«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2004-05-21 | #94, 2004-05-22 | #95, 2004-05-25


ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության օպերատիվ տեղեկագրից, մայիսի 23-ին ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վրեժ Ս.-ին։ Վերջինս ս. թ. մայիսի 18-ին Աշոտ Ա.-ին խաբեությամբՙ սպանելու նպատակով տարել է Նոր Հաճընում գտնվող Պարգեւաշեն կոչվող տարածքում իրեն պատկանող հողամասի տնակը, որտեղ մուրճով հարվածներ հասցնելով Աշոտ Ա.-ի գլխին, սպանել է վերջինիս, այնուհետեւ դիակը նետել է Շամիրամ-Արզնի ջրատարը։ Աշոտ Ա.-ի դիակը ոտքերը կապած վիճակում հայտնաբերվել է ջրատարում։ Վրեժ Ս.-ն ձերբակալված է, դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը վարում է դատախազությունը։

Հանցագործը զոհվեց իր նռնակի պայթյունիցՙ վիրավորելով 3 ոստիկանների

Մայիսի 21-ին, ժամը 23-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել քաղաքացուհի Զ. Արմենակյանըՙ հայտնելով, որ 1 ժամ առաջ իրենց տուն է մտել դստերՙ Ն. Արմենակյանի ծանոթըՙ 1974 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Արտակ Նիկողոսյանը եւ ատրճանակի ու մարտական նռնակի սպառնալիքի տակ առեւանգել իր աղջկան։ Հաջորդ օրը տուժող Ն. Արմենակյանը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ պատմել, որ Արտակ Նիկողոսյանը նախ իրեն տարել է Երեւանյան լճի ափը, զենքի սպառնալիքով կենակցել հետը, ապա աղջկան հասցրել է իր բարեկամի շենքի բակը, որտեղից Ն. Արմենակյանին հաջողվել է փախչել։ Ահազանգը ստանալուն պես ոստիկանները ձեռնարկել են համապատասխան օպերատիվ միջոցառումներ, մասնավորապես հսկողության տակ են վերցրել Արմենակյանների բնակարանը եւ տարհանել են բնակիչներին։ Ժամը 17-ի սահմաններում մարտական վիճակի բերված նռնակը ձեռքին բնակարան է մտել Արտակ Նիկողոսյանը եւ պայթեցրել նռնակը, ինչի հետեւանքով ինքը մահացել է, իսկ 3 ոստիկանՙ 1969 թ. ծնված ոստիկանության կապիտան Հայկ Ղալումյանը, 1975 թ. ծնված ոստիկանության ավագ լեյտենանտ Նորայր Պետրոսյանը եւ 1967 թ. ծնված ոստիկանության կապիտան Սպարտակ Ոսկանյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը ենթարկվել է բարդ վիրահատության, բժիշկների հավաստմամբ, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների դատախազությունը։

Մարմնական վնասվածք

Մայիսի 21-ին ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցները մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գեւորգ Բ.-ին։ Պարզվել է, որ վերջինս նույն օրը վիճաբանության ժամանակ դանակահարել է Արսեն Մ.-ին։ Դանակն առգրավված է, Գեւորգ Բ.-ն ստորագրությամբ բաց է թողնված, կատարվում է հետաքննություն։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4