Մեկօրյա խաղադադարից հետո շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ։ Ինչպես երեւում է, մեկօրյա հանգիստը բարերար ազդեցություն էր ունեցել մեր շախմատիստների վրա։ Մեր յոթնյակը բավական արդյունավետ խաղ ցուցադրեց։ Նրանցից չորսը հաղթեցին, երկուսը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի եւ միայն Արման Փաշիկյանը պարտվեցՙ զիջելով Ղասիմովին։
Մրցաշարում հատկապես վերելքով են հանդես գալիս Լեւոն Արոնյանն ու Աշոտ Անաստասյանը, որոնք հերթական հաղթանակները տոնելով, շարունակում են տեղ զբաղեցնել առաջատարների շարքում։ Արոնյանը սպիտակներով հաղթեց Եվգենի Միրոշնիչենկոյին։ Աշոտ Անաստասյանի մրցակիցը Վադիմ Միլովն էր։ Սպիտակներով խաղացող հայ գրոսմայստերը պարտության մատնեց մրցակցինՙ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը։ Իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին նաեւ Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Սթելիոս Հալկիասի եւ վան դեր Շտրիխտի նկատմամբ։ Հուլակ-Սարգսյան, Ասրյան-Սմեց պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։
Հինգերորդ տուրում կենտրոնականն առաջատարիՙ Դավիթ Նավարայի պարտիան էր ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ։ Մրցամարտն ավարտվեց ոչ-ոքի։ Նավարան առաջին կես միավորը կորցրեց եւ այժմ 4,5 միավորով կրկին միանձնյա գլխավորում է աղյուսակը։ Նրանից ընդամենը կեսական միավոր են ետ մնում Լեւոն Արոնյանը, Աշոտ Անաստասյանը, Շահրիար Մամեդյարովն ու ֆինն շախմատիստ Թոմի Նյուբակը։ Վերջինս հաղթեց Պրեդրագ Նիկոլիչին, իսկ Մամեդյարովն առավելության հասավ Եվգենի Ագրեստի նկատմամբ։
Մեր մյուս շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Արտաշես Մինասյանՙ 3,5 միավոր, Կարեն Ասրյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյանՙ 3-ական, Արման Փաշիկյանՙ 2։
6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է Նյուբակի հետ, իսկ Անաստասյանը սեւ խաղաքարերով մրցելու է Միխայիլ Գուրեւիչի հետ։ Առաջատարիՙ Դավիթ Նավարայի մրցակիցը Շահրիար Մամեդյարովն է։ Ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ Մինասյան-Իվանչուկ, Սարգսյան-Ղասիմով, Ասրյան-Հուսեյնով, Պետրոսյան-Մարկովսկի, Թորֆինսոն-Փաշիկյան պարտիաները։