«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2004-05-13 | #88, 2004-05-14 | #89, 2004-05-15


«HSBC ԲԱՆԿ-ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՄՐՑԱՆԱԿԸ ՇԱՀԵՑ «ԵՎՐՈԹԵՐՄԸ»

Արդեն երկրորդ տարին «HSBC բանկ-Հայաստանը» սահմանում է Հայաստանի լավագույն արտահանողին խրախուսող մրցույթ, որի հաղթողը ստանում է 10 հազար դոլար մրցանակ։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունի այն մասնավոր ընկերությունը, որն ունի առնվազն 20 եւ առավելագույնը 250 աշխատակից, տարեկան արտահանման ծավալը չի գերազանցում 5 մլն դոլարը եւ չի հարուցում էկոլոգիական խնդիրներ։ Այսինքն, տվյալ ընկերությունը պետք է ներկայացնի միջին բիզնեսը։

Հաղթող ընկերությանն ընտրելու նպատակով այս տարի եւս կազմվել էր հանձնաժողով, որում ընդգրկվել էին բանկի երեք ներկայացուցիչներ, ՀՀ ԿԲ նախագահը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում ամփոփվեց մրցույթը եւ հայտարարվեց հաղթող ընկերությունը։ «HSBC բանկ-Հայաստանի» գործադիր տնօրեն Նիք Գիլմորը նշեց, որ հայկական ձեռնարկությունները պետք է պատրաստ լինեն մրցակցելու միջազգային շուկայում, ինչին աջակցելու նպատակով էլ կազմակերպվում է այս մրցույթը։ 10 հազար դոլար մրցանակ ստանալու նպատակով մրցութային հանձնաժողովին իրենց տվյալներն էին ներկայացրել 26 ընկերություններ, որոնցից ընտրվել էին 5-ը։ Դրանք էինՙ «Արտաշես» ՍՊԸ-ն, Արտաշատի պահածոների գործարանը (նախորդ մրցույթի հաղթողը), HPLA-ն, «Մշակ» եւ «Եվրոթերմ» ընկերությունները։ Հաղթող ճանաչվեց «Նոյան» բնական հյութերի արտադրության «Եվրոթերմ» ընկերությունը։ Հայտարարելով հաղթողին, Նիք Գիլմորը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությունը կդառնա ամենամյա։ Ինչ վերաբերում է «Եվրոթերմին», ապա այս ընկերությունն իր արտադրանքն արտահանում է ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Լիբանան, Ճապոնիա։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4