նորություն էին ինծի համար։ Կամաց-կամաց ծանոթանում էի մեր նկարիչներու գործերուն եւ նկարիչներուն, եւ տեսա, որ Մինասի կողքին կան նաեւ ուրիշ տաղանդավոր արվեստագետներ, որոնք ուզում էին ստեղծագործել ազատորեն, այսինքնՙ իրենք էին նվաճում իրենց ազատությունը արժանապատվությամբ։ Անշուշտ, այդ նոր երիտասարդ արվեստագետներու պարագլուխը եւ օրինակը Մինասն էր։ (Ի ծագելն արեգական կորնչին աստղերն։) Այդ նկարիչներու թիվը մեծ չէր, բայց Հայաստանի կերպարվեստի մեջ շատ զգալի իրենց ներկայությունը զգալի էր նաեւ Սովետական Միության տարածքով։
Այդ նկարիչներեն մեկն ալ գրվածքիս հերոսն էՙ նկարիչ Հակոբ Սուքիասյանը, որ մեր 20-րդ դարու հայ նկարչության մեջ ունի իր շատ պատվավոր տեղը, որ ինքը նվաճել է իր տաղանդովը, իր նկարագիրովը, իր մասնագիտական կատարյալ պատրաստվածությամբ եւ իր աշխատասիրությամբ։
Ցուցահանդեսներու մեջ ես միշտ հետեւել եմ Հակոբի նկարներուն, միշտ հիացել եմ, շատ հավանել եւ զինք անպայման շնորհավորել։
Այս հոդվածը երբ որ սկսեցի գրել, չէի մտածում, թե ինչ ծավալ պետք է ունենա, բայց քանի որ ես պիտի գրեի ինծի սիրելի նկարիչի մը մասին, որոշեցի ինձ չզսպել։ Հիմա ես ուզում եմ խոսել Հակոբի արվեստին մասին, ըստ իս բուն իր նկարչության էությանը մասին։ Պետք ունիմ նախաբանի մը։ Խոսքս արվեստի ազգային բնույթի մասին պիտի ըլլա. կա՞ արվեստի մեջ ազգային հատկանիշ, թե՞ մանավանդ կերպարվեստը չի կրնար ըլլալ ազգային, եւ կամ շատ կարեւոր չէ, կամ բնավ կարեւոր չէ արվեստի գործի ազգային հատկանիշերը։
Ընդունելով հանդերձ, որ մենք, ասենք, հայերս շատ հաճույքով հաղորդակցվում ենք ուրիշ ժողովուրդներու արվեստին եւ ընկալում, նաեւ սովորում ենք։ Ընդունելով նաեւ, որ ուրիշ ժողովուրդներ ծավալով եւ քանակով ու որակով այնքան մեծ արժեքներ են ստեղծել եւ ստեղծում են, որ մեր ազգային ժառանգությունը թվում է, որ շատ նշանակալից չէ, որ հայ նկարիչը չէր կարող չտարվել եւ չոգեւորվել 20-րդ դարու եվրոպական, ավելի ճիշտըՙ Փարիզյան նկարիչներու ստեղծագործություններով։ Եվ սակայն ես կարծում եմ, որ կա հայկական արվեստ, որ հակառակ իր քանակի փոքրության, ունի մի որակ, որ իրեն համաշխարհային մշակույթի մեջ պատվավոր տեղ է ապահովում։ Ուրիշ հարց, սա է ամենակարեւոր ըսելիքս, որ ամեն հայ նկարիչ կարո՞ղ է ստեղծել «հայկական նկարչություն», կամ ստեղծածը որքա՞ն հայկական է։ Ես հավատացած եմ, որ կա հայ նկարչություն, կան «հայ» նկարիչներ, եղել են եւ կուզեմ հավատալ, որ լինելու են։ Ամենադժվար վիճակը. որո՞նք են այն հատկանիշները, որոնցմով մենք որոշում ենք ստեղծագործության մը հայկականությունը։ Որոշելո՞վ է, թե՞ մենք զգում ենք գործի հայկականությունը առանց կարենալ բացատրելու։ Կարծեմ պայման մը կա, որ գործը ընկալողն ալ պետք է որ հայ ըլլա։
