«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2004-05-21 | #94, 2004-05-22 | #95, 2004-05-25


ԱԲԽԱԶԻԱՅԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Վրաստանում քաղաքական եւ իրավական հարցերով փորձագետների մի խումբ երկրի Ազգային անվտանգության խորհրդին ներկայացրել է փաստաթուղթՙ աբխազական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ըստ էության, 1992-93 թթ. պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ Թբիլիսին խոսում է ոչ թե փոխզիջումների մասին, այլ ներկայացնում է կոնկրետ փաստաթուղթ։ Վրացական «Civil.ge» ինտերնետային թերթը մանրամասնում է այդ փաստաթուղթը։

Նկատենք, որ փաստաթուղթը շատ նման է ղարաբաղյան կարգավորման «Ընդհանուր պետություն» բանաձեւին, որը 1998 թ. առաջարկել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը. Հայաստանը եւ ԼՂՀ-ն վերապահումներով ընդունելի համարեցին, մինչդեռ Ադրբեջանը մերժեց։ Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինենք, ապա կարող ենք ասելՙ Թբիլիսին Աբխազիային անկախություն է տալիս Վրաստանի սահմաններում։

Ըստ փաստաթղթի, Թբիլիսին եւ Սուխումը ստորագրում են համաձայնագիր Վրաստանի Դաշնային պետության եւ Աբխազիայի Հանրապետության միջեւ։ Պաշտպանական եւ արտաքին քաղաքականությունը, մաքսային համակարգը եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարը դրվելու է Թբիլիսիի իրավասությունների ներքո, մյուս բոլոր հարցերում Սուխումը վարելու է անկախ քաղաքականություն։

Աբխազիան չի ունենա սեփական զինված ուժեր, բայց կարող է ունենալ ոստիկանական ուժեր։ Աբխազիայի բնակիչներն իրավունք կունենան ծառայություն անցնել վրացական այն զորամասերում, որոնք տեղաբաշխված կլինեն Աբխազիայի տարածքում։

Ըստ փաստաթղթի, Աբխազիան լինելու է խորհրդարանական հանրապետություն, բայց եթե աբխազական կողմը պահանջի, ապա կարելի է ներդնել նախագահի ինստիտուտը։ Մյուս կողմից, պարտադիր չէ, որ նախագահն ազգությամբ աբխազ լինի, բայց պարտավոր է իմանալ վրացերեն եւ աբխազերեն։

Աբխազիայի գործադիր մարմնում եւ խորհրդարանում մեծամասնություն պետք է կազմեն աբխազները, Վրաստանի խորհրդարանում տեղեր կհատկացվեն աբխազ պատգամավորների համար, ովքեր իրավունք կունենան վետո դնել այն օրինագծերին, որոնք կվերաբերեն Աբխազիային։ Արժույթի ընդհանուր միավոր է լինելու վրացական լարին։ Աբխազիայում բնակվող մարդիկ, ըստ էության, ունենալու են երկքաղաքացիությունՙ Աբխազիայի եւ Վրաստանի։

Փախստականները հնարավորություն կստանան վերադառնալու նախկին բնակավայրեր փուլ առ փուլ եւ ինքնակամ։ Նրանք, ովքեր չեն եղել Աբխազիայի բնակիչներ, բայց ցանկություն կունենան բնակվել այնտեղ, չեն կարող ստանալ Աբխազիայի մշտական քաղաքացիություն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4