«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2004-05-22 | #95, 2004-05-25 | #96, 2004-05-26


«ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ, ԵԹԵ ԼԻՆԻ ԱՆԲՆԱԿԱՆ»

Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը մեկնաբանում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

¬ Պրն Միրզախանյան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը. կոալիցիան օգտագործում է «իրավիճակ» տերմինը, ընդդիմությունըՙ «ճգնաժամ»։

¬ «Ճգնաժամ» արտահայտությունը տեղին է օգտագործել, եթե խոսքը Ազգային ժողովի մասին է։ Չնայած խորհրդարանական մեծամասնությունն ապահովում է նիստերի օրինականությունը, այնուամենայնիվ, ընդդիմության բացակայությունը ոչ լիարժեք պատկեր է ստեղծում։ Եթե որպես ճգնաժամ դիտարկում ենք հակասությունների ծայրաստիճան սրումը հասարակության մեջ, ժողովրդի մեծամասնության կողմից դժգոհության արտահայտումը, ընդ որում, դժգոհության արտահայտման բազմաթիվ եւ բազմապիսի ձեւեր կան, ապա իրավիճակը ճգնաժամային չէ։ Հարցն այն չէ, թե որքա՞ն մարդ է գալիս հանրահավաքներին, ինչքա՞ն էր հնարավոր, որ գար, ինչո՞ւ մեծ թվով ժողովուրդ չի հավաքվում։ Առկա է երկու պարզ ճշմարտություն, ինչը, կարծում եմ, դուր չի գա ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը։ Առաջինՙ հասարակության մեջ լուրջ դժգոհություն կա իշխանություններից, երկրորդՙ մեր հասարակությունը չի տեսնում ընդդիմադիր որեւէ ուժ, որի հետեւից պետք է գնա։ Այս առումով առկա է բարոյահոգեբանական ճգնաժամ։

- Մենք կարող ենք հավանել կամ չհավանել այս կամ այն իշխանությանը։ Դուք համամիտ չե՞ք, որ մեր երկրում, չնայած սոցիալական բեւեռացման աստիճանին, կյանքը բարելավվել է։ Ինչո՞ւ այսօր ավելի քիչ են վստահում իշխանություններին, քան վստահում էին, ասենք, 1995-ին, երբ սոցիալ-տնտեսական վիճակն անհամեմատ ծանր էր։

¬ Նախ եւ առաջ չեմ կարծում, որ 1995-ին իշխանություններին ավելի էին վստահում, քան հիմա։ Եթե վստահեին, չէին լինի 1995-ի, ապա 1996 թ. ընտրակեղծիքները, որոնք, ի դեպ, հիմք դրեցին հետագա ընտրությունների անցկացման ավանդույթին։ Կյանքը լավանում էՙ դա մի քիչ գլոբալ է, բայց որ առկա են դրական տեղաշարժերՙ շատ հստակ է։

Այս տեսակետից որոշակի շերտեր սկսել են գոյատեւել, ավելի մի նեղ շրջանակՙ լավ ապրել, եւ շատ-շատ նեղ շրջանակՙ ուղղակի գերազանց է ապրում։ Դրա հետ մեկտեղ, մի մեծաթիվ զանգված գտնվում է ծանր սոցիալական վիճակում։ Արդյոք հակասություն չե՞ն դրական տեղաշարժը եւ հասարակության դժգոհությունը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաճախ հասարակական դժգոհությունն աճում է այն պայմաններում, երբ սոցիալ-տնտեսական վիճակը չի նպաստում դրան։

Որտե՞ղ է թաքնված դժգոհության բուն արմատը։ Տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ կտան ամենատարբեր պատասխանները։ Բայց ընդհանուր առմամբ դժգոհություն կա անարդարությունից։ Ձեւակերպումները կարող են լինել տարբեր. գյուղացին կդժգոհի գյուղապետից, երկրորդը կնշի ջիպերով ման եկողներին, երրորդըՙ Ազգային ժողովին, չորրորդըՙ հանրապետության նախագահին։ Այս ամենը ի մի բերելով, կարող ենք ասել. մարդիկ փնտրում են արդարություն։ Այսօր Հայաստանում սրված է արդարության որոնման եւ չգտնելու հանգամանքը, ինչը եւ ստեղծում է հասարակական դժգոհություն։ Սա շատ վտանգավոր է։ Չկա որոշակի քաղաքական ուժ, որ այդ դժգոհ զանգվածին տանի իր հետեւից։ Անընդհատ կա հնարավորություն, որ առաջանա ինչ-որ քաղաքական կամ ոչ քաղաքական կազմակերպություն, հնարավոր է օտարի կողմից ստեղծվածը, որը եւ կբարձրացնի հանուն արդարության պայքարի դրոշը։ Եվ եթե այս ամենը արվի պրոֆեսիոնալ ձեւով, ապա այդ ուժին կարող են հետեւել լուրջ զանգվածներ։ Շատ ավելի մեծաթիվ, քան այն մարդկանց քանակն է, որոնք այսօրվա ընդդիմության հետ են։

