«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2004-05-20 | #93, 2004-05-21 | #94, 2004-05-22


«ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԹՈՒՐՔԻԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑՆ ՈՒՇԱՑԱԾ Է»

Ուշացածության ընդգծումը դժգոհություն է ենթադրում

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու Թուրքիա կատարած եռօրյա պաշտոնական այցը շարունակվում է։ Մինչ դրա մանրամասներին անդրադառնալը, անդրադառնանք այցի նախօրեին Թբիլիսիում թուրքական «Զաման» թերթին տված նրա հարցազրույցին։ Դա կարեւոր է այն առումով, որ թուրքական որոշ թերթերի, ինչպես նաեւ Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հրապարակումներում վրացական «վարդյա» հեղափոխությունը նույնացվում էր ամերիկյան հեղաշրջման հետ, իսկ Աջարիայի ճգնաժամի առնչությամբՙ ընդգծվում Թուրքիայի 1921 թ. Կարսի պայմանագրից բխող ճգնաժամին միջամտելու իրավունքը։

«Զամանի» էջերում Սաակաշվիլին «վարդյա» հեղափոխությունը վերագրում է վրաց ժողովրդի հաղթանակին, Աջարիայի ճգնաժամում կառուցողական դիրքորոշման համար գովեստի խոսքեր է շռայլում Թուրքիայի հասցեին, ապա եւ ավելացնում. «Ռուսաստանը վերագրելով Թուրքիային ճգնաժամին միջամտելու պատրաստակամություն, փորձեց իր համար միջամտության նախադրյալներ ստեղծել»։ Այնուհետեւ Սաակաշվիլին ի պատասխան «Զամանի» հարցիՙ «Ճի՞շտ է, որ դուք Վրաստանում ռուսական բազաների պահպանման դիմաց Մոսկվայի հետ Աջարիայի հարցում համաձայնության եք եկել», ասում է. «Ռուսական բազաները Վրաստանից պարտադիր դուրս են բերվելու։ Ռուսաստանը բազաների պահպանման առնչությամբ դեռեւս որեւէ պահանջ չի ներկայացրել, հուսամ, որ հետագայում էլ չի ներկայացնի»։

Այլ կերպ, Սաակաշվիլու մոտեցումները չեն համապատասխանում «վարդյա» հեղափոխության թուրքական գնահատականին, ինչպես նաեւ Աջարիայի ճգնաժամին միջամտելու Թուրքիայի հաշվարկներին։ Ուրեմն հարցազրույցը կարեւոր էր մոտեցումների համեմատության համար։ Իհարկե, դա չի խանգարել, որ ջերմ մթնոլորտում անցնի Սեզեր-Սաակաշվիլի հանդիպումը։

Հանդիպմանն ապրիլի 20-ին անդրադարձավ թուրքական հանրային հեռուստատեսությունն, որն իրականում պետական է, իսկ ապրիլի 21-ինՙ թուրքական թերթը։ Օգտվելով առիթից նշենք, որ Սաակաշվիլին Թուրքիա էր մեկնել Վրաստանի պաշտպանության եւ արտգործնախարարի ուղեկցությամբ։ Երբ նա Սեզերին էր հանդիպում, պաշտպանության նախարար Գելա Բեժուաշվիլին հանդիպեց Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ։

Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահները հրավիրում են մամուլի համատեղ ասուլիս, որտեղ Սաակաշվիլին Թուրքիային համարում է Վրաստանին մեծագույն աջակցություն ցուցաբերող երկիր, ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացման հարցում խնդրում է թուրքական պետության օժանդակությունը, ապա եւ ավելացնում. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունների զարգացմանը ոչ ոք չի կարող խոչընդոտել»։ Սաակաշվիլու այս խոսքերը «Զամանում» գնահատվում են որպես թուրք-վրացական համագործակցությունն ու ռազմավարական հարաբերությունները շարունակելու պատրաստակամություն։

Սաակաշվիլին միաժամանակ ընդգծում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի նկատմամբ Վրաստանի շահագրգռությունները։ Սեզերն իր հերթին գոհունակությամբ նշում է Աջարիայի ճգնաժամի հաղթահարման մասին ապա եւ հույս է հայտնում, որ Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքով խաղաղ կարգավորման կհանգեն ինչպես Աբխազիայի, այնպես էլ Հարավային Օսիայի հիմնախնդիրները։

Սաակաշվիլու այցի արդյունքներն ամփոփելը դեռ վաղ է։ Բայց որ թուրք քաղաքական դիտորդները դա համարում են ուշացած այց, թերեւս դրանով էլ հայտնում իրենց քողարկված դժգոհությունը, ակնհայտ է։ Հարկ է սակայն նշել, որ դժգոհության առարկայի խնդիրը սոսկ Վրաստանի նախագահի Թուրքիա կատարած այցի ուշացումը չէ, այլեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ նրա վարած քաղաքականությունը։ Հատկանշական է, որ այդ քաղաքականության համար, երբ Սաակաշվիլուն դատապարտում էր Կովկասյան միությունների ֆեդերացիայի նախագահ Մուհիթդին Ունալը, թուրքական հանրային հեռուստատեսությունը հարկ համարեց անդրադառնալ նրա ելույթին, որպեսզի Սեզեր-Սաակաշվիլի հանդիպման լուսաբանումը հենց այդ ելույթով ավարտվի։

Կովկասյան միությունների ֆեդերացիայի նախագահը հեռուստաէկրանից ասաց. «Սաակաշվիլին հայտարարել է, որ Աջարիայից հետո հերթը հասել է Աբխազիային եւ Հարավային Օսիային։ Սա անփառունակ հայտարարություն է։ Քանի որ ՄԱԿ-ն աբխազական հակամարտությունը կարգավորելու ջանքեր է գործադրում, ուստի Սաակաշվիլին անփառունակ այս հայտարարությամբ անտեսում է ՄԱԿ-ին»։ Ունալի ելույթը պատահական չէր, առավել եւս չէր կարող պատահական լինել դրա հայտնվելը թուրքական հանրային հեռուստատեսության էկրանին։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4