«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2004-05-20 | #93, 2004-05-21 | #94, 2004-05-22


ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ։ «ՀԱՅԱՍ ԳՐՈՒՊՆ» ԱՅԴ Է ՓՈՐՁՈՒՄ ԱՆԵԼ

«Հայաս գրուպ» բաց բաժնետիրական ընկերությունը, որ զբաղվում է կարի արտադրությամբ, արտադրանքի 90 տոկոսն արտահանում է Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ։ Ռուսաստանի համար հիմնականում արտադրում են մանկական, ԱՄՆ-ի համարՙ կանանց հագուստ, որսորդական, զինվորական, սպորտային համազգեստներ։ Ընկերության գործադիր տնօրեն Էդվարդ Հարությունյանը համոզված է, որ այսօր ներքին շուկայում աշխատելը նման ձեռնարկությունների համար վնաս է, այստեղ շուկան շատ փոքր է, դրսից էլ մեծ քանակի ապրանք է ներմուծվում։

Հանրապետության նախագահը երեկ ընկերություն այցի ժամանակ համաձայնեց, որ մեզանում վաճառող-արտադրող օղակը լավ չի աշխատում, չենք կարողանում կապ ստեղծել, որ ներքին շուկայում մեր թեթեւ արդյունաբերությունն ավելի ակտիվ լինի։ Նախագահը կարծիք հայտնեց, թե գուցե արտադրողները չեն պատկերացնում, որ ներքին շուկայում կարող են մեծ ծավալներով ապրանք սպառել։ «Իրենք արտադրող են, գուցե Հայաստանում վաճառքով զբաղվողները պետք է կարողանան գտնել արտադրանքը եւ ներքին շուկա հանել», ասաց նա։ Ռոբերտ Քոչարյանը նշեց նաեւ Հայաստանում հաճախակի ցուցահանդեսների կարեւորությունը, որտեղ արտադրողը եւ վաճառողը հնարավորություն կունենան հանդիպելու, պայմանագրեր կնքելու։

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արդյունաբերության վարչության պետ Մերուժան Հակոբյանի գնահատմամբՙ մեր ժողովուրդն այդքան գնողունակ չէ, որ որակով եւ մի քիչ թանկ ապրանք գնի, այդ պատճառով շուկան այստեղ փոքր է։ «Եթե մեր որակի տեսչությունը նորմալ աշխատի, ՀՀ-ում գործող օրենքներով որակի ստանդարտին չհամապատասխանող ապրանքը չի սպառվի։ Բայց դա ժամանակի ընթացքում պետք է անել, այսօր միանգամից այդ քայլին դիմելը կվնասի ժողովրդի գրպանին։ Արտահանում ենք լավ եկամուտ ստանալու ակնկալիքով, մյուսներն էլ թող ներմուծեն։ Ժամանակը կգա, Հայաստանում տեղական թեթեւ արդյունաբերության արտադրանքը կգերակշռի»։

1981-ին ստեղծված ընկերությունը դեռեւս սովետական տարիներին համագործակցել է «Բենետոն» ֆիրմայի հետ։ Այսօր «Հայաս գրուպը» կատարում է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերներ, համագործակցում է ֆրանսիական «Ջորջ Բարել» եւ ամերիկյան «Պրիստիժ Ապարել» ընկերությունների հետ, արտադրում ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան դիզայներների գործեր։ 2003-ի շրջանառությունը մոտ 200 մլն դրամ է կազմել, այս տարի նախատեսում են հասցնել 500-600 մլն-ի։ Եթե 2003-ի առաջին եռամսյակում արտադրության ծավալները 20 մլն դրամի էին, ապա այս տարվա առաջին չորս ամիսներին արդեն 82 մլն դրամի արտադրության ծավալ ունեն։ Ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ տարեկան արտադրողականության ծավալները մեծացնելու, սպառման շուկայի ավելի լայն աշխարհագրություն ձեռք բերելու հնարավորություն ունեն, սակայն դա կախված է պատվեր վերցնելու իրենց հնարավորություններից։ Այսօր ընկերությունում աշխատում է 240 հոգիՙ միջինը 32.000 դրամ աշխատավարձով, ընդ որումՙ նրանցից 25-30-ը խուլուհամր են, որոնք աշխատում են առանձին արտադրամասում։ Երբ պատվերների գերծանրաբեռնվածություն է լինում, դիմում են տեղական այլ ընկերությունների եւս։

«Թեթեւ արդյունաբերության այս ոլորտը մոտ 90 տոկոս աճ ունի, ասաց երկրի ղեկավարը։ Իմ նպատակն է ոչ միայն ծանոթանալ արտադրությանը, այլեւ զրուցել սեփականատիրոջ հետ, քննարկել պրոբլեմները, իմանալՙ բիզնեսը խրախուսելու համար լրացուցիչ ինչ կարող ենք անել։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կառավարության համապատասխան պաշտոնյաները որոշ առաջարկներ կներկայացնեն ոչ միայն այս ձեռնարկության, այլեւ ընդհանրապես թեթեւ արդյունաբերության վերաբերյալ։ Քայլ առ քայլ ամեն մի ոլորտին ուշադրություն դարձնելովՙ այս տարի 4 ամսում 9 տոկոսից ավել տնտեսական աճ ունենք։ Այդ տոկոսների հետեւում կոնկրետ մարդիկ են, աշխատատեղեր, արտադրանքի եւ արտահանման ծավալների աճ»։

Նախագահն ասաց, որ խնդիր կաՙ կապված վարկային համակարգի հետ, ակտիվ չի վարկավորվում ռեալ տնտեսությունը, տոկոսադրույքներն իջել են, բայց դա բավարար չէ, որպեսզի ռեալ տնտեսությունը կարողանա օգտվել։ Գործարարներին մտահոգում է, օրինակ, սարքավորումները ներմուծելիս ավելացված արժեքի հարկի խնդիրը։ Նա խոստացավ որոշ լուծումներ գտնել։

Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրեց, որ պետությունն ամեն ինչ անում էՙ միջազգային տարբեր ցուցահանդեսներում ակտիվորեն մասնակցելու համար, որով փորձում են նպաստել արտահանմանը։ 2005-ին Հայաստանը կմասնակցի Ճապոնիայում կայանալիք Էքսպոյին։ «Մեր գործարարներն այժմ ավելի ակտիվ շփում ունեն դրսի աշխարհի հետ, ասաց նա։ Առանց դրա մենք ի վիճակի չենք ավելացնել արտահանման ծավալները, իսկ երկրի արտաքին առեւտրի հաշվեկշիռը ցույց է տալիս, որ ամենից մեծ խնդիրն արտահանումն է, յուրաքանչյուր որոշում գնահատում ենքՙ ելնելով նրանիցՙ դա խրախուսո՞ւմ է արտահանմանը, թե՞ ոչ»։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4