Այս առիթով ես ուզում եմ շեղում մը կատարելՙ հիշելով պահ մը կապված համաշխարհային համբավ ունեցող մեքսիկացի որմնանկարիչ Սիքերիոսի հետ։ 20-րդ դարու մեքսիկական նկարչության մասին խոսիլը (Օրոզկո, Ռիվերա, Սիքերիոս) մեզ շատ հեռուները կրնա տանիլ։ Իմացողները գիտեն այդ նկարչության մասին։
Ուրեմն 1978 թվին կարծեմ, մեծանուն նկարիչը Մոսկվա եւ Լենինգրադ այցելելուց հետո, ուզեցել էր նաեւ լինել Հայաստանում։ Հայաստանում իրեն ընկերանում էր Երեւանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։ Ես եւս իմացա, որ, ինչպես ուրիշներ, Սիքերիոսը նաեւ այցելելու է Հ. Իգիթյանի հիմնած ժամանակակից արվեստի թանգարանը։ Ուրիշներու հետ ես ալ թանգարանում էիՙ սպասելով նշանավոր նկարիչը տեսնելու, որ մեզի համար լեգենդի պես էր։
Անշուշտ, նկարիչները ուզում էին ցույց տալ իրենց նկարները, մանավանդ թանգարանի տնօրենը կարծում էր, որ Սիքերիոսը անակնկալի է գալու։ Սիքերիոսը կյանքին մեջ շատ նկարչություն էր տեսել, շատ բան գիտեր եւ չեմ գիտեր, թե որքան իսկապես պիտի ուզենար տեսնել ժամանակակից հայ նկարիչներու գործերը։ Համենայն դեպս եկել էր թանգարան եւ դիտեց նկարները։ Ես իրեն չէի մոտենում մինչեւ իմ նկարիս մոտենալը։ Ինքը ֆրանսերեն էր խոսում, երբ նայում էր ցուցահանդեսը, ուր ցուցադրված էին մեր ժամանակի 70-ական թվականներու լավագույն նկարիչներու գործերը, նաեւ մի քանի երեց նկարիչներու գործեր, որոնք մոտ էին երիտասարդներու։ Չմոռնամ ըսելու ամենակարեւորը, որ այդ թանգարանը հիմնականում իր պատերուն մեջ հավաքել էր այն իսկական արվեստագետներու գործերը, որոնք առանց հակադրվելու պարզապես անտեսում էին պետական պատվերներ, եւ ցուցահանդեսը ամփոփում էր 70-ականներու անկեղծ եւ մաքուր արվեստը, որով մենք կրնայինք հպարտանալ։ Այդտեղ ցուցադրված էր լավագույնը, որ հայ արվեստագետները կարող էին ստեղծել։ Երբ որ Սիքերիոսը դուրս պիտի գար թանգարանից, ես լսեցի ֆրանսերեն իր խոսքը։ Ասացՙ դուք շատ մի հետեւեք այդ փարիզյան դպրոցին եւ նկարեցեք ձեր ժողովուրդին պատմությունը։ Այս նախադասության մեջ էր ամփոփված իր գնահատականը մեր ցույց տված նկարչությանը, որ բնավ ալ անարժեք չէր, եւ նաեւ ինք մեզ ասում էր իրՙ սիքերիոսական նկարչության աշխարհայացքի մասին։ Ես այս բանը պատմեցի ի միջի այլոց։
Կարելի է վիճելի գտնել իր ըսածը, բայց նայած ով. իրենքՙ մեքսիկացի երեք նշանավոր նկարիչներըՙ Ռիվերա, Սիքերիոս եւ Օրոզկո, Մեքսիկոյի հանրային շենքերու պատերու վրա հսկայական «բազմաֆիգուր» կոմպոզիցիաներ էին արելՙ պատմելով իրենց ժողովուրդին հերոսական պայքարը ազգային ազատագրության եւ սոցիալական արդարության համար. այդ նկարչությունը այսօր ծանոթ է մարդկության իբրեւ մեքսիկական նկարչություն, եւ մեքսիկացիների հպարտությունն է։
Մեքսիկացի նկարիչները իմանալով իրենց ժամանակ Եվրոպայում, մանավանդ Փարիզում կատարվող ճիգերը նոր ձեւերու եւ գեղարվեստական մտածողության փնտրտուքներու մասին, որոշեցին իրենց կարողությունները ի սպաս դնել նոր ստեղծվող պետության ճիգին։
