«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2004-05-18 | #91, 2004-05-19 | #92, 2004-05-20


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂ ԽՈՒՄԲ

ԲԱՔՈՒ, 19 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Օրերս Բաքվում ձերբակալվել է հանցախումբ, որը պատրաստում էր կեղծ հայկական անձնագրեր, որոնք Ադրբեջանի քաղաքացիներն օգտագործում էին, որպեսզի արտասահմանում ապրելու հնարավորություն ստանան։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ԱԹՎ հեռուստաընկերությանը հայտնել են, որ ձերբակալվել են Սումգայիթի բնակիչներ Յավեր Միրզոեւը, Էթիբար Թափթիգովը եւ բաքվեցի Քենուլ Ռուստամովան, որոնք կասկածվում են ադրբեջանցիների համար, որոնք ցանկանում են իբրեւ հայեր արտասահման տեղափոխվել մշտական բնակության, կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ։ Ձեռք բերելով այդպիսի փաստաթղթեր, ադրբեջանցիները մեկնում են արտասահման, որտեղ խոսում են Ադրբեջանում իրենց իրավունքների խախտումների եւ այնտեղ ապրելու անհնարինության մասին։ Մինչ օրս հանցախմբի անդամների կողմից կեղծ փաստաթղթեր են պատրաստվել մի քանի մարդկանց համար, որոնցից նրանք դրա դիմաց վերցրել են 5000-ական ԱՄՆ դոլար։ Ձերբակալվածները լրիվ խոստովանել են իրենց մեղքը։ Նրանց գրասենյակից հայտնաբերվել են տասնյակ կեղծ փաստաթղթեր։ Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ։ Բաքվի «525» թերթը հիշեցնում է, որ նախկինում եւս շատ ադրբեջանցիներ, որոնք ցանկացել են տեղափոխվել եվրոպական երկրներ, ներկայացել են իբրեւ հայեր։ Միգրանտների իրավաբանական օգնության կենտրոնի ղեկավար Ալիովսաթ Ալիեւը ավելի վաղ «525» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ վերջին տարիներին այդ դեպքերը ավելի են շատանում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4