«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2004-05-22 | #95, 2004-05-25 | #96, 2004-05-26


ԱԼԻԵՎԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՆՏԱՆԵԼԻ ԾԱՆՐ Է

Նախիջեւանը դատարկվում է

Իլհամ Ալիեւի հայրըՙ նախկին նախագահ Հեյդար Ալիեւը, ծնվել է Նախիջեւանում, հետեւաբարՙ սկսած 60-ական թթ. ինքնավար հանրապետության գործիչներն են իշխում Ադրբեջանի քաղաքական կյանքում, Նախիջեւանից Լոնդոնում գտնվող «Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտին» ուղարկած թղթակցության մեջ գրում է ադրբեջանցի լրագրող Ադալեթ Բարգարարը։

Անցած շաբաթ ինքնավարության 80-ամյակի առթիվ տեղի ունեցած միջոցառումները, որոնց մասնակցում էր նաեւ Իլհամ Ալիեւը, տեղացիների համար ուրախության առիթ չէին։ Նախիջեւանցիներից շատերն անցած տասնամյակը չքավորության, արտագաղթի, ինչպես նաեւ Վասիֆ Թալիբովի բռնատիրական կարգերի պայմաններում գոյատեւելու ժամանակաշրջան են համարում։

«Մենք նրան կոչում ենք մեր Թուրքմենբաշի։ Թալիբովն իսկապես Նախիջեւանի դեսպոտն է։ Նա իրավունք ունի անելու ինչ ուզում է, ձերբակալելՙ ում պատահի», ինքնավարության առաջնորդի մասին պատմում է գործազուրկ Աբբասալին։

Թալիբովն Ալիեւների դինաստիայի բարեկամն է եւ Նախիջեւանում իշխում է արդեն 7 տարի։ «Բոլորս զզված ենք, դաժան է այստեղ ապրելը։ Մենք մտածում էինք, թե երիտասարդ Իլհամ Ալիեւը նախիջեւանցիներին կազատի Թալիբովից», ասում է Աբբասալին։

Կտրված լինելով Ադրբեջանից եւ պարփակված Իրանի, Թուրքիայի եւ Հայաստանի արանքում, Նախիջեւանը տնտեսական ճգնաժամի մեջ է։ Պաշտոնապես նշվում է, թե Նախիջեւանի բնակչությունը 364 հազար է, բայց, անկախ փորձագետների կարծիքով, բնակչության առնվազն 1/3-ն արտագաղթել է, հիմնականումՙ Թուրքիա։

Անցած տարի ձմռանը ջերմաստիճանը մինուս 40-ի հասավ, օրը 3-4 ժամ էլեկտրաէներգիա են տրվում բնակչությանը։ «Շարուրի շրջանում ցրտից մի 5-ամյա աղջնակ մահացավ», ասում է ուսուցիչ Էլմարը։

«Մենք ենք իսկական նախիջեւանցիները եւ ոչ թե նրանք, ովքեր բնակվում են Բաքվում եւ ծախսելու մեծ փողեր ունեն», ասում է 70-ամյա Ալմազը։

Նախիջեւանցիները զարմացած են, թե ինչո՞ւ կառուցվեց 2,2 մլն դոլար արժողությամբ դպրոցը։ 1200 աշակերտների համար եւ տեխնիկայի վերջին նորություններով կահավորված դպրոցը Հեյդար Ալիեւի անունով է։ Նորակառույց շենքի հարեւանությամբ 15-ամյա Ալլահվերդին նախընտրում է մրգեր վաճառել, քան հաճախել դպրոց։ «Դպրոց գնալու ժամանակ չկա», ասում է նա։

Աշխարհը Նախիջեւանից լուրեր չի ստանում։ Այստեղ կյանքը ծանր է, մարդիկ Թուրքիա են փախչում թուրք-նախիջեւանյան մի քանի կիլոմետրանոց սահմանի կամրջով։ Մնացողները նախընտրում են դիտել թուրքական հեռուստատեսությունը, քան տեղականը, որ հեռարձակվում է օրվա մեջ 9 ժամ։

«Դա (Նախիջեւանի հեռուստաընկերությունը) քարոզչության միջոց է Թալիբովի եւ Ալիեւների համար», ասում է տեղացի մի լրագրող, եւ չի ցանկանում, որ բացահայտվի իր անունը։ Ադրբեջանի այս վտանգավոր մասում անկախ խոսքերը բարձրաձայն չեն լսվում կամ հնչում են այլ անուններով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4