- Այսինքն, հասարակության մի լուրջ զանգված չի վստահում իշխանություններին, բայց չի հավատում եւ ընդդիմությանը։ Չկա՞ այն ուժը, որը կարող է իր շուրջը համախմբել դժգոհ զանգվածներին։

¬ Այդպիսի բազմաթիվ ուժեր կան, նույնիսկ ավելի շատ, քան պահանջարկն է։ Չկա այն ուժը, որին ուզում է տեսնել դժգոհ ընտրազանգվածը, որը շատ-շատ մեծաթիվ է։ Այդ ընտրազանգվածի մեծաթիվ լինելը չի բացատրվում միայն սոցիալ-տնտեսական վիճակով։

- Ուրեմն, ընդդիմության հանրահավաքներին մասնակցող մարդիկ այնքան էլ հիացած չեն առաջնորդների գաղափարներով։

¬ Ես չէի նսեմացնի ընդդիմությանը։ Անշուշտ, այդ կուսակցությունների մի մասը, մասնավորապես հայտնի միավորումը, ունի իր ընտրազանգվածը, եւ դա են վկայում 2003 թ. ընտրությունների արդյունքները, ինչպիսի որակում էլ տան այդ ընտրություններին։ Կարծում եմ, այսօր չկա հասարակական դոմինանտ որեւէ առաջնորդ կամ կուսակցություն, լինի ընդդիմադիր թե կոալիցիայից։

- Հնարավո՞ր է երրորդ ուժի գալուստը, որի մասին շատ են գրում մամուլում։

¬ Մենք երբեք հարց չենք տալիս, թե ինչու ընդհանրապես երեւան եկավ այդ հարցադրումը։ Սկսում ենք պատասխաններ փնտրել, ման գալով այդ ուժըՙ չպատասխանելով առաջին հարցին։ Ուզում եմ կրկնելՙ առկա է հասարակական դժգոհություն, որը, ըստ իս, պայմանավորվում է արդարության փնտրտուքով, եւ ասպարեզում չկան այն քաղաքական ուժերը, անձինք, որոնք կարտահայտեին այդ հասարակական դժգոհության ծավալի գոնե մի մասը։ Ահա այս պատճառով է խոսակցություն ծավալվում երրորդ ուժի մասին։

- Առաջին նախագահն ասում էր, որ եթե ազգովին խնդրեքՙ կգամ։ Մենք խոսում ենք անարդարության (անշուշտ, առաջին նախագահը արդարությունը չէր մարմնավորում), վստահության պակասի, երրորդ ուժի մասին։ Կարո՞ղ է գալ մի պահ, երբ հայ ժողովուրդը ծնկի գա Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ։

¬ Հայ ժողովուրդը երբեք որեւէ մեկի առաջ ծնկի չի եկել ու չի գա։ Առաջիկայում նախագահի թեկնածուների պակաս չենք ունենա։ Չի ստեղծվի մի իրավիճակ, որ որեւէ մեկին ազգովին խնդրենք։ Կարող է ոմանց հաջողվի ստեղծել տպավորություն, որ ազգովին խնդրում ենք, նույնիսկ ոմանք էլ դրան կհավատան։ Բայց չի նշանակում, թե մենք մի վայրենի ծայրահեղ վիճակում ենք, որ հավատանք, թե մեկ անձից, նախագահից, կախված է ամեն ինչ։ Մենք որեւէ նախագահիՙ ներկա, ապագա, նախկին, չպետք է շփոթենք Աստծո հետ։

- Պարոն Միրզախանյան, ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել ճգնաժամը, թեկուզ դա լինի խորհրդարանական։

