Մայիսի 10-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ս. Մանասարյանը ՀՀ պետարարողակարգի պետի տեղակալ Գ. Պետրոսյանի ուղեկցությամբ Փարիզից մեկնել է Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո, որտեղ մարտի 8-ից կալանքի տակ են հայ 6 օդաչուներ, որոնք կասկածվում են աֆրիկյան այս երկրում պետական հեղաշրջման փորձի մեջ։ Դեսպան Մանասարյանը Արմենպրեսին տեղեկացրել է, որ հայ օդաչուների առողջական վիճակը նորմալ է, նրանք ապահովված են սննդով եւ բժշկական խնամքով։
«Մենք նրանց հետ շփվեցինք մոտ 2 ժամ։ Անձնակազմի պետին հնարավորություն տրվեց հեռախոսով կապվել Երեւան։ Անձնակազմի բոլոր անդամներն իրենց պահում են ամուր, հաստատակամ, պնդում իրենց անմեղությունը եւ հայտարարում, որ որեւէ առնչություն չեն ունեցել հակաօրինական որեւէ ձեռնարկի», ասել է Մանասարյանըՙ վստահեցնելով, որ հայ օդաչուները որեւէ մեղք չունեն եւ հակաօրինական որեւէ գործունեության չեն մասնակցել։
Հայաստանի պատվիրակությունը Մալաբոյում հանդիպումներ է ունեցել այդ երկրի վարչապետի, արտգործնախարարի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Արտգործնախարարին են հանձնվել նախագահ Քոչարյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձներնՙ ուղղված Հասարակածային Գվինեայի նախագահինՙ հայ օդաչուներին ազատելու խնդրանքով։ «Մեր օդաչուների գործը պետք է լսվի այդ երկրի դատարանում հունիսի 5-20-ը, որից հետո, մեր խորին համոզմամբ, նրանց անմեղությունը կհաստատվի։ Մինչ այդ մեր պատվիրակությունը կրկին կմեկնի Հասարակածային Գվինեա», ասել է Մանասարյանը։
Նախապես «Ազգը», վկայակոչելով «Նոյյան տապանին», հաղորդել էր, թե իբր անձնակազմի ղեկավարը դատապարտվել է ցմահ, մյուս 5 հայ օդաչուներըՙ 15-ական տարվա բանտարկության։ Մանասարյանն ասել է, որ հայկական մամուլում տպագրվածը կեղծ տեղեկություն է։