«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի դեմ։ Այս մասին «Ազգի» հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Կարապետյանը։
Վերջին օրերին Գեղամյանը եւ նրա կուսակիցները հրապարակային ելույթներում եւ մամուլում տանում են Կարապետյանին վարկաբեկելու ակնհայտ քաղաքականություն։ Մասնավորապես Գեղամյանը հարցազրույցներից մեկում օգտագործել էր «Փալաքալ» արտահայտությունը, իսկ ընդդիմության վերջին հանրահավաքում նրան անվանել գործակալ։ «Ազգային միաբանության» առաջնորդներից Ալեքսան Կարապետյանը մամուլում «Նոր ժամանակների» առաջնորդին տվել էր «քաղաքական գործակալ», «քաղաքական կազաչոկ», «քաղաքական շառլատան», «գավառական ստախոս» վիրավորական անունները, նշել, թե ինչպես էին «իշխանությունները օդանավակայանի ծառայողական սրահներից մեկում հյուրասիրել իրենց տերերի հաջողակ գործակալին»։
Արամ Կարապետյանն ասաց, որ Գեղամյանը պետք է գա դատարան եւ փորձի բացատրություն տալ իր հասցեին զրպարտանք եւ հերյուրանք տարածելու համար։ «Ես ուզում եմ իմանալ, թե որ երկրի գործակալ եմ։ Եթե Գեղամյանը չներկայանա դատարան, ապա կհամարեմ, որ նա սուտասան է։ Չի կարելի մարդուն ուղղակիորեն վարկաբեկել», ասաց Ա. Կարապետյանըՙ հիշեցնելով, որ սա Հայաստանի քաղաքական կյանքում աննախադեպ երեւույթ է լինելու, երբ քաղաքական գործիչը դատի է տալիս մեկ այլ քաղաքական գործչի։ Նկատենք, որ Գեղամյանի քաղաքական խանդը Կարապետյանի հանդեպ նոր չէ։ Եթե Գեղամյանը համարվում է միացյալ ընդդիմության առաջնորդը, կամ առնվազն թիվ երկրորդ դեմքը, ապա Կարապետյանը Հայաստանի քաղաքական հիվանդ դաշտի նոր ուժերից է։
«Նոր ժամանակների» առաջնորդը Գեղամյանից փորձելու է ճշտել նաեւ, թե ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը, երբ Գեղամյանի հասցեին ասում էր, որ նա ներկայացվածից 10 անգամ էժան արժե, ինչպե՞ս է պատահում, որ նախընտրական շրջանում Գեղամյանի համար արտասահմանից 100 հազարից ավելի դոլար են ուղարկում, ճի՞շտ է արդյոք Գեղամյանի կնոջ հետ կապված մաքսանենգության պատմությունը ու մի շարք այլ հարցեր։
Արամ Կարապետյանը հերքեց տարածված խոսակցությունը, իբր ինքը մայիսի վերջերից ձեռնամուխ է լինելու հանրահավաքների։ Նա ասաց, որ մայիսի 26-ին հանդիպելու է կուսակցության երիտասարդական թեւի անդամների հետ, որտեղ քննարկվելու են ներքաղաքական ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները։ «Մենք համարում ենք, որ Քոչարյանը կսկսի բարեփոխումներ կատարել իշխանական բուրգում եւ ներքին քաղաքական հարցերում։ Կոալիցիոն կառավարության ձեւն իրեն չի արդարացնում», ասաց Կարապետյանը։
Թ. Հ.