Հունիսի 4-ին երկշաբաթյա «թայմ-աութից» հետո Հայաստանի ընդդիմությունը, ինչպես խոստացել էր նախորդ վճռական հանրահավաքում, կսկսի անժամկետ գործողություններ։ Թե ինչ ընթացք կունենան այդ գործողությունները, դժվար է ասել, բայց փաստ է, որ իշխանությունն ամեն գնով վերցնելու պատրաստ Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը եւ մյուս առաջնորդները հունիսի 4-ի հանրահավաքում նոր ասելիք կունենան։
«Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է տարեկան զեկույցը, որում Հայաստանը դասվել է «կիսակայացած ավտորիտար վարչակարգ» ունեցող երկրների շարքում։ Մասնավորապես «Ֆրիդոմ հաուսը» հիշեցնում է 2003 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում արձանագրված լուրջ խախտումները, շարունակվում են մարդու իրավունքների ոտնահարումները, ԶԼՄ-ների սահմանափակումները, իսկ կոռուպցիան եւ թույլ կառավարումը լուրջ սպառնալիք են Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին։
Հայաստանի ընդդիմության առաջնորդները միջազգային իրավապաշտպան այս կազմակերպության զեկույցը թերեւս դարձնեն հունիսի 4-ի հանրահավաքի առանցքային թեման։ Սակայն, մյուս կողմից, «Ֆրիդոմ հաուսի» զեկույցը դժվար թե լուրջ անհանգստությունների տեղիք տա Հայաստանի իշխանություններին, քանի որ նրանք արդեն միջազգային կազմակերպությունների քննադատություններին հակազդող իմունիտետ են ձեռք բերել։ Զեկույցը դժվար թե լուրջ աշխուժություն մտցնի ընդդիմության շարքերում, քանի որ դա փող չէ, իսկ ընդդիմությանը հենց փող է պետք։
Երեկ հայկական թերթերից մեկում ընդդիմության ներկայացուցիչները բողոքել էին, որ իրենք փող չունեն, դրա համար էլ չեն կարողանում Բաղրամյան պողոտայում հավաքել կրիտիկական զանգված, որի ճնշման տակ էլ, նրանց կարծիքով, հրաժարական կտա Ռոբերտ Քոչարյանը։ Եթե իրոք մեր ընդդիմությունը փող չունի, ապա ինչո՞ւ է աջ ու ձախ փողով հայկական եւ ռուսական լրատվամիջոցներում իշխանությունների ու որոշ կուսակցությունների առաջնորդներին վարկաբեկող հոդվածներ տպագրում։ Մյուս կողմիցՙ իրոք ընդդիմությունը կարող է եւ փող չունենալ։ Մեր նման աղքատ երկրներում սովորաբար ընդդիմությանը փող են տալիս դրսից, բայց այն դեպքում, եթե այդ ընդդիմությունը լուրջ է։ Բնականաբար, ընդդիմությանը փող չի կարող տալ նաեւ «Ֆրիդոմ հաուսը»։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