¬ Հեռու եմ դեղատոմսեր առաջարկելուց, մանավանդ որ այսօրվա մամուլում շատ են մարգարեները։ Ես այլ բան կցանկանայի ասել. ստեղծված իրավիճակից դուրս գալը երբեք չի կարող լինել արդյունավետ, եթե լինի անբնական։ Տեսեք, ասվում է, թե այս ընդդիմությունը լավը չէ, բայց մյուս կողմից ընդդիմություն պետք է։ Պատկերացնո՞ւմ եք, «դուրս են գրում» այս ընդդիմությանը, իսկ նման միջոցներ իշխանություններն ունեն, եւ սկսում արհեստական ընդդիմություն ստեղծել։ Այս դեպքում քաղաքական դաշտն ավելի կաղտոտվի, կդառնա էլ ավելի հիվանդ։ Ի դեպ, սա նորություն չի կարող դիտվել։ ՀՀՇ-ի երկրորդ համագումարի որոշ ելույթներում քննարկվում էրՙ ահա մենք իշխանություն ենք, մեր միջից էլ ստեղծենք ընդդիմություն։

- Դուք 1990-ից այս կամ այն ձեւով քաղաքականության մեջ եք։ Հիշո՞ւմ եք այսօրվա իրավիճակի նման մեկ այլ իրավիճակ, դժվար ասենք, թե անհեթեթ։

¬ Մենք ծանր վիճակներ ունեցել ենք։ Բայց մեկը մյուսին նման չէ եւ ճիշտ չէ ասել, թե այսօրվանն ամենածանր վիճակն է։ Շատ ծանր էր, երբ Ղարաբաղում «Կոլցո» օպերացիան էր իրականացվում կամ երբ ընդդիմադիր կուսակցությունները 1992 թ. միավորում ստեղծեցին, ինչին, ի դեպ, անմիջապես հետեւեց Վազգեն Մանուկյանի պաշտպանության նախարար նշանակումը։ Ծանր էր հոկտեմբերի 27-ից հետո ընկած ժամանակաշրջանը։ Ես իրավունք չունեմ ասելու, թե այսօր ամենածանր վիճակն է։ Այս ամենի մեջ ինձ անհանգստացնում է հասարակական առկա դժգոհությունը, արդարության փնտրտուքը եւ այդ փնտրտուքը շատերի մեջ ստեղծում է կատարյալ հիասթափություն, տանում բարոյական արժեքների անկման։ Երիտասարդության արժեքային պատկերացումներն են փոխվում։ Խորհրդային ժամանակ կար արժեքային, ճիշտ էՙ կեղծ համակարգ, բայց կար։ Այսօր, տեսեք, մեկը կարող է լինել ավազակ, բայց նշանակեն մարզպետ, կամ հանցագործՙ եւ բազմել նախարարի աթոռին, էլ չենք խոսում ԱԺ պատգա-մավորների մասին։ 20-25 տարեկան երիտասարդի համար բնական է կարիերայի, դրամ վաստակելու ձգտումը։ Այսօրվա երիտասարդը տեսնում է, որ դրան հասնելու համար կրթություն էլ պետք չէ։

- Հիշո՞ւմ եք, Վազգեն Մանուկյանն ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալն արդարացված չէ, քանի որ նա չի կարող կտրուկ բարելավել սոցիալական իրավիճակը, եւ կառաջանա հասարակական դժգոհություն արցախցի մեր հայրենակիցների հանդեպ, հաշվի առնելով, որ նա Ղարաբաղից է։ Դուք չե՞ք տեսնում, որ Քոչարյանից դժգոհությունը, գուցե ենթագիտակցորեն, գուցե նաեւ միտումնավոր, ուղղորդվում է արցախահայության հանդեպ։

¬ Սա տգիտություն է եւ հակազգային դրսեւորում, երբ նման բաժանումներ ենք անում։ Բացասական տրամադրություններըՙ ղարաբաղցիների հանդեպ առկա են։ Դրան նպաստում է ղարաբաղյան ծագում ունեցող մարդկանց որոշակի առկայությունն իշխանության մեջ եւ «փողոտ» տեղերում։ Սակայն մի մոռացեք, երբ Սուրեն Թովմասյանը 50-ականներին կոմկուսի առաջին քարտուղարն էր, այդ շրջանում իշխանական համակարգում շատ էին գորիսեցիները, Անտոն Քոչինյանի ժամանակ լոռեցիներն էին երեւում։ Այս երեւույթը եղել է դեռ խորհրդային ժամանակներում։ Հայաստանը փոքր հանրապետություն է, մարդիկ միմյանց լավ են ճանաչում։ Բացի այդ, ընդդիմության շատ եւ շատ գործիչներ չափազանցում են եւ շահարկում արմատներով ղարաբաղցիների ներկայությունը իշխանական համակարգում։ Ես դա համարում եմ անթույլատրելի եւ ոչ բարոյական։ Այդ նույն մարդիկ չեն խոսում արմատներով ղարաբաղցի մեր պանծալի հայրենակիցների մասինՙ Նելսոն Ստեփանյանից մինչեւ մարշալ Բաղրամյան։