Մեքսիկայի նշանավոր նկարիչին «մտահոգությունը» երեւի այն էր, որ հայ նկարիչները, շատ տարվելով եվրոպական, մանավանդ փարիզյան նկարիչներու ստեղծագործություններով, կրնան հայտնվիլ անվերջ ուրիշներու ետեւեն քարշ եկողի վիճակում, քանի որ մենք չէինք ստեղծում որեւէ նոր մտածում կամ ձեւ։ Եվՙ մինչեւ այսօր։
Բայց մի՞թե չէին եղել տաղանդավոր հայ նկարիչներ, որոնք իրենց նկարներով պատմում էին իրենց ժողովուրդին պատմությունը։ Եվ եթե Սիքերիոսը ասում էր «ձեր ժողովուրդին պատմությունը», նկատի ուներ միայն ժողովուրդի պատմության իրենց մոտեցումը։ Դա կարծեմ պարտադիր չէր, որ անպայման հայ նկարիչն ալ նկարեր իր ժողովուրդին հետ, ըսենք, պատահած քաղաքական կամ սոցիալական դեպքերը։ Մեր հանճարեղ սիրելի վարպետը ըստ իս հայ ժողովուրդի պատմությունը նկարեց աշխարհին եւ մարդկության ներկայացնելով բնապատկեր մըՙ «Հայաստանը», որ որքան գիտեմ, բացառիկ է, եւ ոչ մի նկարիչ չի նկարագրել սպառիչ կերպով իր հայրենի բնօրրանը մեկ նկարի մեջ։ Նոր նկարիչներ նկարել եւ նկարում են բնապատկերներ, բայց դրանք կրնան մնալ իբր սքանչելի արվեստի գործեր, բայց ոչ երկրի մը դիմանկարը, որ կարծեմ փորձել է եւ հաջողել է միայն վարպետ Սարյանը, որով նկարիչը վերջնականապես հաստատում է բնաշխարհին հայ ժողովուրդին պատկանիլը երկրագունդին այդ կտորին վրա։ Օտար որեւէ նկարիչ չի կարող Հայաստանը նկարել, որովհետեւ օտարը չի կարող տեսնել Հայաստանը, օտարը կարող է տեսնել հողը, երկինքը, ջուրը, ծառերը, դաշտերը, լեռները, դա կարող է լուսանկարչական գործիքն ալ տեսնել, բայց չի կարող տեսնել երկիրը. Հայաստանը միայն աչքերով չի տեսնվում։
Ահավասիկ ժողովուրդի պատմություն պատմելու նոր ձեւ մը տարբեր մեքսիկականեն. Կոջոյանը, Մինասը իրենց որմնանկարներովՙ նկարված պատերու վրա պատահական տեղեր եւ ենթակա ոչնչացման, երբ երկրաշարժեն ի վեր քանի տարի է մնացած են անխնամ վիճակի մեջ եւ մատնված անտերության։
Անշուշտ, նկարչության արվեստը անսահման է, եւ կարելի չէ որեւէ հանճարեղ տեսակետով վերջնական որոշումներու հանգիլ։ Ամեն նկարիչ ամեն բանե առաջ նկարելու է այն, ինչ որ ինքն է ուզում եւ կրնա իր ժողովուրդին օգտակար ըլլալու իր ձեւը գտնել։ Այս մասին երկու կարծիք չի կարող ըլլալ, բայց դատելով այսօրվա մեր նկարչության վիճակեն, մենք ոչ Սարյան եւ ոչ ալ Մինաս ունենք 30 տարեկան։ Ուզում են ամբողջ տարին պառկին եւ ուտեն-խմեն Վենետիկի «բիենալեի» այգիներուն մեջ. աստված իրենց հետ։
Օհան Դուրյան ասել է մեր օրերու մասին, որ երաժշտություն չկա, կա աղմուկ։
Բայց վերջապես ես ուզում եմ վերադառնալ բուն իմ ըսելիքիս եւ այդպես վերջացնել հոդվածս։
Եթե ինծի հարցնեն, որ այսօր եւ նաեւ երեկ ո՞ր նկարիչն ես գնահատում իբրեւ ՀԱՅ նկարիչ, ես պիտի ըսեմՙ այդ նկարիչը Հակոբ Սուքիասյանն է։ Նաեւ կուզեմ հիշեցնել, որ շատ հայ նկարիչներ կրնան «հայության» արտահայտիչ ըլլալ. ամեն մարդ իր ձեւով։
Ես կրնամ որոշ չափով նկարագրել Հակոբի նկարները։
