«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2004-05-20 | #93, 2004-05-21 | #94, 2004-05-22


ԽԱՂԱՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՙ ԱՆՈՐՈՇ ԸՆԹԱՑՔՈՎ

«Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իշխանությունները ձեռք են մեկնում ընդդիմությանը, բայց մենք չենք կարող սեղմել այն ձեռքը, որ օրենքից դուրս է», ընդդիմության երեկվա հերթական հանրահավաքում իր հերթին հայտարարեց Ալբերտ Բազեյանըՙ փաստացի կրկին հաստատելով, թե իշխանությունները երկխոսության հույսեր չպետք է փայփայեն ընդդիմության հետ։ Դատելով հավաքված մարդկանց նոսր խմբերից, հանրահավաքային ալիքն ակնկալված արդյունքը չի արձանագրում։ Այնուամենայնիվ, Մատենադարանի եզրապարիսպներին ու մայթեզրերին նստոտած մարդիկ համակ ուշադրությամբ լսում էին բանախոսներին։ Այս անգամ վերջիններս ավելի լայն ու հանգամանալից բացատրություններ էին տալիս արտաքին ու ներքին աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, որ հեռուստաալիքների սուղ լրատվության հույսին մնացած մարդիկ կարող էին եւ չիմանալ։ Քննադատության թիրախում միայն Ռոբերտ Քոչարյանը եւ ընդհանրական որակմամբՙ «հանցավոր վարչակազմը» չէր։ Մանրամասներ Եվրախորհրդից, ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեկույցից, ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ դրսի աշխարհի կոշտացած դիրքորոշում։ ԱԺ վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվությունը հանգամանալից ներկայացրեց «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Թաթուլ Մանասերյանը։

Պատասխանելով ընդդիմությանը հասցեագրված իշխանությունների մեղադրանքին, թե վերջինս Ռոբերտ Քոչարյանին դատափետելուց զատ ոչ մի այլ բան չի անում, Շավարշ Քոչարյանն ասաց, որ իրենց ծրագրերն իրենք կներկայացնեն Քոչարյանի հեռանալուց հետո միայն, եւ այն ժամանակ ժողովուրդն ինքն իր ընտրությունը կկատարի։

Անդրադարձ եղավ նաեւ ընդդիմությանն այսօր ամենաշատ հուզող խնդրինՙ շարունակվող ձերբակալություններին։ Նշվեց, որ այսօր Հայաստանում քաղբանտարկյալների թիվն արդեն հասնում է 16-ի, որոնցից Սուրեն Սուրենյանցը հացադուլ է հայտարարել։ Հանրահավաքի անունից Ալբերտ Բազեյանը խնդրեց, որ նա դադարեցնի հացադուլը։

«Իր ամենօրյա իշխանավարությամբ Ռ. Քոչարյանը սպառնում է մեր ազգային անվտանգությանը, Հայաստանը տանում է դեպի կործանում», ինչպես միշտ, երեկ էլ սա էր հանրահավաքի գլխավոր լեյտմոտիվը։

Անորոշ ընթացքով, այդպես էլ վճռական հանգուցալուծման չհասնող հանրահավաքները ոչ միայն քաղաքական կյանքի, այլեւ մեր կենցաղի անբաժանելի մասն են դառնում։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4