- Կարո՞ղ է գալ մի պահ, որ երեւանցուն, ասենք, «Նաիրի» կինոթատրոնի շրջակայքում ծնված մարդուն այլեւս չհետաքրքրի Ղարաբաղի ապագան։ Օրինակ, ասենՙ մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը, ինչ ուզում ենՙ թող անեն։

¬ Դա գործոն է, որ վաղն ինչ-որ չափով աշխատելու է։ Համոզված եմ, որ այսօր էլ կգտնվեն այդպիսիները։ Բայց որ դա չի լինի գերակշռող հասարակական կարծիքՙ նույնպես համոզված եմ։

- Պարոն Միրզախանյան, ընդդիմության ցույցերը թեեւ արտաքինից ոչ այնքան թվացյալ, մի հետաքրքրական դրսեւորում ունեն։ Կարծես թե այդ հանրահավաքներում ստուգվում, շոշափվում է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման վեկտորը, ինչ-որ տեղ արվում է հասարակական կարծիքի «զոնդաժ»։ Խոսքը որոշ գործիչների ստրկամտության կամ, ասենք, Սաակաշվիլուն ու «վրացական վարդերը» նմանակելու մասին չէ։ Դուք հիշում եք 2003 թ., երբ ռուսամետ որոշ ուժեր բողոքի ցույցեր էին անցկացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանության առաջ։ Այսօր հնչում են ընդգծված հակառուսական կոչեր, մյուս կողմից հանրահավաքներում ավելի հաճախ են մեջբերվում արեւմտյան ինչ-ինչ կազմակերպությունների զեկույցներ, ծածանվում է Եվրոպայի դրոշը։ Չե՞ք տեսնում, որ ընդդիմությանը ուղղություն է տրվում։

¬ Տեսնում եմ։ Եվ ավելին ասեմ։ Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին դա առավել կընդգծվի։ Այսօրվա ընդդիմությանը միավորում է մեկ խնդիրՙ չլինի Քոչարյանը, եւ վերջ։ Դրա հետ մեկտեղ առկա է հայ-ռուսական հարաբերությունների դեմոնստրացիան իշխանությունների կողմից։ Ես պատահական չեմ օգտագործում «դեմոնստրացիա» բառը։ Հայտնի է այսօրվա հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը։ Եվ այդ պատճառով հնչում են հակառուսական հայտարարություններ հավաքների ժամանակ, չնայած այդ նույն մարդիկ մի քանի ամիս առաջ ամենառուսամետն էին եւ հարցերի լուծումը Մոսկվայում էին փնտրում։ Հանրահավաքներում դեռեւս կհնչեն նման հայտարարություններ առանձին նախադասությունների ձեւով։ Արդեն սեմինարներն են շատացել։

Ես կայունության կողմնակից եմ, բայց կողմնակից չեմ, երբ կայունությունը դիտվում է որպես իշխանության պահպանման միջոց։ Խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Կայուն է այն պետությունը, երբ ժողովրդի առնվազն 30-35 տոկոսը վստահում է իշխանությանը։ Հակառակ դեպքում վիճակը կայուն չէ, չնայած կարող են ոստիկանական, ռազմական ուժերը լինել տեղում, որպեսզի անհրաժեշտության դեպքում ում պետք լինիՙ ծեծեն, ձերբակալեն, ԶԼՄ-ները պահեն իրենց ձեռքում։ Դա չէ կայունությունը։ Իրական է այն կայունությունը, երբ ազգաբնակչության որոշակի մասը (հեքիաթ է, երբ իշխանությանը վստահում է բնակչության ճնշող մեծամասնությունը) ունենա վստահություն իշխանության հանդեպ։ Եթե չկա այդ որոշակի վստահությունը, ուրեմն երկիրը կայուն չէ։

Ի դեպ, այդ պարագայում ոչ միայն կարող է փոխվել եւ պետք է փոխվի իշխանությունը, այլ իշխանությունը ինքը պետք է փոխվի, եթե, իհարկե, դրան ընդունակ է։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4