ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր Մեծ եղեռնի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ոգեկոչվեց Պոնտոսի հույների 1915-1922թթ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
«Թուրքական գազանության հետեւանքով Պոնտոսում զոհվեցին 300 հազար հույն, իսկ 400 հազարը տեղահանվեցին իրենց բնակավայրերից ու ապաստանեցին Հայաստանում, Վրաստանում եւ Հունաստանում։ Այս ցեղասպանությունը համընկավ Հայոց ցեղասպանության հետ, դրանց հետեւանքով վերջ դրվեց հայերի եւ հույների ներկայությանը Փոքր Ասիայի տարածքում, որտեղ այսօր մեր կորցրած հայրենիքներն են։ Պատմական ողբերգության ընդհանուր ճակատագիրն այժմ կապում է մեր ժողովուրդներին սերտ համագործակցությամբ ու համերաշխությամբ», արարողության ժամանակ նշեց ՀՀ-ում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսը։ Դեսպանը հայտարարեց, որ հայ եւ հույն նահատակների հիշատակը երբեք չի մոռացվի եւ ավելացրեց, որ ցեղասպանությունները ճանաչված դարձնելու համար միջազգային կազմակերպությունների շրջանակներում կներդրվեն համատեղ ջանքեր եւ հիմնական խնդիրը կլինի նոր ոճիրները կանխելը։ Ա. Վլավիանոսի խոսքերով, Պոնտոսում հույների եղեռնն առայժմ ճանաչել է միայն Հունաստանը եւ այն չի դիտարկում որպես արտաքին քաղաքականության հարցերից մեկը։ Նա նկատեց, որ նման քաղաքականություն որդեգրել է Հայաստանը, եւ այդ գործում ունի մեծ առաջընթացՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից։ Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, համապատասխան որոշում է ստորագրել նաեւ երկրի նախագահը։ Հայկական իշխանությունների կողմից Պոնտոսում իրականացված ցեղասպանության չճանաչումը ցայսօր Ա.Վլավիանոսը բացատրեց հունական կողմի պաշտոնապես չդիմելու հանգամանքով։
Նա խորին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին հույն նահատակների հիշատակին Մեծ եղեռնի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու համար եւ նկատեց, որ հարգանքը փոխադարձ էՙ Հունաստանում եւս չի մոռացվում Հայոց ցեղասպանության օրը։
Արարողությանը հիշատակի խոսք ասացին նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղանը, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Նիկոլայ Ֆեոֆանովը, Հայաստան-Հունաստան ընկերության նախագահի տեղակալ, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը։