Հակադիր կարծիքներ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ռազմական ոլորտի օրենսդրության, հայկական Զինված ուժերում ներկայիս իրավիճակի, բանակում դաստիարակչական աշխատանքի մակարդակի եւ այլ հարցերի քննարկմանն էր նվիրված «Բանակ եւ հասարակություն» թեմայով սեմինարը, որ մայիսի 20-ին կազմակերպել էր Ազգային քաղաքացիական նախաձեռնությունը։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։
Սեմինարում մեծ տեղ գրավեց հայկական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կամ այսպես կոչված «դեդովշչինայի» հարցի քննարկումը։ Բանախոսներից մեկըՙ ՀՀ պաշտպանության նախարարության դաստիարակչական հարցերով վարչության պետ գնդապետ Վարդան Ավետիսյանը հավաքվածներին հավաստիացրեց, որ ռազմական ոլորտում գործող օրենսդրությունը, ինչպես նաեւ հրամանատարների խիստ պահանջները ըստ էության բացառում են «դեդովշչինան». «Այդ երեւույթն այնքան իրական չէ, որքան պատկերացնում են հասարակության մեջ, նման դեպքերը խստորեն պատժվում են եւ դատապարտվում»։ Ըստ գնդապետ Ավետիսյանի, մահվան դեպքերը Զինված ուժերում հիմնականում դժբախտ պատահարների հետեւանք են, այլ ոչ թե «դեդովշչինայի»։ Նա հայտնեց, որ զոհերի թիվը բանակում տարեցտարի կրճատվում է. այսպես, 2003 թվականին 2002 թվականի համեմատությամբ կրճատվել է 20%-ով։ «Մենք ջանում ենք, որպեսզի կոնֆլիկտները լուծվեն օրենքի շրջանակում, եւ կարծում եմ, մեզ դա հաջողվում է»,- հայտարարեց Վարդան Ավետիսյանը։
Ի հակակշիռ դրան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ մահվան դեպքերի մեծ մասը բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանք են։ Բացի այդ, հայկական բանակում գոյություն ունի այնպիսի արգահատելի հասկացություն, ինչպիսին է «չաստ նայողը»։ Ըստ նրա, Զինված ուժերում սպանությունների կամ ինքնասպանությունների մեծ մասը մնում են չբացահայտված։ «Ասում ենՙ ինչպիսին հասարակությունն է, այնպիսին բանակն է։ Ես համաձայն չեմ. 2003 թվականին երկրում կատարված սպանությունների մեկ երրորդը բաժին է ընկնում Զինված ուժերին», հայտարարեց Իշխանյանը։
Հելսինկյան կոմիտեի նախագահը հայտարարեց, որ բանակում գոյություն ունեցող խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բանակն ապաքաղաքականացնել, թույլատրել հասարակական կազմակերպություններին եւ լրագրողներին այցելել զորամասեր, աստիճանաբար անցում կատարել պայմանագրային ծառայության։ Բացի այդ, ըստ նրա, յուրաքանչյուր հրամանատար, որի ստորաբաժանումում սպանություն է կատարվել, պետք է ներողություն խնդրի սպանված զինծառայողների հարազատներից։