«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2004-05-18 | #91, 2004-05-19 | #92, 2004-05-20


ՊԱՏՄԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը հայագիտական միջազգային համաժողովից մեկ ամիս անց, անցյալ տարվա նոյեմբերին հրավիրեց «Հայոց հին պատմության հիմնահարցեր» գիտաժողովը, իսկ այս տարվա հունիսի 17-18-ը կանցկացնի պատմական ժողովրդագրությանը նվիրված գիտաժողովՙ նվիրված 1904 թվականի Սասունի ապստամբության 100-ամյակին։

«Հայ իրականության մեջ պատմագիտության կարեւոր բնագավառներից մեկինՙ պատմական ժողովրդագրությանը նվիրված առաջին գիտաժողովը տեղի կունենա, որի անհրաժեշտությունը չափազանց մեծ է։ Հայոց պատմությունն ի սկզբանե խեղաթյուրվել է ամենից առաջ պատմական ժողովրդագրության տեսանկյունից։ Ժողովրդագրական զարգացումների ամբողջ շղթան ուսումնասիրելը մեզ համար քաղաքական նշանակություն ունի», ասաց պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Հին Հայաստանի ժողովրդագրական պատկեր, հայ ժողովրդի կազմավորման ընթացք, եկվորությա՞ն, թե՞ բնիկության հիմնախնդիր, Ուրարտու պետության էթնիկ բնութագիր, այս հարցերի կողքին կքննարկվեն շատ այլ հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցումներ կկարդան անվանի հնագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ։

Գիտաժողովի կարեւորագույն խնդիրներից մեկը հին եւ միջնադարյան, նոր եւ նորագույն հայոց պատմության էթնիկ հիմքի վերհանումն է, հստակորեն ցույց տալու համար, որ հայերն այս տարածաշրջանում ի սկզբանե գերակշռող էթնիկ տարրն են եղել։ Պրն Մելքոնյանն ավելացրեց, որ անկախ տարածաշրջանում տեղի ունեցած ոչ հայանպաստ էթնոգործընթացներից, հայերը մշտապես գերակշռող դեր են ունեցել եւ Հայկական լեռնաշխարհի պատմության ու մշակույթի հիմնական կրողն են, ինչն ամեն գնով փորձում են հերքել ադրբեջանցի եւ թուրք պատմաբանները։ Պատահական չէ, որ այսօր Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, թե հայերն առհասարակ պետականություն չեն ունեցել։ Հայկական լեռնաշխարհի Էթնիկ դաշտը, որը նրանք կասկածի տակ են դնում, թուրքերը բերում հասցնում են մինչեւ 1915 թվականի ցեղասպանության շրջանը։

Գիտաժողովի նյութերի հիման վրա կստեղծվի Հայաստանի պատմական ժողովրդագրության դասագիրքՙ մեզանում մոռացված այս կարեւոր բնագավառը ճանաչելի դարձնելու համար։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4