«Այսօր նկարիչների միությունը չի կարողանում տալ այն ամենը, ինչ ժամանակին տվել է, սակայն եթե այն չլինի ընդհանրապես, կերպարվեստի գործիչը կմնա անիրավական մի դաշտում, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Նման միություններն են, որ կարողանում են զննել, հղկել եւ լավագույնը առաջ բերել։ Շուկայական հարաբերությունները մշակույթի անկում են բերում, եթե չկա լավի ու վատի ճիշտ ընտրություն, գործում է գումարը, ընկերությունը, ծանոթությունը։ Կարելի է մամուլի էջերում գովեստի խոսքեր կարդալ նկարիչների մասին, որոնք այդ արժանիքներն իրապես չունեն, իսկ շատ ավելի տաղանդավոր նկարիչը մնում է չնկատված։ Սա մեր հոգսն է»։
Եթե նախկինում մրցանակի արժանանալու, կոչում ստանալու համար միությունում փակ քվեարկություն էր կազմակերպվում, արդյունքները ներկայացվում էին մշակույթի նախարարություն, որտեղ էլ կատարվում էր վերջնական ընտրությունը, այսօր նկարիչն ինքն իրեն կարող է մրցանակի առաջադրել, եւ «մեկ էլ տեսնում եսՙ ուրիշ ճանապարհներով նա է դառնում մրցանակակիր, կոչումի տեր»։ Միության նախագահի կարծիքով այն, որ անտեսվում են տարիներ շարունակ իրենց պրոֆեսիոնալ մոտեցումները հաստատած օղակները, երբեք լավ արդյունք չի ունենա, կշարունակվեն բացվել ցուցահանդեսներ, որտեղ ոչ մի նկարիչ չի լինի։ Կարեն Աղամյանն ասաց, որ ունենք արվեստաբաններ, որոնց պարտականությունների մեջ է մտնում լավը վատից զտելը, սակայն այսօր համակարգը այնքան էլ լավ չի աշխատում, բիզնեսի է վերածվել։
Ինչ վերաբերում է ստեղծագործական միությունների դաշտը կանոնակարգող օրենսդրությանը, պրն Աղամյանը դրական է գնահատում, որ ժամանակին օրենսդիրը նախագծի հանդեպ ստեղծագործական միությունների բացասական վերաբերմունքը հաշվի առնելով այն չընդունեց, սակայն ասում է, որ ընդամենը մի քանի օր առաջ իրեն ներկայացված նոր տարբերակը նույնպես գոհացուցիչ չէ։ «Օրենքի այս տարբերակը փաստացիորեն ոչինչ չի ավելացնում այսօրվա իրավիճակին, ասաց նա։ Նախագիծը ոչնչով չի նպաստում ոչ միության, ոչ էլ անհատ ստեղծագործողի աշխատանքին։ Պետք է աշխատանք տարվի, որի արդյունքում ստեղծագործական միությունները կկարողանան գոյատեւել եւ նպաստել հայ մշակույթի զարգացմանը։ Եթե մեզ հարցնում են, լսում են մեր կարծիքը, հույս ունենք, որ վերջնական արդյունքը դրական կլինի»։
Այսօր վատ վիճակում են Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բազմաթիվ աշխատանքներ։ Վերջերս քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի աշխատանքների ցուցահանդեսն էր։ Պարզվել է, որ բազմաթիվ աշխատանքներ, որ նախկինում պետությունն էր գնել, պարզապես ջարդուխուրդ են եղած։ Վատ վիճակում է Դիլիջանի երկրագիտական թանգարանը, որտեղ հայտնի աշխատանքներ են պահվում, սակայն ոչ միությունը, ոչ էլ պետությունը դրանք պահպանելու հնարավորություններ չունի։
Ջաջուռում Մինասի թանգարանի բացումը անընդհատ հետաձգվում է։ «Այս շենքի կառուցման համար բավականին գումարներ են ծախսվել, բայց ապագան չի երեւում, ասաց Կարեն Աղամյանը։ Սա արվել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով։ Իմ կարծիքովՙ այն անիմաստ կառույց է, որովհետեւ Մինասի գործերից որեւէ մեկը տանել Ջաջուռ եւ այնտեղ ցուցադրել իմաստ չունի, ոչ ոք թանգարանից այդ նպատակով նկար չի տա, տեղափոխելուց հետո էլ հարց է ծագումՙ ով է գնալու նայելու։ Չեն լուծված ջեռուցման, անվտանգության հարցերը։ Սրանք խնդիրներ են, որոնց մասին կարծես ժամանակին չի մտածվել, եւ խնդիրը դեռեւս փակուղու մեջ է»։
Միության նախագահը ոլորտի խնդիրների լուծման գործում հույսեր է կապում նորանշանակ նախարարի հետ։ Կարեն Աղամյանը խոստացավ մի քանի օրից կայանալիք հանդիպման ընթացքում նախարարին ներկայացնել մտահոգող բոլոր խնդիրները։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