Մայիսի 8-ին Քյոլնի Ալթըֆոյըվախը կենտրոնի սրահում մեկնարկեց արդեն երկրորդ տարին անցկացվող հայկական մշակույթի շաբաթները անվանյալ շարքը, որի բացման օրը բազմամարդ հանդիսասրահն իր ծափերը նվիրեց Մարսելից ժամանած «Գեղամ» նվագախմբին։ Հաջորդ օրըՙ մայիսի 9-ին Կառլսռուհեի «Բադիշես շտաատսթեաթրում» Քրիստոֆեր Մաասի բեմադրած Ռիչարդ Կալինովսկու «Գազանը լուսնի վրա» պիեսն էր։ Մայիսի 8-16-ն անցկացվող մշակութային շաբաթի (որի վերջին ձեռնարկը փարիզաբնակ Անահիտ Թոփչյանի «Մենախոսություն գժանոցից» թատերախաղն էրՙ հեղինակի մատուցմամբ) գլխավոր կազմակերպիչը առաջնորդարանի մշակույթի հանձնախումբն էր։
Մայիսի 8-ին, մինչ մշակութային միջոցառումների բացման հանդիսավոր արարողությունը, մասնավոր հանդիսությամբ Հայ եկեղեցու պատվո բարձր «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանով պարգեւատրվեցին գերմանահայ համայնքային նվիրյալներՙ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ դոկ. Շավարշ Հովասափյանը, նույն կազմակերպության փոխատենապետ դոկ. Րաֆֆի Պետիկյանը եւ Գերմանահայ բժիշկների միության նախագահ դոկ. Ռաֆայել Պապանյանը։ Գերմանահայ գործիչներին պարգեւները հանձնվեցին Հայաստանյայց առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանի ձեռամբ, նրանց հանձնվեցին նաեւ Ամենայն հայոց հայրապետի սրբատառ կոնդակները, ուր մասնավորապես գնահատանքի խոսքեր էին ուղղված պարգեւատրվածներինՙ հասարակական, ազգային ակտիվ աշխատանքի, եկեղեցանվեր ծառայության, Հայաստանի եւ Արցախի բժշկական հաստատությունների տեխնիկական վերազինման գործում ունեցած ջանադիր ներդրման համար։
Երախտագիտական խոսքով հանդես եկած Շավարշ Հովասափյանն իր ձայնն ուղղեց նոր սերնդինՙ կմաղթեմ, որ չմոռանաք Լուսավորչի կանթեղըՙ Հայոց լեզուն եւ Հայ դատը։ Րաֆֆի Պետիկյանը փորձեց ուրվագծել այն ազդակները, որ իրեն պարտադրել են «ակտիվ ըլլալու». Լիբանանի պատմության ամենասեւ թվականըՙ 1958-ը, երբ քաղաքացիական պատերազմին զուգընթաց հայերն իրարից հաշիվ էին մաքրում, Դեր Զորով անցած իր մեծ մայրը, ուսուցչության նվիրյալ ծնողները, Հայաստանում ուսումնառության 3 տարիները, մորաքույրըՙ Շաքե Վարսյանը, ով սովորեցրեց ճանաչել սփյուռքըՙ կուսակցություններից դուրս։ Պետիկյանը խոստովանեց, թե մրցանակն իր համար անակնկալ էր, քանի որ միշտ չէ, որ առաջնորդարանի հետ հարթ հարաբերություններ է ունեցել։ Երրորդ պարգեւատրվածըՙ 1990-ից Գերմանիայում գործող Հայ բժիշկների միության նախագահ Ռաֆայել Պապանյանը, ճամփորդության պատճառով ներկա չէր հանդիսությանը։
Ընդմիջումից հետո բեմ ելավ Մարսելից ժամանած, 1980-ականներին Գեղամ Բաղդասարյանի հիմնադրած «Գեղամ» նվագախումբը։ Հայ ավանդական նվագարանների տիրապետող 10 երաժիշտ, որոնց թվում խմբի ղեկավար Սարգիս Էրդեքյան, երկու երգիչՙ Կարո Տերտերյան եւ Նուբար Տեր-Մինասյան, երգացանկումՙ Սայաթ-Նովա, Կոմիտաս, Խաչատուր Ավետիսյան, հայ գուսանական, աշուղական, ժողովրդական երգեր։ Կեսգիշերի սահմանը հատող երեկոյի ավարտին իր ոգեւորությունը օրվա առիթով արտահայտեց Գերմանահայոց թեմի առաջնորդը, ասելով. «Մարսելի մեջ ալ գանձեր կան»։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն