Խմբագրությունը երեկ ստացել է 1 տարի 4 ամիս կալանքի տակ գտնվող Հակոբ Ճարոյանի հայտարարությունը «դատախազության աշխատակիցների հանցագործություններ կատարելու մասին»։ Մեր թերթում բազմիցս հրապարակումներով հանդես եկած Հակոբ Ճարոյանը կալանավորվել է դեռեւս անցյալ տարվա հունվարին անհիմն եւ սարքված քրեական գործով։ Այդ գործի շինծու լինելու մասին Հակոբ Ճարոյանը դարձյալ մեր թերթում բազմաթիվ փաստեր եւ հիմնավորումներ է բերել, որոնք հրապարակելով, դատախազության ուշադրությունն էինք հրավիրել դրանց վրա։ Առայժմ այս կառույցը շարունակում է խուլ ու համր մնալ տվյալ գործի նկատմամբ։
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հասցեագրված հերթական հայտարարության մեջ, վկայակոչելով դատախազության համակարգում կոռուպցիայի փաստերը բացահայտելուն կոչված բաժնի ստեղծումը, Հակոբ Ճարոյանը առաջարկում է քննարկել իր դեմ հարուցված գործում նման փաստերի առկայությունը։
«Հայտարարում եմ եւ պատրաստ եմ ապացուցել, որ ՀՀ արդարադատության խորհրդի անդամ, Գեղարքունիքի մարզի դատախազ Ալբերտ Մարգարյանը, դատախազի օգնականներ Հովսեփ Սարգսյանն ու Վարդան Ավետիսյանը կոռումպացված չինովնիկներ են, որոնք համագործակցելով նախկինում պաշտոնական դիրքի չարաշահման եւ կաշառք վերցնելու համար դատապարտված, պետբյուջեից խոշոր յուրացումներ կատարած Ճոճկան գյուղի գյուղապետ Վարուժան Թամազյանի հետ, խախտելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով եւ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իմ իրավունքները, իմ նկատմամբ իրականացնում են անհիմն քրեական հետապնդում, որի արդյունքում ավելի քան 461 օր գտնվում եմ անազատության մեջ եւ ավելի քան 407 օր դատական քաշքշուկների մեջ», նշում է Հակոբ Ճարոյանը, առաջարկելով գլխավոր դատախազին հանձնարարել, որ, համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 175-177, 180 հոդվածների եւ «Դատախազության մասին» օրենքի 24, 37 դրույթների, նյութեր նախապատրաստվեն իր կատարած հայտարարության եւ պնդումների կապակցությամբ։
Վերոնշյալին մնում է ավելացնել, որ գոնե այս հրապարակումը կարժանանա դատախազության ուշադրությանը, եւ վերջինս կսկսի լրջորեն ուսումնասիրել Հակոբ Ճարոյանի դեմ հարուցված քրեական գործը։ Սա, թերեւս, այն փորձաքարն է, որը ցույց կտա, թե այս համակարգի ներսում կոռուպցիայի դեմ պայքարելուն կոչված բաժինը իսկապես կկատարի՞ իր գործառնությունը, թե՞, ինչպես արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր կարծիք հայտնել, կդառնա կոռուպցիայի նոր օղակ։
Ա. Մ.