«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2004-05-20 | #93, 2004-05-21 | #94, 2004-05-22


ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ՉԵՆ

ՄԱԱ հյուրը ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն էր

Թեեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովիՙ Հայաստանի վերաբերյալ բանաձեւի ընդունումից արդեն անցել է շուրջ մեկ ամիս, հարցը շարունակում է մնալ քաղաքական քննարկումների առանցքային թեմա։ ԵԽԽՎ բանաձեւին եւ դրանում ամրագրված դրույթներին երեկ անդրադարձ եղավ նաեւ Մամուլի ազգային ակումբում, որի հյուրն ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն էր։ ԵԽԽՎ-ի ընդունած փաստաթղթում հայաստանյան ընդդիմությանը եւ իշխանություններին երկխոսության կոչ է արվում։ Տարածված այն կարծիքին, թե ընդդիմություն-կոալիցիա բանակցությունները չկայացան իշխանությունների մեղքով, Վահան Հովհաննիսյանը համամիտ չէ։ «Չգիտեմ, հատուկ ի՞նչ ճիգ ու ջանք գործադրեց կոալիցիան, սակայն, կարծում եմ, բանակցություններին տրամադրվածին խրտնեցնելը հեշտ գործ չէ», նշում է ՀՅԴ բյուրոյի անդամը, ավելացնելով, որ ընդդիմության հետ թե առանց, իշխանությունները մտադիր են լուծել երկրում առկա խնդիրները։ Դրանցից Վահան Հովհաննիսյանը մատնանշում է «սոցիալական բարդությունները, խորացող անջրպետը հարուստների եւ աղքատների միջեւ, կոռուպցիայի, ստվերային տնտեսության դեմ պայքարը, ազատ շուկայական հարաբերությունների հաստատումը»։ Բանախոսի խոսքով, դաշտը բաց է եւ միշտ էլ կարելի է գտնել ընդդիմադիր կառուցողական ուժ, որի հետ հնարավոր կլինի համագործակցել։

Ընդդիմության հետ ընդհանուր եզրեր գտնելն իշխանությունների համար դժվար է։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ ընդդիմությունը միայն ուզում է բանակցել մեկ հարցի շուրջՙ քննարկել մեր ինքնասպանության հարցը»։ Վահան Հովհաննիսյանն այսպես է որակում Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի ընդդիմության պահանջը։ Ասելով «մեր»ՙ ԱԺ փոխնախագահը նկատի չունի կոալիցիային, այլ երկիրն ընդհանուր առմամբ։ ՀՅԴ բյուրոյի անդամը համոզված է, որ այս պահին Քոչարյանի հրաժարականը շատ վտանգավոր է։ Ի դեպ, Հայաստանի ներկայիս իշխանությունների հրաժարականը Վահան Հովհաննիսյանը բացառում է նաեւ եվրոպական կառույցների հետ Հայաստանի փոխհարաբերությունների առումով։ «Ինչ-որ կառույցի, համակարգի մեջ գտնվելը յուրաքանչյուր երկրի համար որոշակի պարտավորություններ է ենթադրում, բոլոր երկրներն էլ ինչ-որ ճնշումներ, պահանջներ եւ լարում զգում են։ Խնդիրն այն է, թե որքանով կարելի է այդ լարումից բխող հարցերը ծառայեցնել ազգի շահերին»։ Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ ներկայիս իշխանությունները դա կարող են անել։

Այս առումով հետաքրքրական են զարգացումները ղարաբաղյան խնդրի շուրջ, մասնավորապես Եվրամիության ակտիվացումը հակամարտության կարգավորման հարցում։ Հայտնի է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին եւ Եվրամիության ընդհանուր արտաքին եւ պաշտպանական քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան հայտարարել էին, թե ղարաբաղյան խնդրի լուծման գործում պատրաստվում են ճնշում գործադրել ԵԱՀԿ-ի վրա։ Նման ճանապարհով, ըստ Վահան Հովհաննիսյանի, Ադրբեջանը փորձում է հիմնախնդրի կարգավորումը տեղափոխել խորհրդարանական, այսինքնՙ ոչ մասնագիտական հարթություն։ Որքան ավելի խորանում է ԵԱՀԿ-ի դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, այդքան ավելի ռեալիստական եւ հայանպաստ են դառնում այս կառույցի արած հայտարարությունները։ Եվ, բնական է, որ ադրբեջանական կողմին նման իրավիճակը ձեռնտու չէ։ Այդ պատճառով փորձ է արվում հարցի լուծման գործում ներգրավել Եվրոպայի պառլամենտական կառույցներին, որոնք կազմված են ազատ պատգամավորներիցՙ «մասնագիտական գիտելիքներով եւ փորձով չծանրաբեռնված, որոնց մոտեցումները հետապնդում են քաղաքական շահեր եւ իրապաշտությունն այստեղ դերակատարություն չունի»։ Նման իրավիճակ, ըստ Վահան Հովհաննիսյանի, հայկական կողմը թույլ չի տա։ ԱԺ փոխնախագահի խոսքով, մեր երկիրը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կարեւորում է ԵԱՀԿ-ի դերը իբրեւ կառույցի, որն առաջին իսկ կրակոցից եղել է Ղարաբաղում, ունի կուտակված մեծ փորձ եւ ամենամասնագիտացածն է։

Կրկին ներքաղաքական զարգացումների մասին։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն օրերս հայտարարել էր, թե ընդդիմության կողմից բոյկոտը շարունակելու դեպքում հնարավոր է, որ խորհրդարանը նրան զրկի մանդատներից։ Վ. Հովհաննիսյանը նման հեռանկարը չի բացառում, նկատելով, որ երկարատեւ անհարգելի բացակայությունների դիմաց պատժամիջոցների կիրառումը նախատեսված է ԱԺ կանոնակարգով։ Այդուհանդերձ, այդ հարցում ամեն ինչ կորոշի խորհրդարանականների քվեարկությունը։

Օրերս Ստրասբուրգում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այսօր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հարցը դրված չէ։ Ցեղասպանության ճանաչման կոնտեքստում ԱԺ նախագահը բարձրացրել էր նյութական փոխհատուցման հարցը։ Արթուր Բաղդասարյանի ասածը կոալիցիայի հավաքակա՞ն կարծիքն է։ Հարցին պատասխանելով Վահան Հովհաննիսյանը նշեց, որ նախ եւ առաջ պետք է ճշտել, թե փոխհատուցում ասելով ինչ է հասկանում Հայաստանի այս կամ այն քաղաքական ուժը կամ թուրքական կողմը։ Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դաշտում դեռեւս հստակեցված չէ մեկ միասնական դիրքորոշում կարեւորագույն խնդիրների շուրջ։ Սա Վահան Հովհաննիսյանը համարում է առաջիկա անելիքներից ամենակարեւորը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4