«Ազգ» օրաթերթի մայիսի 21-ի համարում ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանի տված հարցազրույցում վերջինս նշում է, որ ես առաջին անգամ ՀՀ անձնագիր եմ ստացել 2002 թ. մայիսի 15-ին, իսկ նյութից ներքեւ տպագրված է մի փաստաթուղթ, ըստ որի ես իբր թե մինչ այդ գրանցված եմ եղել Մոսկվա քաղաքի Վերնադսկի պողոտայի համար 15 հասցեում։
Քանի որ ես որոշել եմ մինչեւ դատական հայցի ավարտը չմեկնաբանել պրն Գեղամյանի եւ նրա կուսակիցների կողմից տարածվող ստահոդ լուրերը, բայց եւ այնպես կա մի հանգամանք, որը ճշտման կարիք ունի։ Այն է, որ ես ի սկզբանե ՀՀ քաղաքացի եմ, ՀՀ քաղաքացու առաջին անձնագիրը ստացել եմ 1995 թ. եւ գրանցված եմ Երեւան քաղաքի Դավիթաշեն առաջին թաղամասի 26 շենքի 64 բնակարանում 1992 թ. հուլիս ամսից։ Անձնագիրս փոխել եմ երկու անգամ, որովհետեւ վիզաներ փակցնելու ազատ էջերը վերջացել էին։
Ջազից խոսող, իրեն իրավական մարմինների իբր թե բարձրաստիճան սպա հորջորջող, «իրավաբանական» կրթություն ունեցող անձնավորությունը միգուցե պիտի հասկանա, որ անձնագրերի էջերը ժամանակ առ ժամանակ վերջանում են, որոշ դեպքերում մաշվում են, երբեմն էլ անձնագրերը կորչում են, հետեւաբար դրանք փոխարինվում են նորերով։
Ինձ ցավ չի պատճառում վերոհիշյալ անձնավորության իրավաբանական անգրագիտությունը։ Ես ցավում եմ այն մարդու համար, ով ստիպված է եղել նրան շնորհել վերջին «բարձր» սպայական աստիճանը։
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