«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2004-05-20 | #93, 2004-05-21 | #94, 2004-05-22


ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ ԵՐԳԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Կատարելության հասած հանճարի գլուխգործոցը մեր վերացական մտքերի խելահեղ մարմնավորումն է։ Ստվերներից ու լույսերից է կազմված այն ցավը, որ մեզ անհրաժեշտ է»։

Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը 80 տարեկան է։ Երբեմն թվում էՙ ժամանակը խաղ է անում մեզ հետ, երբեմն էլ մտածում ես, թե շատ ավելի պայմանական մի բան է դա։ Ազնավուրի պարագայում հենց այդպես է, որովհետեւ ինքը կատարյալ արտիստ էՙ իրապես կոչված բեմական կյանքի համար։

Առաջինՙ 1944-ին «Ես հարբած եմ» երգից, ապա 1946-ին Է. Պիաֆի հովանավորությամբ համերգային շրջագայությունից հետո սկսվեց ազնավուրյան բեմական կյանքի ընթացքը։ ինչպես բոլոր մեծերի, Շառլ Ազնավուրի համար էլ դյուրին չեղավ հարթել այդ ճանապարհը. «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել։ Շատ դառնություններ եմ ճաշակելՙ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ։ Ես ճաշակել եմ բոլորը»։

Վաղուց արդեն արտիստը նվաճել է փառքի դափնիները, աշխարհի բոլոր հռչակավոր բեմահարթակները վայելել են ազնավուրյան երգի անկրկնելի հմայքը։ Եվ այդ երգը երբեք անցողիկ ասուպի փայլ չունեցավ, այլՙ մշտահմա, որովհետեւ խորապես մարդկային է, արվեստըՙ ճշմարիտ։ Այդ երգը չի հնանում, որովհետեւ հանդիսականի հետ մշտապես նորոգվում էՙ ժամանակի հոլովույթներում գտնելով կյանքի ազնիվ զարկերակը։ 80-ամյա երգիչն այսօր էլ բեմ է բարձրանում ավյունով լի, ներքին դրամատիզմով, արտիստիկ, հոգեւին գեղեցիկ։ «Ես գրում եմ փոքրիկ թատերգեր, որոնք խաղում եմ բեմի վրա»։ «Նրա համերգը մի ամբողջ ներկայացում է իր ձեւավորման ու բեմադրության յուրահատկություններով», ասել է Անրի Վերնոյը։

«Ֆրանսիական երգարվեստի վերջին հսկան, անվերջանալի ու անկրկնելի տաղանդի տեր երգիչ», այսպես են գրել ֆրանսիական թերթերը Ազնավուրի մասին։

Աշխարհը նվաճած երգիչը թերեւս այն եզակի հայն է, որ եվրոպական, ֆրանսիական քաղաքակրթությունը յուրացրած եւ ֆրանսիական երգարվեստի դրոշմով իրենը ստեղծած, այնուամենայնիվ, խորապես հավատարիմ է մնացել իր ազգային էությանը։ Դժվար թե ուրիշ մեկը գտնվի, որ այդքան սիրելի ու մտերմորեն հարազատ լինի յուրաքանչյուր հայաստանցուՙ մտավորականից մինչեւ գյուղացին։

«Հայաստանի պետական արխիվում պահպանվում է մի փաստաթուղթ, որում Շառլ Ազնավուրի հայրըՙ Միշա Ազնավուրյանը, դիմում է այն ժամանակվա հայաստանյան իշխանություններինՙ հնարավորություն տալու իրենց տեղափոխվել Հայաստան։ Եթե այդպես պատահեր, արդյոք Ազնավուրը կդառնա՞ր Ազնավուր։ Դժվար թե»։ Իսկ Հայաստան առաջին անգամ եկավ 1964 թ.։

Արտակարգ արտիստիզմից ու դինամիզմից բացի Ազնավուրին բնորոշ է դահլիճը, մթնոլորտն էլեկտրականացնելու ներքին ուժեղ էներգիան։ «1982թ. Մուրադ Ռաֆայելյան դպրոցի շրջանավարտներին շնորհավորելու եկած երգչին մոտեցա ու ասացի. «Վարպետ, չե՞ք ուզում Հայաստան գալ։ Եկավ 1989 թ.-ի փետրվարին, մեր համազգային աղետիցՙ երկրաշարժից անմիջապես հետո։ Երբ իրեն հարցրինՙ երգելո՞ւ ես։ Հիմա երգելու ժամանակը չէ, ասաց։ Ուղեկցում էի իրեն եւ ողջ ուղեւորության ընթացքում մի ժպիտ չտեսա դեմքին»։ Շառլ Ազնավուրի ծննդյան 80-ամյակի առիթով Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպված համեստ ցերեկույթի ժամանակ պատմում էր լրագրող Վանիկ Սանթրյանը։

«Ամեն մեկն իր մեջ մի Ազնավուր ունի, եւ իր աչքերի պես տխուր են հայի աչքերը»։ Արմեն Հովհաննիսյանիՙ ազնավուրյան հմայքի ազդեցության երկարատեւության մաղթանքը շարունակվեց ու շարունակվելու է... սիրո, տխրության, կարոտի ելեւէջներում...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4