«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2004-05-22 | #95, 2004-05-25 | #96, 2004-05-26


«ԱՇԽԱՐՀԸ»ՙ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Ամեն երեքշաբթի նորընծա «Աշխարհ» թերթը ընթերցողին խոստանում է պատմել աշխարհի մասին։ Բազմաձեւ ու բազմաբովանդակ աշխարհի այս պատմությունները մերօրյա ներկայով չեն սահմանափակվում, անդրադարձ է կատարված մարդկության ամենահեռավոր անցյալին։ Շաբաթաթերթիՙ ավանդաբար ընդունված թեմատիկ բաժանումներով (գունավոր տպագրությամբ) էջերն ընթերցողին ներկայացնում են քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզական կյանքի զանազան տեղեկություններ։

Շաբաթաթերթի անդրանիկ համարի առաջին էջերը տրամադրված են Հայոց ցեղասպանության 89-րդ տարելիցին, ներկայացված են այս տարվա ապրիլյան ոգեկոչման արարողությունների մասին պատմող հատվածներ (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ռումինիա եւ այլն), որոնց հետեւում են էջեր Հայոց ցեղասպանության պատմությունիցՙ աշխարհի տարբեր երկրներիՙ Մեծ եղեռնը դատապարտելու փաստերով (հղումըՙ ՄԱԿ-ի ցեղասպանության եւ ոճրագործության կանխման եւ դրա պատժի մասինՙ կոնվենցիային)։

«Տնտեսություն, աշխատանք, փող, բնապահպանություն» խորագիրը ընթերցանության է տրամադրում մի շարք հետաքրքրական պատմություններՙ 21-րդ դարի մագնատ Քըրք Քըրքորյանի եւ նյութական աշխարհի այլեւայլ իրողությունների մասին։ Հետաքրքրական են «Չորսը աշխարհի թատերաբեմում» հրապարակումներըՙ Հիտլերի, Ռուզվելտի, Ստալինի եւ Չերչիլի, վերջինըՙ հռչակավոր հայ լուսանկարիչ Հովսեփ Քարշիՙ Չերչիլի «Մռնչացող առյուծը» լուսանկարի պատմության մասին։

Թերթի երկու համարների մշակութային էջերը խոստումնալից սկիզբ ունենՙ միտված ներկայացնելու համաշխարհային մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտում անցյալի եւ ներկայի նշանակալի իրողություններ, ուշագրավ փաստեր ու հայտնի ստեղծագործություններ։ Առաջին երկու համարներում անդրադարձներ են կատարված Մել Գիբսոնի «Հիսուսի չարչարանքները» եւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերին, տեղ են գտել 20-րդ դարի մեծագույն երեւույթներ Արշիլ Գորկու 100-ամյակի առիթով (նորաստեղծ թանգարանի հետ կապված) Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» նկարի, Դմիտրի Շոստակովիչի 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին գրված 7-րդ սիմֆոնիայի մասին հրապարակումները։ Նշանավոր «Գեռնիկան» եւս ետպատերազմական իրողության հետեւանք է։ Երբ 1937 թ. ֆաշիստական «Կոնդոր» էսկադրիլիան կործանեց բասկերի մայրաքաղաք Գեռնիկան, Պիկասոն իր ցասումը արտահայտեց այս հռչակավոր նկարով։

«Ժողովուրդներ, բարքեր, սովորույթ, կենցաղ» ընդհանուր վերտառությամբՙ աշխարհի եւ մարդու ծագումնաբանական, գոյաբանական, կրոնական, ազգագրության թեմաներով հետաքրքրվողներն իրենց մտային ճամփորդությունները կարող են սկսելՙ հետեւելով հնագույն քաղաքակրթության հետքերին. աշխարհի ծագումըՙ Հին Եգիպտոս, հնագույն կրոններՙ (վեդայական ժամանակաշրջան, մ. թ. ա. XV-VI դդ) Հնդկաստան։

Ավանդաբար ընդունված մարզական էջերին հետեւում են հումորային, երգիծական մանրապատում-անեկդոտներով էջերը։

«Աշխարհ» շաբաթաթերթըՙ գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանի ղեկավարությամբ, քաղաքական, հաճախ կենցաղայնացված մերօրյա լրահոսքի հուսահատեցնող ֆոնին իր առաջարկվող նյութերի սկզբունքային տարբերություններով, հուսադրում էՙ խնայելով ընթերցողի լարված նյարդերըՙ նրան հեռացնելով առօրեական տաղտուկից։ Այս առումով, իհարկե, թերթի շաբաթօրյա թողարկումն ավելի նպատակահարմար կլիներ կիրակնօրյա ընթերցանության համար։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4