Խմբագրություն հասած «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հերթական համարներից մեկում (N41, ապրիլի 24) խոր վշտով կարդացի ամերիկահայ դրամատուրգ Բարբարա Բեջոյանի մահվան գույժը։ Անողոք հիվանդությունը (քաղցկեղ) 49 տարեկանում խլել էր կյանքը տաղանդավոր ու կենսուրախ մի հեղինակի, որի պիեսները Մ. Նահանգներում մրցանակների են արժանացել եւ որի անսպառ եռանդի, մշտավառ կորովի ու անսակարկ հայրենասիրության ականատեսն էի եղել 1995-ին, երբ Հայաստանում էր գտնվում իր ամուսնու եւ երկու չարաճճի որդիների հետ, որպես Ֆուլբրայթի անվան կրթաթոշակառուՙ ուսումնասիրություններ եւ գրառումներ կատարելու իր հետագա ստեղծագործությունների համար։
Ամերիկայում արդեն հայտնի գրողը Հայաստան էր բերել իր «Արծիվներՙ առանց թեւերի, ձիերՙ առանց ոտքերի» Եղեռնին նվիրված պիեսը, որն այդ օրերին պետհամալսարանի ուսանողների կողմից ընթերցանության ձեւով ներկայացվեց արվեստասեր հասարակայնությանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում։ Նրա երազանքն էր այդ պիեսը բեմադրված տեսնել Երեւանում եւ այդ առթիվ, ինչքան ինձ հայտնի է, նա հանդիպումներ էր ունեցել տաղանդավոր արվեստագետներ Երվանդ Ղազանչյանի եւ Սոս Սարգսյանի հետ։ Պիեսը սակայն ոչ այդ, ոչ էլ հաջորդ տարիներին չբեմադրվեց։ Միգուցե հաջորդ տարի իր մահվան առաջին եւ Եղեռնի 90-ամյակի առիթներով գրապահարանից դուրս բերվի եւ բեմադրվի։ Դա լավագույն միջոցը կլինի հավերժացնելու նրա հիշատակը։
Բարբարայի ամբողջական անունն էր Բարբարա-Անահիտ Իշխանյան-Բեջոյան-Թոմաս։ Ծնվել եւ մեծացել էր Բոստոնում։ Եղբայրըՙ Ռոբերտ (ապրում է Ուոթերթաունում) հիշում է, որ իրենց մայրը Բարբարային բալետի դպրոց է ուղարկել, որպեսզի երեք եղբայրների կողքին աղջիկը «տղայավարի» չմեծանա։ Այդտեղից էլ Բարբարան մուտք է գործել արվեստի աշխարհ։ 70-ականների սկզբներին գլխավոր դերեր է խաղացել Բոստոնի մանկական թատրոնի ներկայացումներում։ Ավարտել է Մասաչուսեթսի Ուիթոն քոլեջը (բակալավրի աստիճան) եւ Ռոուդ Այլենդի Բրաուն համալսարանը, որտեղ պաշտպանել է իր թեկնածուականը։ Մասնակցել է «Ժողովրդավարական ձայն» ճարտասանական մրցույթին եւ մրցանակի արժանացել։ Աշխատել է հեռուստատեսությունում եւ հրատարակչատներում։ Հայտնի հեղինակ Վերջինիա Վուլֆի մասին պիես գրելիս որոշ ժամանակ Լոնդոնում աշխատել է BBC ռադիոկայանում։ Պիեսը բեմադրվել է Լոնդոնի «Նյու էնդ» թատրոնում, իսկ Էդինբուրգի գրական, թատերական փառատոնում (1994 թ.) արժանացել քննադատների հատուկ մրցանակին։ ԱՄՆ-ում մրցանակների են արժանացել նաեւ նրա մյուս պիեսներըՙ «Սրտերը», որը ամերիկա-խորհրդային հարաբերությունների մասին ժող. բանահյուսական ժանրի պիես է. «Քաղաքական նպատակներովը», «Սպիտակ կեղեւը», «Սրտեր-2-ը», «Պարի՛ր, մայրիկ, պարի՛րը», որն ամերիկահայ կնոջ մասին է, եւ որի բեմադրման առիթով հանդիսականները մի նոր Սարոյան են տեսել նրանում, «Արծիվներՙ առանց թեւերին» եւ «Ռեդ սոքս»-ը, որ գրել է ընդամենը 3 տարի առաջ եւ որտեղ կարծես մարգարեանալով, ծերունի հերոսի շուրթերին զետեղել է հետեւյալ խոսքերը. «Պետք է մտահոգվել, Թոմ, ոչ ոք հավերժ չի ապրում։ Պարզապես պետք է առավելագույնը վերցնել այս երկրում ձեզ տրված յուրաքանչյուր րոպեից»։
Բացի պիեսներ գրելուց, ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում դասավանդել է թատերգության հիմունքներ, քննադատական մտածողություն եւ դրամատիկական մեկնաբանություն առարկաները։
Չափազանց աշխատասեր ու վերին աստիճանի նպատակասլաց անձնավորություն էր։ Նախասիրած հեղինակներն էին ռուս դասականներիցՙ Տոլստոյը, Դոստոեւսկին, Չեխովը, իսկ ամերիկացիներիցՙ Լիլիան Հելմանը, Թենեսի Ուիլյամսը եւ Նիլ Սայմոնը։ Հարուստ երեւակայությունը, իր խոսքերով, նա ժառանգել էր խարբերդցի տատիկից ու պապիկից, որոնցից նաեւ ազգային արժանապատվության եւ հպարտության զգացումներն էր վերցրել։
Խորապես ցավակցելով Բարբարայի մորըՙ տիկին Ռոզ Դադյան-Քեջոյանին, ամուսնուն, որդիներին (14 եւ 11 տարեկան) եւ երեք եղբայրներին, երկնային մխիթարություն եմ ցանկանում նրանց։ Թող օտար հողը թեթեւ լինի եւ այս տողերն էլ որպես ծաղկեպսակ ծառայեն շիրիմին։
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