Թուրքիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, Մոսկվայում մեկնաբանելով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ հունիսի 28-29-ը Ստամբուլ մեկնելուց հրաժարվելու որոշումը, հիշեցրել է, որ «սա ՆԱՏՕ-ի գագաթաժողովն է», հաղորդում է թուրքական «Անատոլու» գործակալությունը։
«Հայաստանը Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության շրջանակներում ներկայացուցչություն ունի Ստամբուլում։ Միգուցե Հայաստանը փակի՞ դա։ Ես ենթադրում եմ, որ (Քոչարյանի որոշումը) ներքաղաքական նպատակներ է հետապնդում», ասել է Գյուլը մայիսի 20-ին։ Թուրքիայի արտգործնախարարը հավանաբար նկատի է ունեցել Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու ընդդիմության շարունակական ցույցերը։
Միջազգային պրակտիկայում, երբ երկու երկրների միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, ըստ տվյալ իրավիճակի կարելի է նաեւ հարաբերություններ չունեցող երկրում անցկացվող միջոցառմանը մասնակցել մեկ կամ մի քանի աստիճան ցածր մակարդակով։ Այնպես որ, Քոչարյանի Ստամբուլ մեկնելուց հրաժարվելը դիվանագիտական պրակտիկայում անսովոր երեւույթ չէ։ Հիշեցնենք, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ներկայացվելու է արտգործնախարար Վարդան Օսկանյանի մակարդակով։
Աբդուլլահ Գյուլը Մոսկվայում հայտարարել է նաեւ, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական ուժերն ազատեն ադրբեջանական «զավթած տարածքները»։