Հայաստանի բանկերի միության շաբաթ օրը տեղի ունեցած համագումարին ներկա էին ինչպես կառավարության ներկայացուցիչները, այնպես էլ Հայաստանում գործող գրեթե բոլոր բանկերի ղեկավարները։ Բանկային համակարգի անցյալ տարվա հաջողություններին ու զարգացման խոչընդոտները ներկայացնող ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա նշեց, որ բոլոր ցուցանիշներովՙ շահույթ, ակտիվներ, վարկային ներդրումներ, հաճախորդների, պլաստիկ քարտերի քանակ եւ այլն, հայկական բանկերն աճ են արձանագրել։ Որպես հիմնական խոչընդոտ նա հիշատակեց բանկային կապիտալի կտրված լինելը տնտեսության իրական հատվածից։ 25 մլրդ դրամ փաստորեն կարող է ներդրվել մեր տնտեսության մեջ։ Այդուհանդերձ, ԿԲ նախագահը կանխատեսեց, որ 2004/2005 թթ. նույնպես համակարգն աճ է արձանագրելու եւ սրվելու է մրցակցությունը։ Վերջին հանգամանքը նա պայմանավորեց երկու խոշոր ներդնողներիՙ բանկային կապիտալը համալրելու հանգամանքով, որոնց ներկայացրած հայտերի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում։
Բանկերի գործունեության եւ բանկերի միության գործունեության մասին գնահատական տալու նպատակով դիմեցինք միության նախագահ Սամվել Ճզմաչյանին։ Նա հիմնականում համամիտ էր ԿԲ նախագահի տված գնահատականներին բանկային համակարգի գործունեության մասին, նշելով սակայն, որ տնտեսության իրական հատվածից կտրված լինելու փաստը վերաբերում է գլխավորապես 4-5 բանկի, իսկ մյուսների վարկային ներդրումները ամբողջովին տեղաբաշխված են։ Ինչ վերաբերում է բանկերի միությանը, ապա ըստ նրա նախագահի, միության գործունեությունը հիմնականում կարելի է դրական գնահատել։
Ա. Մ.