Ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրված ամենամեծ միջազգային կազմակերպությունըՙ «Ցեղասպանության հարցերով զբաղվող գիտնականների միջազգային ասոցիացիան» (ՑԳՄԱ) տեղեկացնում է, որ երկու տարին մեկ անցկացվող իր կոնֆերանսներից հերթականՙ 6-րդը տեղի է ունենալու Ֆլորիդայի Ատլանտիկ համալսարանում (Բոկա Ռատոն, ԱՄՆ) 2005 թ. հունիսի 4-7-ը եւ քննարկելու է «90 տարի Հայոց ցեղասպանությունից եւ 60 տարի Հոլոքոսթից հետո։ Շարունակվող սպառնալիքը եւ ցեղասպանության ժառանգությունը» ընդհանուր թեման։
«Մարդիկ հավատում էին, որ Հայոց ցեղասպանությունից եւ Հոլոքոսթից հետո այլեւս երբեք ցեղասպանություն տեղի չի ունենա, բայց Կամբոջայում, նախկին Հարավսլավիայում, Ռուանդայում եւ այլուր տեղի ունեցածը ապացուցեց, որ սպառնալիքը շարունակվում է։ Համաշխարհային հասարակությանը բաժին ընկած ժառանգությունն այն է, որ մենք ունենք նորօրյա վերապրողներ, հանցագործներ, փրկարարներ եւ դիտորդներ», գրված է հաղորդագրության մեջ։
Ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտին կից գործող ՑԳՄԱ-ն հիմնվել է 1994-ինՙ Իսրայել Չառնիի, Հելեն Ֆայնի, Ռոբերտ Մելսոնի եւ Ռոջեր Սմիթիի ջանքերով։ Մոնրեալում տեղի ունեցած երկրորդ կոնֆերանսի օրերին միաձայն որոշում է ընդունվել 1915 թ. թուրքահայերի զանգվածային կոտորածները որակել «Ցեղասպանությունՙ համաձայն ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի»։ Ասոցիացիայի 200 գիտնականները լուրջ հետազոտություններ են կատարում ցեղասպանության բնույթի, պատճառների եւ հետեւանքների մասին ու երկու տարին մեկ հավաքվում կարծիքներ փոխանակելու համար։
Նրանց գործերում մեծ տեղ է հատկացվում Հայոց ցեղասպանությանը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։ Տպագրված գործերից շատերը հանդիպել են Թուրքիայի կառավարության դիմադրությանը եւ ճնշումներին, օրինակ, Հելեն Ֆայնի, Ռոբերտ Մելսոնի, Քոլին Թածի եւ ուրիշների գրքերը, որոնք, այնուամենայնիվ, տպագրվել են առանց թուրքերի պահանջած «սրբագրումների»։
Կոնֆերանսին մասնակցելու հայտ ներկայացնելու վերջին ժամկետ է նշանակված 2005 թ. հունվարի 15-ը։ Մանրամասնությունների համար այցելել http։//www.isg-iags.org, իսկ հայտ ներկայացնելու համարՙ feins001@umn.edu ինտերնետային սայթերը։
Հ. Ծ.