Դրանից բողոքները կնվազե՞ն
Հանրակրթական դպրոցներում այս տարվանից կանցկացվեն առաջին հանրապետության օրվանՙ մայիսի 28-ին նվիրված պետականության դասեր, որոնք կվարեն պետական ու քաղաքական գործիչները։ Գիտության ու կրթության նախարար Սերգո Երիցյանը երեկ դասավանդեց Արագածոտնի մարզի Ավան գյուղում, իսկ մինչ այդ հանրային ռադիոյի մամուլի սրահում հանդիպեց լրագրողներինՙ հանրակրթության ու բուհական համակարգերում կատարվող բարեփոխումների մասին նոր մանրամասներ հաղորդելու։ Նա համոզված է, որ հանրակրթության ոլորտից բողոքները կնվազեն նախարարությանը կից տեսչական բաժին ստեղծելուց հետո։ «Աշխարհում չկա մի պետություն, որտեղ կրթության նախարարությունը չունենա տեսչական մարմին», ասաց նախարարը, ավելացնելով, որ միակ պետությունը Հայաստանն է։ Սակայն հուսահատվելու կարիք չկա, քանի որ առաջիկա ամիսներին մեր նախարարությունն էլ կունենա համանման բաժին, որը բողոք-դիմումներով զբաղվելուց բացի կունենա նաեւ այլ գործառույթներ (միայն թե հեռու մնա կաշառակերությունից)։
Երկու տարի հետո հանրակրթության ոլորտում կգործի գնահատման նոր կարգը, անցում կկատարվի նոր կրթակարգի։ Երկու ամիս առաջ հասարակական քննարկման դրված նոր կրթակարգի վերաբերյալ նախարարությունը ստացել է 1000 առաջարկ, որոնց հիման վրա կատարվել են որոշ լրացումներ։ Հիշեցնենք, որ կրթակարգն ամենից խիստ քննադատվել էր Երեւանի պետական համալսարանում կայացած քննարկման ժամանակ։ Համալսարանի մանկավարժության ամբիոնից տեղեկացանք, որ կրթակարգի լրացված տարբերակն այլեւս համալսարան չի ուղարկվել, այնպես որ առաջարկներ կատարած մասնագետներն իրականում տեղյակ չեն, թե դրանք որչափ են ընդգրկվել։
Բուհական համակարգում կատարված ամենակարեւոր փոփոխությունը պրն Երիցյանը համարեց մագիստրատուրայում տեղերի ավելացումը։ Այս տարի յուրաքանչյուր բուհում ավելացվել է 20 տեղ, մագիստրանտների ընդհանուր թիվը դարձել է 350։
Կրթության նախարարությունն այս տարվա աշնանը Երեւանում կանցկացնի ուսանողական գիտական միջազգային կոնֆերանսՙ «Ուսանողությունը 21-րդ դարասկզբին» խորագրով, որը բազում հարցերի հետ կանդրադառնա նաեւ Հայոց ցեղասպանությանը։ «Ուսանողական աշուն» փառատոնում հանդես կգան բուհերի շնորհալի ուսանողները, գեղարվեստական խմբերը։
Հունիսին կկազմակերպվեն ուսանողական ջոկատներ, որոնք Տավուշի եւ Լոռու մարզերում կմասնակցեն ուժեղ քամիների հետեւանքով տուժած անտառների վերականգնման աշխատանքներին։
Մեկ ամսից հայոց լեզվի, հայոց պատմության ու հայ եկեղեցու պատմության լավագույն ուսուցիչներ ընտրվածները Մայր աթոռի հովանավորությամբ կարժանանան դրամական մրցանակների։
Ռ. Պ.