Այսպես, Հակոբի նկարները ունին «ֆակտուրա». խոսքը արտաքին կտավի վրայի ֆակտուրայի մասին չէ, այլ ներքին։ Այդ ֆակտուրան, ես պիտի ըսեմ, քարն է։ Հայաստան եւ քար ամենաշատ զուգորդված բառեր են։ Իր գույները, կրնամ ըսել, հիմնական Հայաստանի քարերու, հողի գույներ են։ Իր Հայաստան բնաշխարհը կարծես քարի կտոր մըն է։ Իր բնաշխարհի բնակիչներուն կառուցած տուները այդ նույն տաշված քարերն ենՙ պարզ, նախնական, հին ժամանակներու կառույցներեն նոր դուրս եկած եւ հողեն վերցված քարերեն ստեղծված պարզ բնակարաններ, որոնք անշուշտ նման չեն մայրաքաղաքի վարդագույն տուֆի նախշուն բնակարաններուն։ Մարդիկըՙ տղամարդ, կին կամ երախա, կարծես պարզ քարե քանդակներ են, որոնք ուժ, հանգստություն եւ բարություն են ներշնչում։ Նույնիսկ երկինքի մեջ լողացող ամպը կարծես քարից է, որ լողում է օդի մեջ։ Մարդը, բնությունը, եւ իր ստեղծագործությունը միաձույլ են. քարի վրա պառկած հանգստացող մարդը կարծես քանդակ է, քանդակված է քարի վրա, եւ այս չոր, պարզ (աղքատ) բնության մեջ կա հրաշքը, թեեւ պզտիկ։ Կա նաեւ ջուրը։ Ջուրը, որ եղել է հին ժամանակեն հայու պաշտամունքի առարկան։
Ամենախորհրդավոր նկարներեն է գյուղի աղբյուրի երկաթե խողովակից դուրս ժայթքող կաթնագույն ջուրի դիմաց սեւեռուն կանգնած հայ երիտասարդ կինը, որ եկել է ջուր վերցնելու... Ջուրը կյանք է, հոսող, հավերժ կյանք տվող։ Պատանին, որ կանգնած է կտուրին իր պատանեկան արբունքի մեջ սրինգը շուրթերուն, չես գիտեր առավոտ լուսո՞ն է ողջունում, թե՞ իր սիրած աղջկան լուր է ուղարկում։ Չկա թելեվիզիոնի աշխարհը իր լկտի պատգամներով, գիշերային իր ոճիրներով։ Հոգնատանջ հուժկու մարդըՙ նստած աղբյուրի կողքին։ Աքլորը կտուրին վրաՙ ոսկեզօծ ամպերուն երգիչը։ Այն աշխարհը, որ Հակոբը նկարում է, հինավուրց Հայաստանն է, Տորք Անգեղի Հայաստանը, որ եղունգներով քանդակում էր ժայռերը։
Ես մի քանի բաներ հիշեցի Հակոբի նկարներեն, որ լեցուն են գաղտնիքներով, որ անգիտակցորեն շատ հինեն ժառանգել է ինք իր նախնիներից եւ հասցրել է մեզի։ Եթե ուշադիր նայինք եւ մտածենք, շատ հուզիչ եւ խորհրդավոր բաներ կարող ենք հայտնաբերել Հակոբի գործերուն մեջ, արտաքնապեսՙ աղքատ, բայց ներքնապեսՙ շատ հարուստ։ Մեզի է մնում պեղել այդ նկարները եւ կարդալ առեղծվածները։
Հակոբը սքանչելի «գրաֆիկ» է եւ վստահ եմ, որ եթե առիթը ներկայանար, ինքը կարող էր կատարել մեծ որմնանկարներ. իր գործը մեծնալու կարողություն ունի, հակառակ որ հրաշալի գիտի ժամանակակից կոչված եվրոպական նկարչություն, իր գործին մեջ նշույլ անգամ չկա օտար մտածողության։ Իր ստեղծածի հումքը հայաստանյան է, ստեղծողն ալ։ Իր ստեղծագործությունը գետնեն դուրս ժայթքող ջերմուկ ջուրին պես է, որ միայն Հայաստանի հողեն կարող է դուրս բխիլ։
Ես իր գործը շատ եմ սիրում։ Նաեւՙ իբրեւ մարդ. իր սովորական կյանքին մեջ սքանչելի ընկեր, պատվախնդիր եւ ազնվահոգի մարդ է Հակոբը իր հրաշալի տիկնոջ հետՙ Սոֆիկով։