«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2004-05-22 | #95, 2004-05-25 | #96, 2004-05-26


«ՕՐՐԱՆԸ» ՆՈՐ ՕՐՐԱՆ ՈՒՆԻ

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երեւանում հիմնադրվեց 2000 թվականին։ Երկու փոքր սենյակներում կազմակերպության կենտրոնը սկզբնական շրջանում աշխատել է 16 երեխաների հետՙ օգնության ձեռք մեկնելով տնտեսական ճգնաժամի պատճառով փողոցում հայտնվածներին, մուրացկաններին։ Այժմ «Օրրանի» առաքելություններն ընդլայնվել են, սկսվել է նաեւ միայնակ ու կարիքավոր ծերերին աջակցելը։ 55 երեխաների, 30 միայնակ ծերերի համար լուծված են սննդի հարցերը։ Դպրոցական տարիքի երեխաները մանկավարժների եւ կամավորների օգնությամբ յուրացնում են տնային հանձնարարությունները եւ յուրաքանչյուրին ցուցաբերում անհատական մոտեցում։ Երեխաները տարին երկու անգամ Երեւանի «Դիագնոստիկա» կենտրոնում հետազոտվում են։ «Օրրանի» ընտանիքի անդամներն օրվա 12 ժամն անցկացնում են կենտրոնում, որից հետո վերադառնում են իրենց օջախները, հաջորդ օրը կրկին հանդիպելու ակնկալիքով։ Այն բոլոր ծառայությունները եւ միջոցառումներըՙ լինեն սոցիալական թե մշակութային, ծառայում են միայն մեկ նպատակիՙ օգնել, աջակցել իրենց տեղն ու հոգածությունը չգտած մարդկանց։

Երեկ տոնական մթնոլորտ էր Եկմալյան 6 հասցեում, որտեղ վեր է խոյացել հոյակերտ չորս հարկանի մի շինությունՙ «Օրրանի» ցերեկային բնակիչների նորակառույց կենտրոնը։ Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց ամենամեծինՙ Ցողիկ տատիկին եւ ամենափոքրինՙ Մայրամիկին։ Բացման առիթով ներկաներին, որոնց թվում էին պաշտոնատար շատ այրեր, հյուրեր, դեսպաններ եւ այլք, ողջունեցին Սյուզան Քլայնը, բարերար Գրիգոր Գրիգորյանը, նշելով, որ «Օրրանի» նորակառույց շենքի համար երախտապարտ են Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյաններին, Գրիգորյան, Գաֆեջյան եւ Քերոլայն Նուբարի ընտանիքներին, որոնց անձնուրաց աշխատանքի ու նվիրատվությունների շնորհիվ այսօր Երեւանի կենտրոնում գործելու է մի բարեգործական կենտրոն։ «Օրրանի» պլանների մասին զրուցեցի Արմինե Հովհաննիսյանի հետ, եւ նա տեղեկացրեց, որ կրթական ու մշակութային ծրագրերի զարգացման ուղղությամբ մշակվել են հստակ մեթոդներ, որոնց էլ սիրով տիրապետում եւ սովորում են կենտրոնի սաները։

Կենտրոնի պատերը զարդարված էին երեխաների ձեռքի աշխատանքներով, նկարներով, գոբելեններով ու կավե զարդաքանդակներով։ Կենտրոնում գործում է գրադարան, ատամնաբուժարան, մարզադահլիճ, բակ եւ այն ամենը, ինչն անհրաժեշտ է երեխաներին երջանիկ լինելու համար։

Կենտրոնից հյուրերը հեռացան իրենց հետ տանելով սաների ձեռքով պատրաստված հուշանվերներ։

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4